Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրատվամիջոցներին ծանոթացրեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 25-ամյակի առիթով կազմակերպվելիք միջոցառումների ծրագրերին:
«ՀԱՕԿ-ն իր հոբելյանը նշելու է սեպտեմբերի 28-30-ը: Նախատեսել ենք բազմաթիվ միջոցառումներ: Կփորձեմ համառոտ ներկայացնել ցանկը, հյուրերի եւ երկրների անունները: Հայաստանում կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի ԱՕԿ-ների տարածաշրջանային ֆորումը, նույն օրը կկայանա ՀԱՕԿ-ի նոր ադմինիստրատիվ շենքի եւ «Օլիմպավանի» հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդի ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Կլինեն նաեւ տոնական մի շարք այլ միջոցառումներ, այդ թվում նաեւ՝ մարզական: Մասնավորապես, արդեն սեպտեմբերի 26-ին կկայանա ԶԼՄ-ների միջեւ սպարտակիադայի ծրագրով սեղանի թենիսի մրցաշար (մրցաշարը ՀԱՕԿ-ն ավանդաբար կազմակերպում է «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ: Ա. Հ.), Երեւանի կենտրոնում կազմակերպվելու են նաեւ ութ մարզաձեւերի ցուցադրական ելույթներ եւ այլն: Մենք կարող էինք ամբողջ տարվա ընթացքում ավելի մեծ ու տոնական բազմաբովանդակ միջոցառումներ կազմակերպել, սակայն հաշվի առնելով, որ 2015 թվականը Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարին է, որոշեցինք հարգելով 1,5 միլիոն զոհերի հիշատակը, համեմատաբար համեստ նշել ՀԱՕԿ-ի հոբելյանը:
Տոնակատարություններին ներկա են գտնվելու ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեն, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը, 25 երկրներից Ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներ, գլխավոր քարտուղարներ, փոխնախագահներ: Հյուրերի կազմը, իսկ նրանք շուրջ 70-ն են, շատ ներկայացուցչական է լինելու, որը ապացուցում է, Հայաստանի ԱՕԿ-ի դերակատարումը համաշխարհային օլիմպիական շարժման մեջ», – ասաց պարոն Ռոստոմյանը:
Հարցին, թե նախապես հայտարարվել էր, որ այդ օրերին Երեւան ժամանելու է նաեւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, բայց այսօր ինքը նրա անունը չհիշատակեց, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Այդ նույն ժամանակահատվածում տեղի է ունենալու ՄԱԿ-ի համաժողովը, որտեղ քննարկվելու է սպորտի համար ամենակարեւոր հարցը: ՄԱԿ-ն ուզում է կոնվենցիա ընդունել, ըստ որի սպորտը պետք է ճանաչի միայն ՄՕԿ-ը: Պարոն Բախը, հասկանալի է, անպայման պետք է ներկա լինի այնտեղ, այդ պատճառով նա չի ժամանելու»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ