Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

PR մասնագետ. «Արմենչիկի թեման ուռճացվեց-դարձավ սեպտեմբերի թոփ-թեմա»

Սեպտեմբեր 24,2015 13:15

Aravot.am-ը PR մասնագետ Հայկ Կիրակոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ռաբիս երգիչներին եւ մասնավորապես Արմենչիկին վաստակավորի կոչում տալով իշխանությունները նպատակ ունեի՞ն հանրության ուշադրությունը շեղել ներքաղաքական խնդիրներից, սահմանային լարվածության եւ այլ թեմաներից:

PR մասնագետը նշեց, որ կոչում շնորհելը ժամանակատար եւ իր ձեւակերպմամբ՝ ջանջալ գործընթաց է, ու մեկ օրում հնարավոր չէ անել՝ հաշվի առնելով, որ ազատամարտիկ է ծեծվել, սահմանին լարվածություն կա կամ մի ընտանիք է լքել հայրենիքը, գնացել Ադրբեջան:

«Ամեն դեպքում նախապես որոշվում է՝ ով է սեպտեմբերի 21-ին կոչում ստանալու եւ կանխատեսել, որ դրան նախորդող եւ հաջորդող օրերին թեժ իրադարձություններ կլինեն, մի քիչ դժվար է; Այլ է խնդիրը, որ ցանկացած նման իրադարձություն կարելի է այնպես ուռճացնել, փչել, որ օգտագործվի ճանճից փիղ ստանալու մեթոդը, ու չեղած տեղը աղմուկ բարձրացնել: Բավարար է հենց նույն նպատակներին ծառայող տարբեր մեկնաբաններ, անձինք, բլոգներ, ֆեյք էջեր սկսեն գրել՝ վա՜յ էս ինչ խայտառակություն էր, անգամ նրանք, որոնք սպասարկում են իշխանություններին, նախագահի արարքը սկսեն քննադատեն, որպեսզի այն մարդիկ, որոնք իրենց դարդի մեջ տապակված սպասում էին ծեծված ազատամարտիկի, Ադրբեջան գնացած ընտանիքի, սահմանային լարվածության մասին, ակամայից հայտնվեն տեղեկատվական տեղատարափի տակ: Այժմ ֆեյսբուքի բոլոր պատերը խոսում են Արմենչիկի՝ կոչում ստանալու մասին»,-նշեց Հայկ Կիրակոսյանը:

Նրա ասելով, բոլորը քննարկում են Արմենչիկին կոչում տալը,  բայց նույն ջերմեռանդությամբ պաշտոնյաներից ու հայտնի գործիչներից մեկնաբանություններ չեն ստանում հակառակորդ պետություն գնացած հայ ընտանիքի մասին:

«Տպավորությունն այնպիսին է, որ Արմենչիկի թեման էր սեպտեմբերի թոփ-թեման եւ ոչ թե ազատամարտիկի ծեծը կամ Ադրբեջանին հանձնված ընտանիքը: Մարդիկ ծանր են տանում կոչում ստանալը, թեեւ այդքան էական չէ կոչումը PR-ի տեսակետից, քանի որ աշխարհի ամենախոշոր անձանցից շատերը առանձնապես հարգալից վերաբերմունք չեն ունեցել կոչումների ու շքանշանների հանդեպ: Օրինակ՝ հայտնի է Հովհաննես Այվազովսկու պատմությունը, նա թուրքական սուլթանից ստացած շքանշանները կապեց շան վզին, կամ Նիկոլա Տեսլային Նոբելյան մրցանակ տվեցին, ասաց՝ դուք էնքան եք իմ միսը կերել, որ թքած ունեմ ձեր տված մրցանակի վրա եւ շատ-շատ այլ դեպքեր կան: Մահաթմա Գանդին կյանքի օրոք որեւէ կոչում չունեցավ, բայց ողջ Հնդկաստանն ազատագրեց անգլիական գաղութատիրությունից; Շատ առաջնորդներ ու գործիչներ կոչումներից հատուկ խուսափում ու հրաժարվում են, որովհետեւ կոչումը շրջանակի մեջ դնել է նշանակում:

Ոչ թե պետք է նայել՝ Արմենչիկը արժանի՞ է այդ կոչմանը, այլ պետք է դիտարկել, թե էս ինչ կարգի կոչում է, որ տրվում է Արմենչիկին ու այդ դասի մարդկանց: Դրանից հետո պետք է հետեւություն անել, իմ պարագայում, օրինակ, իմ նկարիչ հայրը արդյոք իմաստ ունի՞, որ այդ կոչումը ստանա: Արդեն հստակ գիտեմ, որ ոչ, որովհետեւ իմ հորը՝ Արշավիր Կիրակոսյանին դա կվարկաբեկի: Այս պահից սկսած պետք չէ ծանր տանել, որովհետեւ այդ կոչումը արժեզրկվել է եւ նախատեսված է նման ժանրի երգիչների համար, որոնք եւս իրավունք ունեն իրենց տեղն ունենալու այս արեւի տակ»,-կարծում է Հայկ Կիրակոսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Էլ կոչումն իմաստ չունի, քանի որ այնպիսի մարդիկ ու այնպիսի ճանապարհներով են պոկել, որ զզվել է գալիս:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930