Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր հակառակորդը հասկանում է միայն մեկ լեզու՝ դա ուժի լեզուն է». պատգամավորները՝ սահմանային լարվածության մասին

Սեպտեմբեր 24,2015 16:15

Այսօր ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ խոսելու Չինաստան եւ Գերմանիա կատարած այցելությունների մասին:

Aravot.am-ը սահմանային լարվածության հետ կապված հարց ուղղեց՝ երեկ երեկոյան գնդակոծվել է Բարեկամավանը, դրանից առաջ՝ Բաղանիսը:

Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ նկատելի է լարվածության մեծացում շփման գծում, ինչն առաջացնում է բոլորիս մտահոգությունը. «Ադրբեջանը շարունակում է իր մշակած մարտավարությունը, որն ունի 3 նպատակ՝ անընդհատ լարվածության մեջ պահելով սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ բերքահավաքին խանգարել եւ ստեղծել խուճապ, անպաշտպան լինելու զգացողություն: Երկրորդը՝ սեփական երկրի ներքին խնդիրներից շեղելու փորձ են անում: Յուրաքանչյուր ներքին խնդիր իրենց երկրում Արցախյան հիմնախնդրի հետ են կապում: Այս գործելակերպով նրանք հաջողության չեն հասնելու, քանի որ մեր ԶՈՒ-ն կարողանում են արժանի հակահարված հասցնել ցանկացած ոտնձգության: Դրա համար իրենք տեւական ժամանակ է դադարել են հայտարարել իրենց մարտական կորուստների մասին»:

Նա նշեց, որ հաջորդ տարի Գերմանիան ստանձնելու է ԵԱՀԿ համանախագահությունը եւ Գերմանիա կատարած այցի ընթացքում տեղեկացրել են, թե ինչ է կատարվում սահմանային գոտում. «Ինչ վերաբերում է սահմանային լարվածության հետագա մեծացմանը, սա շարունակական է լինելու եւ մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակահարված տալու բոլոր ճակատներում՝ եւ ռազմական, եւ դիվանագիտական»:

Մենք նաեւ հետաքրքրքվեցինք՝ սեպտեմբերի 28-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանը պատրաստվում է բարձրացնել իրենցից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի հարցը, դա ինչքանո՞վ կարող է վնասել մեր երկրին: Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում փորձելու են աղավաղված ներկայացնելու իրողությունները եւ անդրադարձ է լինելու նաեւ այդ տխրահռչակ Վահան Մարտիրոսյանի սահմանն անցնելու դեպքին: Բնականաբար, հակառակորդը օգտագործելու է դա: Ինչ խոսք, դեպքը ցնցող էր եւ բոլորիս մոտ առաջացրել է բացասական արձագանք: Ցանկացած խնդիր, որ տվյալ անձը ուներ իր հայրենիքում, կարող էր լուծում ստանալ միայն հայրենիքում, ոչ թե նրան մղեր այդ քայլին: Բոլոր խնդիրները, որը նա բարձրացրել է Բաքվում մամուլի ասուլիսում, բոլորդ գիտեք, որ այդ խնդիրների գերակշիռ մեծամասնությունը իրականությանը չի համապատասխանում: Եթե նույնիսկ համապատասխաներ, դա չպետք է մարդուն դրդեր հայրենիքի դավաճանության, հայրենադավ գործողության, ինչի ականատեսը եղանք»:

Ըստ Թեւան Պողոսյանի, պատերազմը չի ավարտվել 1994-ի զինադադարի պայմանագրով. «Ցանկացած գործողությանը պետք է արժանի պատասխանը տանք: Մեր հակառակորդը հասկանում է միայն մեկ լեզու՝ դա ուժի լեզուն է: Ինչքան էլ գումարներ ծախսեն միջազգային ատյանների ուշադրությունը հրավիրելու, կոռուպցիան թաքցնելու համար, պետք է ստանան այն համապատասխան պատասխանը, որ հաջորդ անգամ նորից մտածեն: Ուրախ եմ, որ միջազգային հանրությունը քիչ-քիչ սկսում է համապատասխան պատասխանը տալ: Թշնամին պուպուշ բառերով չի խոսում, նա կրակում է»:

Ըստ Թեւան Պողոսյանի, Վահան Մարտիրոսյանի կամ մնացած դավաճանների հարցի հետ կապված պետք է մենք դասեր քաղենք. «Պետք է այնպես անել, որ նոր դավաճաններ չձեւավորվեն»:

Կորյուն Նահապետյանը գտնում է, որ Վահան Մարտիրոսյանի դեպքի հետ կապված չպետք է ԱԱԾ-ին մեղադրել անգործության մեջ. «Նախ, այդ անձի նկատմամբ չի ընտրվել կալանքը՝ որպես խափանման միջոց: Հետեւաբար նա կարող էր հատել ՀՀ սահմանը: Նա Վրաստանից անցել է Ադրբեջանի սահման: Այս դեպքում մեղադրել ԱԱԾ-ին կամ այլ իրավապահ մարմիններին, թե ինչու կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել, չեմ կարծում, որ տեղին է: Չեմ կարծում, որ ԱԱԾ-ն թույլ է տվել անգործություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930