Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փափուկ բարձ են դնում սևազգեստ մայրերի գլխի տակ. ԱԺ-ում չեն ուզում հանձնաժողով ստեղծել

Սեպտեմբեր 24,2015 17:36

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերն այսօր կրկին ՀՀ նախագահի նստավայրի առաջ էին: Նրանց պահանջները չեն փոխվել. հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և այն, որ ՀՀ ԱԺ-ում ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով զոհված զինվորների գործերը քննելու համար:

Այս անգամ ոստիկանների և սևազգեստ մայրերի միջև միջադեպ տեղի չունեցավ, կանայք անարգել քայլեցին նախագահականի մոտով:

Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրեն զանգահարել է ՀՀ ԱԺ իրավաբան Ժորա Գասպարյանը` փոխանցելով, թե իրեն նման հանձնարարություն է տվել Գալուստ Սահակյանը, որպեսզի փորձի ծնողների հետ բանակցել, գուցե հարցը լուծվի առանց հանձնաժողովի ստեղծման: Տիկին Սարգսյանը, սակայն, պնդել է, թե հանձնաժողովի ստեղծման պահանջից հետ չեն կանգնելու, քանի որ իրենց առաջարկած ձևաչափը, նախկին փորձից պարզ է դառնում, որ չի աշխատում:

Տիկին Սարգսյանը մանրամասնեց. «Նրանք բացահայտ ասում են, որ չեն ուզում ստեղծել հանձնաժողով: Մեկնաբանում են, որ նոր սահմանադրական փոփոխություններից հետո քննչական վերահսկողություն պիտի լինի գործերի վերաբերյալ, և այդ քննչական հանձնաժողովը կզբաղվի: Ես էլ ասացի, որ այդ քննչական, դատախազական, նախագահական մարմինները ութ տարիների ընթացքում չեն կարողացել մեր քրեական գործերին ընթացք տալ, այդ քննչական հանձնաժողովը կարողանալո՞ւ է: Մի՞թե այն չի պաշտպանելու դատախազին, նախագահին, կամ Աղվան Հովսեփյանին: Վերահսկողությունը ո՞րն է լինելու»:

Նշենք, որ զոհվածների մայրերը նույն պահանջը ներկայացրել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին, որն իր համաձայնությունն է տվել հանձնաժողով ստեղծելու հետ կապված:

Մեր այն դիտարկմանը` փաստորեն ԱԺ-ից փորձում են սևազգեստ մայրերի գլխի տակ փափուկ բարձ դնել, տիկին Սարգսյանն արձագանքեց. «Այդ փափուկ բարձի վրա այս չորս տարի քնել ենք, 2011 թվականից հետո դա չաշխատեց: Հովհաննես Սահակյանին էլ, Վրեժ Գասպարյանին էլ ասացինք, որ այս ձևաչափը չի աշխատում, ինչո՞ւ են ուզում նորից տանել նույն ձևաչափին: Մարտի 1-ին հանձնաժողով ստեղծվեց, որը տարավ փակուղի, թող սա էլ տանի: Փակուղի տանողը իրենք են` իշխանության գլուխ կանգնած ՀՀԿ-ականները: Մեզ էլ նախօրոք զգուշացնում են, թե կտանի փակուղի»:

ԱԺ իրավաբանը նշել է, թե փորձելու են կապ հաստատել նաև մյուս որդեկորույս մայրերի հետ: Սակայն մեզ հետ զրույցում խաղաղ պայմաններում զոհված Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը տեղեկացրեց, որ իրեն ոչ ոք չի զանգել: Նա փոխանցեց, որ իր որդուն պետք է մեդալ հանձնեն, քանի որ ծառայության ընթացքում նա հանձնել է հատուկ քննություններ և ստացել «սև բերետ»:

Տիկին Իրինան մանրամասնեց. «Պաշտպանության նախարարության նամակների բաժնից են ինձ զանգել ու ասել, որ իմ որդուն մեդալ են հանձնելու»: Իրինա Ղազարյանը նշեց, որ որդու պարգևը նախագահականում է, և առաջիկայում կհրավիրեն այն ստանալու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930