«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը՝ «Զգացողությունների թանգարան» խորագրի ներքո: 13-րդ փառատոնին կմասնակցեն 250 հյուրեր՝ 26 երկրից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Հունգարիայից, անգամ Բանգլադեշից: «Այս տարվա ծրագիրը ոչ թե մեծ եւ հզոր է, այլ շլացուցիչ: Ունենք 75 ներկայացում, այսինքն մեկ օրում նվազագույնը 7 ներկայացում ենք ցուցադրելու: Փառատոնը կբացվի ՆՓԱԿ-ում՝ «Զգացողությունների թանգարան» ներկայացմամբ, որում միավորվում են վիզուալ եւ կատարողական արվեստները: Այն նվիրված է Ցեղասպանության 100-ամյակին»,-այսօր Տիկնիկային թատրոնում լրագրողներին հայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
Նա տեղեկացրեց, որ փառատոնի հեղինակավոր մասնակիցներից են Լիտվայի Օսկարա Կորշունովասի թատրոնը, Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնը, ամերիկյան հայտնի «Գիբնի դանս» պարային խումբը. «Դա դաժան է, սպիտակ մազերն ավելանում են, բայց հանդիսատեսը կստանա բարձր բավականություն»,-կես կատակ-կես լուրջ ասաց Ղուկասյանը:
Կարդացեք նաև
Նա փաստեց, որ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի ծրագիրը տարեցտարի զարգանում է, իսկ հայկական թատրոնի կատարողական արվեստը՝ բարելավվում: Նշենք, որ հիմնական ներկայացումների մուտքն անվճար կլինի, ինչի շնորհիվ արվեստասերները կծանոթանան արտերկրի թատերական արվեստի գործերին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ