Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արքմենիկ Նիկողոսյանը՝ Սիլվա Կապուտիկյանի, Չարենցի եւ Սեւակի մասին. «168 ժամ»

Սեպտեմբեր 24,2015 11:57

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը պատրաստվում է նոր գրքի հրատարակմանը: «Խոսքի տարածությունը», գրականագետի հավաստմամբ, իր վերջին աշխատությունն է, որտեղ ամփոփված են նախորդ տարիներին՝ 2007-ից սկսած մինչեւ այսօր գրված բոլոր գրականագիտական հոդվածները:

– Թեև ես հասկանում եմ, որ «լավը» կամ «վատը» գրականագետի համար մասնագիտական եզրույթ չի կարող լինել՝ որպես որակում, բայց, այնուամենայնիվ, կուզենայի իմանալ՝ քո կարծիքով Կապուտիկյանը լա՞վ գրող է։

– Բայց մենք հիմա այնպիսի հարթությունից ենք հարցը քննարկում, որ ես կարող եմ այդպես որակել՝ և, իհարկե, նա շատ լավ գրող է։ Միայն այն հանգամանքը, որ նա ապրել և ստեղծագործել է սովետական հասարակարգում և ինչ-ինչ ծառայություններ ունի մատուցած այդ հասարակությանը, այնուամենայնիվ, գրողին պետք է չափանշել միայն իր գրականության և, հաճախ, ոչ ամբողջության մեջ։ Ի վերջո, ցանկացած գրող ունեցել է այս կամ այն չափով չստացված գործեր, և միայն դրանք մեջբերելով կարծիք կազմելը միանշանակ սխալ մոտեցում է։ Իմ կարծիքով՝ գրողին պետք է գնահատել իր ստեղծածի լավագույն մասով, իսկ Կապուտիկյանն ունի հրաշալի բանաստեղծությունների մի փունջ, որով ինքը կարող է համարվել լավը։

– Բայց կան, չէ՞, անառարկելի հեղինակություններ, օրինակ՝ Չարենցը համարվում է լավագույններից մեկը։

– Ա՛յ շատ լավ ասացիք՝ համարվում է։ Այդ հարցը մենք ընկերներով մեզ միշտ տալիս ենք՝ թե էդ ո՞նց ա, որ Չարենցը համարվում է ամենալավ պոետը, բայց ժողովուրդն ավելի շատ կարդում է ուրիշներին։ Իրականում, Չարենցն ամենից քիչ ընթերցված բանաստեղծներից է մեր իրականության մեջ։ Սա ես ամենայն  պատասխանատվությամբ եմ ասում, նույնիսկ առաջնորդվելով ամենաակնառու չափանիշներից մեկով՝ ֆեյսբուքյան տարածությամբ, սոցիալական ցանցերով կամ առհասարակ Ինտերնետով։ Նայեք՝ ի՞նչ գործեր են առավելապես շրջանառվում այնտեղ, կամ նայեք՝ ինչե՞ր են ասմունքում բեմերից, Չարենցի ո՞ր ստեղծագործություններն են քննարկվում բուհերում, կամ ավելի վատ՝ դպրոցներում։

– Սրանում դու մեղադրում ես պրոպագանդայի՞ն։

– Գրական պրոպագանդայի առումով վերջին տարիներին գոնե նկատելի առաջընթաց կա, ու ես չեմ կարող և չեմ էլ ուզում դժգոհել։ Այստեղ պարզապես շաբլոն ընկալման և խիզախումի բացակայության խնդիր կա։ Նույնը վերաբերում է նաև Սևակի պարագային։ Ի՞նչ իմաստ ունի անընդհատ բոլոր հավանական միջոցներով հնչեցնել միևնույն գործերը, երբ, ասենք, նույն Սևակի ստեղծագործության լավագույն հատվածը, ես վստահաբար ասում եմ, որ ընթերցողների լայն զանգվածների և անգամ սևակապաշտների համար բացարձակ անհայտ է:

Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930