Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկին չի հետաքրքրում՝ Շմայսը պատգամավոր համամասնականո՞վ կդառնա, թե՞ մեծամասնականով». Ալումյանն առաջարկ ունի

Սեպտեմբեր 24,2015 11:27

«Սպասվելիք հանրաքվեն շատ խոցելի է: Արդյոք հասարակությունը տեղյա՞կ է սպասվելիք բոլոր փոփոխություններին՝ իհարկե, ոչ: Քննարկման առարկա են դարձրել միայն նախագծի քաղաքական մասը՝ իշխանությունների ձեւավորման հետ կապված փոփոխությունները 4-7-րդ գլուխներում: Բայց չի խոսվում մնացած փոփոխությունների մասին, որոնք շատ ավելի կարեւոր են, քան քաղաքական բլոկը: Խոսքը 2-րդ գլխին է վերաբերվում՝ մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ, որոնք նվազեցված են»,- սեպտեմբերի 24-ին Գործընկերություն հանուն բաց հասարակության ինստիտուտի կազմակերպած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հանրային քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա վստահեցրեց, որ չպետք է 1 քվե նախատեսվի 200 փոփոխությունների համար. «Դեմ քվեարկելով՝ դուք դեմ եք քվեարկում այն փոփոխությանը, որոնց սկզբունքորեն կողմ եք: Իսկ կողմ քվեարկելով՝ կողմ եք լինում այն փոփոխություններին, որոնց դեմ եք: Ինչ էլ քվեարկենք՝ կողմ, թե դեմ, երկու դեպքում էլ մենք քվեարկելու ենք սեփական կարծիքի դեմ: Սկզբունքորեն կողմ եմ, որ ԱԺ-ն ձեւավորվի համամասնական ընտրակարգով, ես կքվեարկեի այդ փոփոխության օգտին, բայց եթե դա անեմ, դրա հետ միասին իմ ձայնը տալու եմ 58 հոդվածին՝ սեփականության իրավունքի հետ կապված: Այսուհետ կարելի է սեփականությունից զրկել առանց դատարանի, ո՞նց եք դրան վերաբերվում: Ինձ համար դա միանշանակ ընդունելի չի, ո՞նց քվեարկեմ: Ես կտրականապես դեմ եմ սեփականության իրավունքի փոփոխությանը: Ես իմ համոզմունքներին հակառակ քվե եմ տալու, եթե այո քվեարկեմ»:

Hayk_Alumyan

Նա առաջարկեց լուծում այս իրավիճակից. այն փոփոխությունները, որոնք իրար հետ փոխկապակցված են, օրինակ, իշխանական գլուխների ձեւավորման հետ կապված՝ առանձին դնել քվեարկության: Այն փոփոխությունները, որոնք կապված չեն այդ դրույթների հետ, առանձնացնել. «Հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ պիտի կարողական առանձին-առանձին քվեարկել: Ո՞վ է մեղավոր, որ ամեն անգամ մեր Սահմանադրությունում 200-ից ավելի փոփոխություն են անում, սկի ՍՊԸ-ի կանոնադրությունն այսպես արագ չի փոփոխվում: Այսօր ինձ ստիպում են, բռնանում են իմ կարծիքի ազատ արտահայտմանը: Ինձ տալիս են ընտրություն՝ կամ պիտի ասեմ այո, կամ ոչ՝ երկու դեպքում էլ իմ կարծիքին հակառակ գնալով»:

Նա ասաց, որ բնական է, քաղաքական կուսակցությունները միայն քննարկում են քաղաքական բլոկը նախագծի. «Իրենք քաղաքական գործիչներ են, հայտնվել են այն հայտնի հրշեջի կարգավիճակում, որին հարցնում են՝ դաշնամուրը ջութակից ինչով է տարբերվում, պատասխանում է՝ դաշնամուրը երկար է վառվում: Քաղաքական կուսակցությունների համար առաջարկվող փոփոխությունները նույնն են, իրենց համար կարեւոր է՝ համամասնական է լինելու, թե մեծամասնական, երկրորդ փուլ լինելու է, թե չէ,կայուն մեծամասնություն լինելու է, թե չէ: Իրենց միայն դա է հետաքրքրում»:

Քննարկման մասնակիցներից մեկը փորձեց հակադարձել Ալումյանին, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգը թող այդքան չգովի, համամասնական ընտրակարգով կարող են իրականում ընտրվել 100 տոկոս մեծամասնական ցուցակով. «Ընտրացուցակները լինելու են ռեյտինգային: ՀՀԿ-ն դնելու է իր ցուցակը, օրինակ, Սյունիքի մարզպետը, որը իրենց համար շատ լավ աշխատել է, այդ մարզպետը ցուցակում բարձրանալու է վերեւ: Նույն սկզբունքով ընտրվելու են մյուսները: Եթե հիմա ունենք 41 տեղ մեծամասնական, համամասնական ցուցակի 95 տոկոսը լինելու է, ըստ էության, մեծամասնական: Բոլոր այդ օլիգարխները աշխատելու են այդ ցուցակի համար: Մենք չգիտենք Սահմանադրության լավ կետերը ինչի են վերածվելու եւ ինչ սարսափելի ծուղակ են լինելու մեզ համար»:

Hayk_Alumyan-3

Հայկ Ալումյանը պատասխանեց. «Համամասնականը լավ մոդել է: Եկեք էլի էդ հրշեջին չնմանվենք, մարդու իրավունքներից խոսենք: Ոչ մեկին չի հետաքրքրում՝ Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը պատգամավոր համամասնականով կդառնա, թե՞ մեծամասնականով: Հանրությանը դա քիչ է հետաքրքրում: Խնդիրն այն է, որ մենք պետք է քվեարկենք մեր ցանկությամբ, ոչ թե հարկադրաբար, որ մեզ չասեն՝ տեսեք ինչքան լավ պատգամավոր եք ունենալու ու դրա տակ անցկացնեն ինչ ասես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930