Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյան) շարունակվում է քննվել «օֆշորի գործը»:
Դատարանի դահլիճում ցուցմունք տվեց «Ջի սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրեն գործով վկա Նելլի Հարությունյանը: Նա հայտնեց, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին տեսել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված քննարկմանը, երբ նա ներկայացրել է հումքի ներկրման հետ կապված իր առաջարկները: Տիկին Հարությունյանը նշեց, որ Փայլակ Հայրապետյանին չի ճանաչում: Ըստ ցուցմունքի՝ Սուքիասյանը այդ խորհրդակցության ժամանակ հայտնել էր, թե կարող է ադամանդի հումք բերել Աֆրիկայից: Նելլի Հարությունյանը նշեց, որ այդպես էլ փաստական հիմք չեն տեսել, թե ինչպես է բերելու, որտեղից, ինչ հումք: Նելլի Հարությունյանը հայտնեց, որ այդ խորհրդակցությանը Փայլակ Հայրապետյանը չի եղել, թեև Փայլակ Հայրապետյանը պնդեց հակառակը:
Քննարկվեց մյուս վկային՝ Արփի Բալյանին բերման ենթարկելու հարցը: Որոշվեց իրազեկել նրա ներկայության պարտադիր լինելու մասին Ամերիկյան համալսարանի ղեկավարությանը, որտեղ նա աշխատում է:
Վկայի հարցաքննությունից հետո միջնորդությամբ հանդես եկավ հայցվոր Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Ինգա Ավագյանը: Նա միջնորդեց քաղաքացիական գործ հարուցել և Աշոտ Սուքիասյանից բռնագանձել որպես հանցագործությամբ Փայլակ Հայրապետյանին անմիջականորեն պատճառված գույքային վնաս՝ շուրջ 8 միլիարդ դրամ, նրա և նրա հարազատներին պատկանող գույքի վրա դնել կալանք:
Կարդացեք նաև
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ