Սեպտեմբերի 23-ին Ֆրանսիայի Ռոն-Ալպի շրջանի ռեգիոնալ կենտրոնակայանում տեղի ունեցավ «Ֆրանսիա-Հայաստան միջազգային ցանց» ասոցիացիայի պաշտոնական մեկնարկը:
Ասոցիացիայի բացմանը ներկա բազմաթիվ հրավիրյալների թվում էին Ռոն Ալպի ռեգիոնալ խորհրդի նախագահ Ժան-Ժակ Քեյրանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Ռենոն, բազմաթիվ ֆրանսահայ և ֆրանսիացի գործարարներ, պաշտոնատար անձինք, լրագրողներ:
Ասոցիացիայի նախագահ Արամազդ Աբեդին ներկաներին ծանոթացրեց նորաստեղծ կառույցի անդամների հետ՝ նշելով, որ կառույցում ներգրավված են լինելու տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ձեռներեցները: Փոխնախագահ Հիլդա Չոբոյանն իր ելույթում նշեց, որ նպատակ են հետապնդելու խթանել հայ-ֆրանսիական ձեռնարկությունների միջև դինամիկ շփումները: Արժևորելով Ֆրանսիայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի միջև փոխգործակցությունը, ասոցիացիան նպատակ է հետապնդելու Հայաստանը դարձնել հարթակ ՀՀ ձեռնարկությունների, ֆրանսիական ձեռնարկությունների և հարևան երկրների խոստումնալից շուկաների հետ համագործակցության համար:
Դեսպան Չիտեչյանը շնորհավորեց բոլորին և, մասնավորապես, նախաձեռնությունն իրականացնողներին և նշեց, որ ասոցիացիան հնարավորություն կտա Հայաստանի և Ֆրանսիայի միջև խթանել գոյություն ունեցող տնտեսական համագործակցությունը՝ ելնելով նաև այսօրվա նոր իրականությունից. ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումը հնարավորություն կտա ֆրանսիացի ընկերություններին ՀՀ-ի միջոցով մուտք ունենալ նաև ԵՏՄ շուկաներ: Հայաստանը պատրաստ է աջակցել ասոցիացիային՝ գործարարների համար ստեղծելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ համագործակցության բարենպաստ պայմաններ:
ՀՀ ԱԳՆ