Այս օրերին Երեւանում շարունակվում է «Գրական տապան» միջազգային փառատոնը, որին մասնակցում են հայ եւ օտարազգի անվանի գրողներ: Փառատոնի հերթական միջոցառման ժամանակ ընթերցողներն այսօր հանդիպեցին Քրիս Բոհջալյանի եւ Վարուժան Ոսկանյանի հետ: Aravot.am-ը գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանից հետաքրքրվեց, թե որքանով է փառատոնը նպաստում հայ գրողների ճանաչմանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ որոշ հանգամանքներից ելնելով՝ այդ գործընթացն ակտիվ չէ, բայց եթե յուրաքանչյուր տարի «Գրական տապան»-ին հնարավոր լինի մասնակից դարձնել մեկ աշխարհահռչակ գրողի, դա կնպաստի մեր երկրի ճանաչմանը: Միաժամանակ, Արքմենիկ Նիկողոսյանը կասկածի տակ չի դնում փառատոնի ներկայիս հյուրերի վաստակն ու համբավը. «Սակայն այդ մարդկանց հրավիրելով եւ նրանց հետ շփվելով հայ գրականության հարցը չի լուծվելու: Մեր գրողների կողմից էլ պետք է աշխատանք իրականացվի, որովհետեւ նրանք իրար հետ են շփվում, հյուրերն էլ՝ իրար: Այսինքն, շատ քչերի միջեւ են կապեր ձեւավորվում: Լավ է, որ հիմա «լեզվական տաբուն» հաղթահարվում է եւ արդյունքն արդեն տեսանելի է: Օրինակ՝ իտալացի բանաստեղծի որոշ ստեղծագործություններ մեր գրողներից մեկը թարգմանել է հայերեն»,-ասաց գրականագետը:
Արքմենիկ Նիկողոսյանը չի կիսում «գրաքննադատների» այն կարծիքը, թե ժամանակակից հայ գրականությունը կաղում է. «Սովորաբար, այդպիսիք մի ապուշ գործ վերցնում են եւ ասում՝ սա՞ է ձեր գրականությունը…Յուրաքանչյուր բանի մասին խոսելիս պետք է լավագույնը վերցնել, դա է գրականության մնայուն արժեքը: Մենք այսօր առանձնացնում ենք Թումանյանին, Չարենցին ու մյուսներին, բայց նրանց կողքին տասնյակ «ախմախ» գրողներ էին ստեղծագործում: Հետեւաբար, ժամանակակից գրականության լավագույն արժեքներով կարող ենք հպարտանալ»:
Գրականագետը նաեւ նշեց, որ Հայաստանում տարեկան մոտ 2500 գիրք է տպագրվում, բայց «եղանակ փոխող» գրքերի թիվը չի անցնում մեկ կամ մի քանի տասնյակից:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ