Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր եւ վաղը տեղի կունենա ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան: «Վերջին մի քանի տարում որոշ հանգամանքների պատճառով օպերայի բեմադրությունը չէր իրականացվում: Պրեմիերան դասական տեսակից տարբերվում է նոր լուծումներով»,-չբացելով փակագծերը՝ լրագրողներին ասաց թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
Ներկայացման բեմադրիչ Արմեն Մելիքսեթյանը նշեց, որ պրեմիերայի տարբերությունը կնկատի դասական օպերային արդեն իսկ ծանոթ հանդիսատեսը. «Օպերան ընթանալու է մեկ ընդմիջումով, այդպես ավելի դինամիկ է: Մենք ոչինչ չենք կրճատել՝ Բիզեի երաժշտությունն ամբողջությամբ պահպանել ենք»,-հավելեց Մելիքսեթյանը:
Նշենք, որ «Կարմեն»-ը 19-րդ դարի օպերային արվեստի գլուխգործոցներից է՝ հագեցած դրամատիզմով, արտահայտիչ մեղեդայնությամբ եւ հստակ գործիքավորմամբ: Օպերան ընդգրկված է հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկում: Հայաստանում առաջին անգամ այս օպերան բեմադրվել է 1924թ.՝ Լենինականի օպերա-օպերետային թատրոնում, իսկ 1934թ.-ին՝ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև