Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրանքի ծովում (պատմվածք)

Սեպտեմբեր 24,2015 17:30
mard

Օրը նրա համար բացվում է միապաղաղ օրինաչափությամբ, ընթանում նույն հաջորդականությամբ, վերջանում նույն տևողությամբ: Արևը բարձրանում է հորիզոնից, սարերի կլորիկ գագաթների վրայով սահում, թափանցում է ձորերի, կիրճերի ու քարափների նեղ անկյունները, որտեղ զով ու խորը լռություն է տիրում, հավքերին դուրս է քշում իրենց բներից, բարձրանում քաղաքի վրա, մտնում ամեն տուն, շոշափում քնած ամեն մի բջիջ…

Աշնանային պաղ ու ամպոտ առավոտ էր, արշալույսը ողողել էր երկրագնդի մի մասը, սկսվել էր նոր օրը: Երիտասարդի ոսկորները արդեն զգում էին աշնան խոնավ շունչը: Այս մեղմիկ ցուրտը թափանցում ու սառեցնում էր նաև նրա էությունը, թախիծ ու տխրություն բերում, իսկ դրսում տերևները փութով ներկում էին ամենուրեք աշնանային դեղնությամբ: Տամուկ թախիծ էր պատել նրա սրտին, օդը սեղմում էր կոկորդը, հուզմունքը ահագնանում էր: Գուցե հեռացող ամռան մայրամուտն էր նրան այդպես վշտացնում, որը հսկա տարածություն ու ժամանակ էր անցել ու ամենքին ջերմացրել: Հեռանում էր ամառը, որը առատ ու շռայլ սփռել էր իր գույները երկրի վրա, բարիքներ էր նվիրել անկաշառությամբ:

Ահա փողոցի հարթության վրա կաթեցին առաջին հոգնած տերևները` դեղին ու կարմիր, կանաչ ու մոխրագույն, բազմերանգ գույներով: Արդեն ծառերը մերկանում են: Նորելուկ քամին նրանց հավաքում, տանում է ու սփռում աշխարհի վրա: Երեկ էր, որ նա` այդ տերևը, կանաչ էր ու կյանքով լցված, շոյում ու թարմացնում էր մարդկանց տեսողությունն ու հոտառությունը, հաճույք պատճառում նրանց, իսկ այսօր զզվեցնելու չափ անհանգստացնում է իր խշրտոցով, ընկնում նրանց ոտքերի տակ, կպչում կոշիկի ներբաններին, անձրևից թրջված պատուհանների ապակիներին: Նա այլևս անպետք է, չորացած, մահվան դատապարտված:

Փողոցի լիիրավ տերը` հավաքարարը, հանգիստ խղճով նրանց հավաքում և աղբարկղ է նետում, ապա վառում` ծուխը տարածելով քաղաքի վրա: Հեռանում է ամառը: Գույնզգույն ու հյութեղ մրգերը բռնել են շուկաների ողջ տարածքը: Մենք ակամայից ականատեսն ենք դառնում մեռնող անցնող ամռան հրաժեշտին:

Ծնվում է աշունը ամռան վերջին ցոլքերից: Իսկ աշնան շնչի մեջ շուտով կուրվագծվի ձմռան մոտալուտ գալը: Հեռացող ամռան այս թախծոտ առավոտին մի աղջիկ պառկած էր մահճակալին և երազում ըմբոշխնում էր վառվող սերը, որը խլրտում էր տաք սրտի տակ:

Սենյակը դանդաղորեն լուսավորվում էր: Ժամանակը աննկատ սահում էր նրա գեղեցիկ աչքերի, մազերի, շառագունած այտերի, կիսաբաց մարմնի ճերմակության վրայով: Նա անրջային երազների մեջ հանգիստ քնած էր, բայց հանկարծ բացել էր աչքերը, և զգալով իրականությունը, նորից փակել էր` երազը շարունակելու հույսով: Սակայն առավոտյան խռովքը նրան չթողեց հանգիստ պառկել անկողնում: Ձեռքերը դանդաղ դուրս սահեցնելով վերմակի տակից` նա շուռ եկավ մեջքի վրա, ապա ձեռքերը դնելով գլխատակը, լուռ նայեց առաստաղի այն ճեղքին, որտեղ թառել էր մեծ ու սև ճանճը, որը կարծես պաշտպանվել էր ուզում աշնան մոտալուտ ցուրտ շնչից:

Առատ ու փարթամ մազերը թափվել էին ճերմակ բարձի վրա, մարմարյա ուսերի վրայով գալարաձև ցած էին իջել` ծածկելով աջ այտը, աչքը, քթի, շուրթերի մի մասը:

Նա մտածում էր այն տղայի մասին, որին սիրում էր, որը դիմացի շենքի պատշգամբում հիմա մարզում է իր մարմինը:

Բավական է երազել, հարկավոր է վեր կենալ, որոշեց նա: Ոտքերը կամացուկ դուրս հանեց վերմակի տակից, նորից զգաց աշնան ցուրտ շունչը, բարձրացավ ու ցած սահեց անկողնուց, հորանջելով, բոբիկ ոտքերով կանգնեց հատակին ու հուշիկ քայլերով մոտեցավ միջանցքի պատից կախված հայելուն, ծամածռեց դեմքը, ինքն իրեն լեզու ցույց տվեց, մոտեցավ պատուհանին, բացեց այն` մի կողմ հրելով ծանր վարագույրները, որոնցով ամեն երեկո խնամքով փակում է իր պատուհանները: Հպանցիկ հայացք գցեց փողոցի դիմացի դռանը, որտեղ միշտ Նրան է սպասում: Ահա և Նա, որը կիսամերկ մարզում է քնից նոր արթնացած մարմինը: Քնատ և արնակալած աչքերը մի ակնթարթում որսացին փողոցի անձկությունը, ծածկեց վարագուրը ու սուզվեց սենյակի խոր լռության մեջ: Նորից մոտեցավ միջանցքի հայելուն, նայեց իր կազմվածքին, խորամանկորեն ժպտաց, զգաց իր գեղեցկության հզոր ու անդիմադրելի ուժը, վայելչության ճնշող հմայքը: Հեռացավ հայելուց, շրջվեց ու նրա մեջ նայեց իր մարմնի համաչափ ու սլացիկ կառուցվածքին: Մահճակալի վրայից վերցրեց կարմրավուն շրջազգեստը, անփութորեն գցեց վրան, նորից մոտեցավ հայելուն, ուղղեց շրջազգեստի ծռված դարսերը, ժպտաց, հիացավ իրենով, կրկին դանդաղ մոտեցավ պատուհանին, բացեց այն, կռթնեց բազրիքին և հայացքով շոշափեց փողոցի դատարկությունը: Կարմրագուն զգեստը, որի տակից երևում էր ճերմակ ներքնաշապիկը, գրկել էր նրա նազելի պարանոցը և ցած իջնելով` վարագուրել փարթամ կուրծքը:

Հեռանալով պատուհանից` մոտեցավ սեղանին, նստեց աթոռակի վրա և երկա¯ր, երկա¯ր մտածում էր իրեն հուզող խնդրի մասին` գլուխը պահած ձեռքերի մեջ: “Արդյո՞ք նա ինձ սիրում է…”

Ժամանակը սահում էր տարածության մեջ, իսկ երկրագունդը՝ պտտվելով իր առանցքի շուրջ, պտտվում էր նաև արեգակի շուրջ: Այդպես է միշտ:

 

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930