Շատ բաներում մենք ենթարկվում ենք սովորության ուժին: Նույնիսկ սնվելու ռեժիմը զգալիորեն սովորության հարց է: Դարեր շարունակ մեղուները ապշեցնում են մեզ նեկտարի եւ ծաղկափոշու բաղադրության մեջ մտնող հազվագյուտ արժեքավոր նյութերի իրենց «իմաստուն» ընտրությամբ` բյուրավոր թռիչքների ժամանակ։
Մեղրի օգտակարության մասին գիտեին դեռ այն ժամանակ, երբ հողագնդի վրա ապրում էին նախնադարյան մարդիկ։ Մի անգամ պատահաբար գտնելով մեղուների բույն եւ համտեսելով ոսկեգույն նեկտարը, նրանք սկսեցին սիստեմատիկ հարձակումներ գործել մեղուների բների վրա եւ հավաքել մեղրը։
Հարյուրամյակների ընթացքում ծաղիկների նեկտարից մեղուների մշակած մեղրը մարդուն մատչելի միակ քաղցր կերակուրն է եղել: Մինչեւ հիմա մեղրը, ինչպես ոչ մի այլ սննդամթերք, համարվում է արժեքավոր հատկություններով օժտված միակ քաղցր կերակուրը։
Մեղրը կարող է լրացնել առօրյա սնուցման մեջ տեղ գտած ցանկացած բացը։ Մեղրի սննդային արժեքներին քաջատեղյակ մարդիկ ավելի են հակված նրա կանոնավոր օգտագործմանը, քան նրանք, ովքեր մեղրի մասին ունեն բավական աղոտ պատկերացում։ Ծանոթ լինելով մեղրի բոլոր հատկություններին, բժիշկը սովորաբար առաջարկում է այն հիվանդներին, որոնց անհրաժեշտ է ինչ֊որ ձեւով փոխել սնվելու ռեժիմը։
Փորձով ապացուցվել են մեղրի մանրէասպան հատկությունները, այսինքն` մեղրը իր մեջ պարունակող կալիումի պատճառով հանդիսանում է այնպիսի միջավայր, որտեղ մանրէներ չեն կարող գոյություն ունենալ։ Կալիումը մանրէներից խլում է խոնավությունը, առանց որի նրանց գոյությունը անհնարին է։
Կարդացեք նաև
Կոլորադոյի նահանգի գյուղատնտեսական քոլեջում մանրէաբան դոկտոր Սեքեթը հետազոտել է մեղրի մանրէասպան հատկությունները (սկզբում ինքն էլ չի հավատում, որ մեղրը կարող է քայքայել ախտածին մանրէները)։ Իր լաբորատորիայում նա մաքուր մեղրի մեջ տեղավորել է տարբեր ախտածին մանրէներ։ Արդյունքները ապշեցուցիչ էին։ Մի քանի ժամում կամ, ծայրահեղ դեպքում, մի քանի օր հետո բոլոր ախտածին միկրոօրգանիզմները ոչնչացել են։ Որովայնային տիֆի հարուցիչները մահանում էին 48 ժամ հետո։ Նույնանման, սակայն A եւ B անվանումը կրող այլ մանրէներ ոչնչացել են 24 ժամ հետո։ Աղիներում եւ ջրում հայտնաբերված շարժուն մանրէները, որ նման են եղել տիֆակիր մանրէներին, ոչնչացել են 5 ժամ հետո։ Խրոնիկական բրոնխաթոքաբորբ հարուցող մանրէները մահացել են չորրորդ օրը, ոչնչացել են նաեւ այնպիսի յուրահատուկ մանրէներ, ինչպիսիք են պերիտոնիտի, պլեւրիտի եւ թարախակույտի հարուցիչները:
Մեղրը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում անհրաժեշտ հանքային նյութերով մարդու պահանջների բավարարման տեսանկյունից։ Սա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ մեզանից շատերը գիտեն, որ սննդի միջին օրաբաժինը որոշակիորեն տարբերվում է օրգանիզմին անհրաժեշտ հանքային նյութերի պակասով: Մենք վարժվել ենք մեծ թվով այնպիսի կերակուրների, որոնք արտադրության պրոցեսում մասամբ կորցնում են իրենց բնական հանքային բաղադրությունը, եւ այդպիսով նշանակալիորեն զրկվում իրենց արժեքից։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է իմանալ, թե հատկապես ո՞ր հանքային նյութերն են պակասում մեր կողմից օգտագործվող սննդի մեջ եւ ի՞նչ ճանապարհով կարող է այդ պակասը լրացվել։
Մեղրի բաղադրության մեջ մտնում են երկաթ, պղինձ, մանգան, սիլիցիումի երկօքսիդ, քլոր, կալցիում, կալիում, նատրիում, ֆոսֆոր, ալյումին, մագնեզիում։ Վերջին հաշվով այս բոլոր տարրերն անցնում են մեղրի մեջ հողից, որտեղ աճում են բույսերը, իսկ բույսերից էլ անցնում են նեկտարին, որը եւ մեղրի արտադրման համար մեղուների կողմից օգտագործվող հիմնական նյութն է։ Ակնհայտ է, որ մեղրի բաղադրությունը կարող է աննշան տարբերություններ ունենալ` կախված հողի հանքային պաշարների մակարդակից։
Սնուցիչ արժեքի տեսակետից երկաթը ունի շատ մեծ նշանակություն՝ կապված արյան մեջ պարունակվող հեմոգլոբինի հետ։ Հեմոգլոբինը կազմավորվում է սննդի հետ ներմուծվող սնուցիչ նյութերից։ Այն փոխանցում է մարմնի հյուսվածքներին անհրաժեշտ թթվածին։ Միայն շնորհիվ իր մեջ պարունակվող երկաթի, հեմոգլոբինը տիրապետում է թթվածինը իր մեջ պահելու հատկությանը։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
24.09..2015