Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության անդամները՝ Կորյուն Նահապետյանն ու Թեւան Պողոսյանը համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ խոսելու Չինաստան եւ Գերմանիա կատարած այցելությունների մասին:
Սակայն երկու պատգամավորները սկսեցին բանավիճել ասուլիսի ընթացքում, երբ խոսելով սահմանային լարվածության մասին՝ անդրադարձան ՀԱՊԿ-ի դերակատարությանը:
Կորյուն Նահապետյանի խոսքերով՝ «Փաստվել է, որ Ադրբեջանը ոտնձգություններ է կատարում ՀՀ տարածքում՝ գնդակոծելով ՀՀ սահմանամերձ շրջանները, խաղաղ բնակիչներին եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում շատ հստակ ներկայացվում է մեր դիրքորոշումը»:
Ըստ նրա, ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի, եթե նրան դիմի Հայաստանը, բայց մեր երկիրը երբեք չի դիմել նման խնդրանքով: Ինչու չենք դիմել, որովհետեւ կարողանում ենք մեր սահմանները պաշտպանել, մեր բանակը մարտունակ է, մեր պաշտպանությունը կազմակերպում ենք համարժեք ձեւով եւ չենք տեսնում որեւէ անհրաժեշտություն ՀԱՊԿ-ի միջամտության. «Եթե լինի ագրեսիա հակառակորդի կողմից եւ մենք դիմենք սահմանված կարգով, անպայման ՀԱՊԿ-ը ներգրավվելու է: Բայց դրա կարիքն առայժմ չկա»:
Կարդացեք նաև
Թեւան Պողոսյանը չհամաձայնեց. «Ինչպե՞ս կարելի է մի թղթի վրա կազմակերպությունից ցանկություն նույնիսկ ունենալ, որ ինչ-որ հայտարարություն անի: Մեզ քի՞չ էր, որ հասկանայինք ՝Ղազախստանն ու Բելառուսը ավելի շատ Ադրբեջանի շահերով են հետաքրքրված: Ասենք, Հայաստանը խնդիրը բարձրաձայնի, ասի՝ հայտարարություն արեք, ի՞նչ ենք ստանալու, կարո՞ղ է Բելառուսի կամ Ղազախստանի նախագահը փոխվեցին եւ գալու են մատ թափ տան Ադրբեջանի վրա, ասեն՝ էս ի՞նչ ես անում: ՀՀ-ում էլ են սա լավ գիտակցում, դրա համար չեն դիմում ՀԱՊԿ-ին, որ որեւէ հայտարարություն անի, որովհետեւ այդ հայտարարությունը չի լինելու: ՀՀ-ում ՀԱՊԿ-ի հանդիպումներն օգտագործում է միջազգային հանրության համար իրեն ցանկալի ուղերձներն անելու: Պիտի Ադրբեջանին ասեն՝ քեզ խելոք պահի, հա՞, չի՛ լինելու այդպիսի հայտարարություն: Ի վերջո ՀԱՊԿ-ը մի հետաքրքիր կառույց է, ճիշտ է, գրված է հավաքական, բայց իր բուն առանցքը երկկողմանի հարաբերություններն են ՌԴ-ի հետ: Եթե այդ կազմակերպությունում հավաքականը չի ձեւավորվել, դա արժեք չի, դրանից ի՞նչ ուզենք, ո՞վ է դա լուրջ ընդունելու: ՄԱԿ-ը, ՀԱՊԿ-ին չի ընդունում, ՆԱՏՕ-ն չի ընդունում, ԵԱՀԿ-ն չի ընդունում, ոչ մի միջազգային կառույցում այդ կազմակերպությանը չեն ընդունում, դրա հայտարարությունն ի՞նչ գին է ունենալու: Դրա փոխարեն կոչ անենք ՌԴ-ին, որ հայտարարություն անի, որ զենք չի վաճառելու Ադրբեջանին, թե չէ ՀԱՊԿ-ից ի՞նչ ուզենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ