Այս տարի երեխաների ոչ սննդային թունավորման դեպքերն ավելացել են:
Այս մասին այսօր «Մուրացան» մանկական հիվանդանոցում ասաց մանկական թունաբանական կենտրոնի ղեկավար Մարինե Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ կենտրոնում այս տարի մինչ օրս գրանցել է 415 թունավորման դեպք, իսկ ամբողջ 2014 թվականին 588 դեպք է եղել:
Տիկին Գրիգորյանի ներկայացմամբ՝ թունավորումների մեծը մասը դեղորայքային են, ապա՝ այրող-քայքայող նյութերից, կալիումի պերմանգանատից, ալկոհոլից, թունաքիմիկատներից:
Բժիշկն ասաց, որ երեխաների այս տեսակի թունավորումները հետեւանք են ծնողների անզգուշության եւ անփութության:
Կարդացեք նաև
Հաճախ, ասենք՝ մեծահասակների դեղերը, մաքրող-լվացող միջոցները, ացետոնը, լաքահանիչ միջոցները, թունաքիմիկատները, էսենցիան դրվում են այնպիսի տեղերում, որոնց փոքրիկները հեշտությամբ հասնում են: Իսկ քանի որ 1-5 տարեկանները, ինչպես ասաց բժիշկը, սկսում են ծանոթանալ իրենց շրջապատին, ձգտում են ամեն ինչ փորձել կամ համտեսել, ուստի, փոքրիկները ձեռքներն ուր ասես՝ գցում են:
Մասնագետը հորդորեց ծնողներին պահպանել անվտանգության կանոնները եւ երեխաների կյանքին սպառնացող նշված միջոցները պահպանել այնպիսի տեղերում, որտեղ երեխաները ոչ մի կերպ չեն կարող հասնել:
Մարինե Գրիգորյանի խոսքերով՝ քիչ չեն թունավորումները ծնողների՝ դեղորայքների շփոթության պատճառով: Բժիշկի խոսքերով՝ նախկինում նորածինների պորտը մշակում էին կալիումի պերմանգանատի լուծույթով. «Դեղատներում այս լուծույթն ու վիտամին Դ-ի լուծույթը նույն սրվակով են վաճառում ու ծնողները շփոթում են, վիտամին Դ-ի փոխարեն կալիումի պերմանգանատի լուծույթ են տալիս, ու կրիստալիկները լցվում են երեխայի բերանը, շնչուղիները»:
Մանրամասն՝ տեսանյութում
Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ ասաց, որ տեղեկատվական բրոշյուրներ են տպագրել ծնողների համար, եւ այդ բրոշյուրներում մանրամասն բացատրվում է ինչպես պահպանել անվտանգության կանոնները. «Ցավոք սրտի, չնայած մեր ջանքերին, չի հաջողվում խուսափել նման դեպքերից: Շատ կարեւորվում է մեծերի, ծնողների պատասխանատվությունը հատկապես թունավորումների դեպքում: Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է կոկա-կոլայի շշի մեջ լցնել թույնը, որը կոլայի գույնի է, եւ դնել երեխաներին հասանելի տեղում: Թունավորումների մեծ մասը մեծերի անզգուշությունից է»:
Մասնագետները հորդորում են՝ երեխաներին թունավորումներից պաշտպանելու համար տնտեսական բոլոր վտանգավոր քիմիական նյութերը պետք է պահվեն փակվող պահարաններում, կամ երեխաներին անհասանելի վայրերում: Թունավոր քիմիական նյութերը միշտ պետք է պահել իրենց գործարանային սրվակների եւ տուփերի մեջ, որպեսզի շփոթություն չառաջանա: Պատահարներից շատերը, ըստ բժիշկների, տեղի են ունենում հենց այն պատճառով, որ քիմիական նյութը պահված է լինում կերակրի կամ ըմպելիքների համար նախատեսված տարաներում՝ օրինակ՝ լիմոնադի շշի կամ բաժակի մեջ:
Վտանգավոր քիմիական նյութեր օգտագործելիս պետք է չափազանց ուշադիր լինել եւ մշտապես տեսադաշտում պահել, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ:
Թունավոր նյութերի սրվակների վրա պահպանել նախազգուշացնող պիտակներ, որոնք ցույց են տալիս, որ տվյալ նյութերը թունավոր են: Մեծահասակների դեղորայքները եւս պահեք փակվող պահարանում, եթե դրանք պետք է սառնարանում պահվեն, ապա դրեք ամենաբարձր տեղում: Խուսափեք դեղորայքը պայուսակում կամ բաց պահարանում պահելուց, երեխաները կարող են եւ պայուսակից, եւ պահարանից այն հանել:
Միշտ կարդացեք դեղորայքին կցվող ներդիր թերթիկը՝ նախքան այն երեխային տալը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ