Ոստիկանի հարվածից լսողությունը կորցրած 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավին դժգոհ է իրեն ապտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքից։
– Ձեզ հարցաքննելուց բացի, այլ քննչական գործողություններ այս ընթացքում չե՞ն կատարվել։
– Քրեական գործի հարուցումից եւ ինձ հարցաքննելուց հետո 17 օր է անցել, քննիչն ասել էր՝ կկանչեմ, բայց չի կանչում, գործը քնեցրել են, երեւի վերեւներից նեղում են իրեն, չեն թողնում, որ գործին համապատասխան ընթացք տա։ Ես միայն այդ ոստիկանից չեմ բողոքում, ինքը կատարող է, հրամանն արձակել է իր հրամանատարը, եթե իր հրամանատարը չասեր՝ գնա ծեծի, ջարդի, ես տեր եմ՝ նա երբեք իր ձեռքերին ազատություն չէր տա։ Ես եղել եմ բանակային, ես ոնց կարող էի իմ հրամանատարի հրամանը չկատարել, սա ուղղակի ծիծաղեի է։ Հստակ այդ ոստիկանն ունեցել է հրահանգ, թե ում հարվածի։
– Ձեր հետագա գործողությունները որո՞նք են լինելու:
– Քանի դեռ այս իշխանությունն է, այս գործը քնեցվելու է, եւ ես ելքեր եմ փնտրում, որ դիմեմ Եվրոպական դատարան։
– Պարոն Դեխնավի, դուք դատաբժշկական փորձաքննություն եք անցել, ի՞նչ եզրակացություն է տվել դատաբժիշկը։
– Այո, ես ուղեգիրը ստացել եմ, գնացել եմ դատաբժշկական փորձաքննության։ Բայց փաստորեն 17 օր առաջ քննիչն ինձ ասում է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության թղթերը ճանապարհին կորել են, եւ իրենց չի հասել։ Երբ ես իրեն ասացի, որ ինձ մոտ կան այդ փաստաթղթերի պատճենները, ինքը զարմացավ եւ հարցրեց, թե քեզ որտեղի՞ց այդ պատճենները, ես պատասխանեցի, որ իրավունք ունեի դրանք վերցնել։ Քննիչն ասաց, որ պատճենները չի կարող հիմք ընդունել եւ պետք է տեսնեն՝ որտեղ է կորել, գտնեն։ Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, ապա ասեմ, որ դատաբժիշկը կատարել է քննիչների կամքը։ Նա հատուկ սարքերով ստուգման ենթարկեց իմ ականջները, հատուկ սարքերը ցույց տվեցին, որ ձախ ականջիս ուղիղ 70 տոկոս լսողությունն այժմ զրոյի է հավասարվել, իսկ աջ ականջիս լսողությունը 20 տոկոս է: Դատաբժիշկը մի կիսագողական եզրակացություն է տվել, նշելով, որ քանի որ չունի հիմքեր, թե 7 տարի առաջ ձախ ականջիս լսողությունը ինչքան է եղել, հետեւաբար ինքը չի կարող եզրակացնել, որ այդ հարվածից է լսողությունս դարձել զրո։ Ստացվում է, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները քրեական գործում չկան, ճանապարհին կորել են, իսկ նոր փորձաքննություն նշանակելու մասին խոսք չկա։ Հիմա իրենք երեւի քննարկում են, թե ոնց կոծկեն գործը։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում