Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ

Սեպտեմբեր 25,2015 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Գիրք տասնութերորդ

Գլուխ առաջին

ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ

Եթե ընդամենը տասը տարի առաջ ինձ ասեին, որ երբեւէ տասնութհատորանոց վեպ եմ գրելու, ես էդ ասողին առնվազն խելագար կհամարեի:

Էդպիսի խելագար ինձ չի հանդիպել, բայց տասնութհատորանոցն արդեն կա՝ փաստ է. ավելի ճիշտ՝ տասնյոթը կան, եւ տասնութերորդն ահա սկսվում է, ու ես արդեն գիտեմ, որ դժվարը սկիզբն է. եթե սկսվեց, կգնա՝ անկախ էն հանգամանքից, թե՝ որտեղից եւ ումից եմ սկսում:

Բոլոր դեպքերում՝ ես հակված եմ վերսկսել անցյալ դարի ութսունականների սկզբների «Ծիծեռնակից»՝ ոչ միայն էն պատճառով, որ արդեն բավական ժամանակ է խոստանում եմ էդ անել, այլեւ էն պատճառով, որ հիմա՝ էս պահին էդ անելու համար որեւէ  ճիգ գործադրելու կարիք չունեմ, որովհետեւ ես ժամանակից ժամանակ թռչկոտելով՝ նախորդ հատորիս վերջում միանգամայն պատահաբար ու բարեբախտաբար հասա ութսունականների սկզբների «Ծիծեռնակ» եւ նույնիսկ հասցրի անդրադառնալ կրճատումից  մազապուրծ պարոն Շահամիրյանին, ու էդ արեցի անկախ իմ կամքից՝ միանգամայն ենթագիտակցաբար, եւ չնայած  երբեմն-երբեմն  հումորով անդրադարձա Շահամիրյանի հետ կապված իրավիճակներին, էդ հումորով անդրադարձներիս պատճառն էն էր, որ ես էն ժամանակվա իմ ջահել հայացքով էի շարունակում նայել Շահամիրյանի աշխատանքային խնդրի հետ կապված իրավիճակներին, բայց Շահամիրյանի էն ժամանակվա աշխատանքային խնդրին էն ժամանակվա իմ ջահել հայացքով ու մի քիչ էլ  հումորով վերաբերվելով՝ ես հընթացս զգացի ու հասկացա, որ Շահամիրյանի էն ժամանակվա վիճակը հար եւ նման է իմ ու շատերի էսօրվա վիճակներին, երբ տարիքներս առնելով՝ ամեն րոպե ու ամեն վայրկյան աշխատանքներս կորցնելու վտանգի առաջ ենք, եւ ես ու մանավանդ Ռոլանդն էն թվերին Շահամիրյանին հնարավորինս օգնելով՝ իր վիճակն ու հոգեվիճակն առանձնապես չէինք պատկերացնում, ու էդ էր պատճառը, որ էն ժամանակ Շահամիրյանին արած մեր լավությունն առանձնապես չէինք հասկանում ու չէինք ըմբռնում, եւ չնայած ինքը՝ Շահամիրյանը լավ էլ հասկանում ու գնահատում էր իմ ու մանավանդ Ռոլանդի արած լավությունը, ինքն էլ Ժենյա Ղուկասովնայի արած լավությունը չէր հասկանում ու չէր  գնահատում, մինչդեռ հմայիչ, բարի ու գեղեցիկ Ժենյա Ղուկասովնա Մադոյանը Շահամիրյանի համար արեց ավելին, քան որեւէ մեկը որեւէ մեկի համար կաներ, եւ Շահամիրյանը Ժենյա Ղուկասովնայի բարությունն ու լավությունը չընկալեց ու չհասկացավ, որովհետեւ չարությունից ու նեղսրտությունից կուրացած էր, եւ Շահամիրյանի չարությունն ու նեղսրտությունը հիսունականների վերջերին սկսվել ու ոչ մի կերպ չէին վերանում, որովհետեւ Շահամիրյանը հիսունականների վերջերին Եգիպտոսից  ընտանյոք Հայրենիք ներգաղթելով՝ Սովետական Հայաստանում  ոչ Հայրենիք էր գտել եւ ոչ էլ՝ հայրենակիցներ, եւ, ինչպես էդ թվերի հայրենադարձներից շատերը, Շահամիրյանը եւս իր հայրենադարձության համար փոշմանել էր, եւ, ինչպես էդ թվերի հայրենադարձներից շատերին, իրեն նույնպես թվում էր թե՝ Սովետական Հայաստանի ժողովուրդն իրենց օտար ու օտարական է համարում, եւ չնայած Շահամիրյանն առանձին-առանձին բոլորիս հետ լավ էր, հայրենադարձներից շատերի պես Հայրենիքում իրեն օտար ու  օտարական էր զգում, եւ որ ասում եմ՝ բոլորիս հետ լավ էր, «Ծիծեռնակի» աշխատողներիս նկատի ունեմ, որովհետեւ այլ շրջապատում ու այլոց հետ փոխհարաբերություններում Շահամիրյանին չեմ տեսել, իսկ ինչ վերաբերում է «Ծիծեռնակի» աշխատողներիս, մեզանից Շահամիրյանը լավից բացի այլ բան չէր տեսել, եւ հատկապես ու առանձնապես  «Ծիծեռնակի» գլխավոր խմբագրից՝ բարի, գեղեցիկ ու առաքինի Ժենյա Ղուկասի Մադոյանից էր լավը տեսել, որովհետեւ Ժենյա Ղուկասովնան Շահամիրյանին «Ծիծեռնակում» աշխատանքի ընդունելով եւ հինգ ու վեց տարի նրան մեծահոգաբար հանդուրժելով՝ հնարավորություն տվեց, որ Շահամիրյանը համարյա ոչինչ չանելով՝ աշխատավարձ ստանա, եւ մինչ Սփյուռքի կոմիտեի պատասխանատուներն ու բոլորս գլխի կընկնեինք, որ Շահամիրյանն ընդամենը «Ծիծեռնակի» տեքստերի ե-երն է է դարձնում եւ ո-երը՝ օ, ինչպես նաեւ մեր մանկագիրների ազգանունների յան-երը՝ եան, Շահամիրյանը երեք ու չորս տարի անձամբ Ժենյա Ղուկասովնայից աշխատավարձ ստացավ, եւ երբ Շահամիրյանի էդ աշխատանքային ու ստեղծագործական նրբությունները գլխի ընկանք, եւ երբ Սփյուռքի կոմիտեում ու Կենտկոմում էլ էդ նրբությունները գլխի ընկան, բարի, գեղեցիկ ու առաքինի Ժենյա Ղուկասովնան ստիպված էր միջոցներ ձեռնարկել, բայցեւ հընթացս հասկացավ, որ Շահամիրյանին աշխատանքից ազատելով՝ չափազանց ծանր հարված է  հասցնում վերջինիս, ու էդ հասկանալով՝ Ժենյա Ղուկասովնան որոշեց էդ բանը չանել, բայց էդ բանը չանելու համար բարի ու գեղեցիկ Ժենյա Ղուկասովնան ստիպված էր օգտագործել իր ու Մշակույթի նախարար ամուսնու բոլոր կապերն ու հնարավորությունները, որովհետեւ Շահամիրյանին աշխատանքից չազատելու համար նախ անհրաժեշտ էր վերականգնել Շահամիրյանի՝ արդեն վերեւներից կրճատված էդ, ուրեմն, հաստիքը:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930