Հանրահայտ փոփ-աստղ Շակիրան, որն ավելի քան 10 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է, սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գագաթաժողովի ժամանակ կկատարի Ջոն Լենոնի Imagine հիթը: Երգը նա կնվիրի Սիրիայի փախստականներին ու պատերազմի պատճառով տուժած երեխաներին:
Երգչուհին ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դահլիճում՝ Հռոմի պապի՝ բոլոր երկրների ներկայացուցիչներին ուղղված ելույթից հետո:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Շակիրան ասել է. «Ես ցանկանում եմ երգել Imagine-ը: Գիտեմ, որ Հռոմի պապը միշտ սատար է կանգնում աղքատներին, կարոտյալներին ու թույլերին, դա նրա տված խոստումներից մեկն է: Մենք գիտենք, որ բռնությունը գալիս է անհավասարությունից, իսկ անհավասարությունը՝ հնարավորությունների բացակայությունից»:
Շակիրան հայտնել է, որ իրեն անչափ հուզել է սիրիացի 3-ամյա փախստական երեխայի՝ Ալան Քուրդի պատմությունը, որի մարմինը անշունչ հայտնվել էր Թուրքիայի ափերին: Երգչուհին նշել է, որ ամեն անգամ հիշելով այդ երեխայի դին ու ընտանիքի դժբախտ անդամներին, որոնք փորձում էին Եվրոպայով Կանադա տեղափոխվել, հիշում է Ջոն Լենոնի հանրահայտ երգի բառերը. «Պատկերացրու, որ մարդիկ ապրում են ընդհանուր աշխարհում,/ Ինչու մենք չենք կարող բոլորս միասին խաղաղ ապրել,/ ինչն է մեզ խանգարում դա անել»:
Կարդացեք նաև
Շակիրայի խոսքով. «Փախստականներն իրավունք ունեն տուն ունենալու, ես գիտեմ, որ կան ռասիզմի դրսեւորումներ, ամեն երկիր նախ եւ առաջ մտահոգ է իր տնտեսությամբ: Այնուամենայնիվ, հույս եմ փայփայում, որ մի օր կապրենք այնպիսի աշխարհում, որտեղ մարդկային կարիքներն ու իրավունքներն ավելի բարձր կդասվեն, քան երկրների դրոշներն ու սահմանները, թվերը, էգոիզմն ու ռասայական խտրականությունը»:
«Առավոտ» օրաթերթ
24.09..2015