Լրահոս
Օրվա լրահոսը

 Վերնիսաժի գործով դատախազը ներկայացրեց մեղադրական ճառը

Սեպտեմբեր 24,2015 19:14

Անցած տարի Վերնիսաժի մոտակայքում հնչած կրակոցների գործով այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում գործով մեղադրող Հարություն Սարգսյանը ներկայացրեց մեղադրական ճառը:

Նա միջնորդեց Գոռ Առաքելյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքով և դատապարտել 9 տարվա ազատազրկման, Վալերիկ Հովհաննիսյանին՝ 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ Ներսես Մելքոնյանին՝ 2 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանը նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի, փեսան է:

Դատախազը պնդեց, որ երեք ամբաստանյալների մեղադրանքներն էլ  հիմնավոր են, կան հստակ ապացույցներ. «Տուժողների, վկաների ցուցմունքները, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, համալիր փորձաքննությունների եզրակացությունները, դեպքի վայրի զննության մասին արձանագրությունն ու Մակարով տեսակի ատրճանակը՝ փամփուշտներով, գնդակներով»:

Որպես Գոռ Առաքելյանի անձը բնութագրող դրական հանգամանք՝ դատախազը նշեց նրա դատապարտված չլինելը, իսկ որպես պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք՝ նրա՝ մինչև 14 տարեկան 2 երեխա ունենալը:

Որպես Վալերիկ Հովհաննիսյանի անձը բնութագրող հանգամանք՝ դատախազը նշեց Ռուսաստանում նրա ազատազրկման դատապարտված լինելը, իսկ որպես պատիժը մեղմացնող հանգամանք նշեց նրա առողջական վատ վիճակը:

Որպես Ներսես Մելքոնյանի պատիժը մեղմացնող հանգամանք պարոն Սարգսյանը, ինչպես Գոռ Առաքելյանի դեպքում նշեց նրա՝ մինչև 14 տարեկան երեխա ունենալը:

Հիշեցնենք, որ նախաքննական մարմնի կողմից Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար, հետագայում՝ արդեն դատաքննության ժամանակ դիտավորության հանգամանքը դատախազը հիմնավորված չէր համարել ու փոխել էր մեղադրանքը:

Գոռ Առաքելյանը մեղադրվում է նաեւ անուղղակի դիտավորությամբ Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930