ԱՄՆ ֆեդերալ դատարանի վճռով Warner/Chappell ընկերությունը, որ երկար տարիներ տնօրինում էր Happy Birthday to you երգի իրավունքները, այլեւս չի ունենա նման իրավասություն: Դատարանը երգը հայտարարել է համամարդկային արժեք:
Warner/Chappell ընկերությունը տարեկան 2 մլն դոլարից ավելի գումար էր ստանում հանրահայտ երգի՝ ֆիլմում, գովազդում կամ ցանկացած այլ նպատակով օգտագործվելու դեպքում: Happy Birthday to you երգի հեղինակային իրավունքները պաշտպանվում են դեռեւս 1935 թվականից, Warner/Chappell-ին դրանք փոխանցվել են 1988-ից: Դատավոր Ջորջ Քինգը հայտարարել է, որ լիցենզիան վերաբերում է միայն երաժշտությանը եւ ոչ թե երգին ամբողջությամբ: Իմիջիայլոց, Happy Birthday to you երգը ձայնագրվել է 1893-ին՝ Կենտուկի նահանգում ապրող Միլդրեդ եւ Փաթի Հիլ քույրերի կողմից: Ընդ որում՝ երգի սկզբնական տարբերակն ուներ Good Morning To All անվանումը:
Ինչ վերաբերում է Warner/Chappell ընկերությանը, նրա դեմ հայց էին ներկայացրել կինովավերագրողներ Ռոբերտ Սիգալն ու Ռուպա Մարիան, որոնք 2013-ին աշխատում էին այդ երգի մասին ֆիլմի վրա: Ընկերությունը ռեժիսորներից պահանջել էր երգն օգտագործելու համար վճարել 1500 դոլար, ֆիլմարտադրողներն էլ փորձել էին ապացուցել, որ երգի օգտագործումը բաց է, եւ հեղինակային իրավունքի հարց չկա: Դատական գործընթացի արդյունքում էլ համապատասխան վճիռ ներկայացվեց, չնայած Warner/Chappell-ն էլ պնդում էր, որ Summy Co ընկերությունից 25 մլն դոլարով է գնել հեղինակային իրավունքը: Բայց քանի որ Summy Co-ն այլեւս չի գործում, հնարավոր չէ ինչ-որ բան ապացուցել:
«Առավոտ» օրաթերթ
24.09..2015