Այսօր Գործընկերություն հանուն բաց հասարակության ինստիտուտը հանրային քննարկում էր կազմակերպել Սահմանադրական փոփոխությունների մասին:
Փաստաբան Հայկ Ալումյանը դժգոհեց, որ քաղաքացուն ստիպում են ընդունել կամ դեմ արտահայտվել Սահմանադրության մասին, երբ որոշ դրույթներին կողմ է,որոշ դրույթներին՝ դեմ. «Ես ինձ զգում եմ որոշ չափով նսեմացված, որ ինձ ընտրության առաջ են դրել: Մարդու ազատությունը պաշտպանում են նրա համար նաեւ, որ մարդն իրեն նսեմացված չզգա, որ իրեն թույլ չեն տալիս արտահայտվել: Ես չեմ պատկերացնում մի ողջախոհ մարդու, ով գա եւ քվեարկի իր սեփական իրավունքների կրճատման օգտին»
Անդրադառնալով նախագծում դատական համակարգի փոփոխություններին՝ նա ասաց, որ առանձնապես ոչ մի բան էլ չի փոխվելու իրական կյանքում, միայն տերն է փոխվելու, տերը դառնալու է ԱԺ-ն:
Aravot.am-ը պարոն Ալումյանից ճշտեց՝ այսինքն, դատական համակարգի անկախությանը չե՞ն նպաստելու փոփոխվող դրույթները՝ նա պատասխանեց. «Մենք ինչքան փոխում ենք՝ անընդհատ նույն բանն է ստացվում: Որ ՌԴ-ի համար ասում են՝ իրենք ինչ սարքում են, վերջում Կալաշնիկով ավտոմատ է ստացվում, հիմա մերն է: Ինչ փորձում են դատական համակարգի հետ անել, ինչ-որ մի բան ստեղծել՝ արդյունքում ստացվում է կախված դատական համակարգ»:
Կարդացեք նաև
Քննարկման մասնակիցներից մեկը էլ դժգոհեց, որ Հայաստանից մեկնողները լավ կյանքից չեն մեկնել, նրանց զրկել իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց, իրենց քաղաքացի զգալուց՝ հանցագործություն է. «Խոսքը, օրինակ, սիրիահայերի մասին է: Նրանք չեն կարող մասնակցել այս գործընթացին: Ես Սիրայի քաղաքացի եմ, այնտեղ բոլոր ընտրություններին իրավունք ունեմ մասնակցելու՝ դեսպանատան միջոցով, ինչո՞ւ են զրկում այստեղ: Այստեղ նույնիսկ մկրտության թուղթ են ուզում, ուրեմն կաթոլիկը հայ չի՞: Այսքա՜ն անհանդուրժողականությո՞ւն: ՌԴ-ում միայն 1.5 մլն հայ կա, նրանց բոլորին զրկո՞ւմ են: Ոչ միայն ՌԴ-ի, ամբողջ աշխարհում եղած հայերի հաշվին այսօր Հայաստանը գոյություն է պաշտպանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ