Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղից է ֆինանսավորվում «Ոչ»-ի շարժումը

Սեպտեմբեր 24,2015 16:00

Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ իշխանության քարոզչամեքենայի ուղիղ կեսը ասում է,
որ Արեւմուտքն է կանգնած ձեր հետեւում, մյուս կեսն ասում է՝ ՌԴ-ն է կանգնած:

«Սա պատմական փաստ է: Ես կասեի՝ ընդդիմությունը երբեք այսքան մեծ ճակատ չէր ստեղծել: Սեպտեմբերի 12-ին բազմաթիվ հակասություններ ունեցող քաղաքական ուժերը եկան ու ստորագրեցին մեկ փաստաթղթի տակ` համաձայնելով, որ սահմանադրական փոփոխությունները ծառայում են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրմանը, եւ այդ արկածախնդրությունը պետք է մերժվի: Սա ինքնին արդեն մեծ նվաճում էր»,- ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն «Առավոտի» հետ զրույցում «ոչ»-ի շարժման մասին այսպիսի գնահատական տվեց:

Ըստ նրա՝ իշխանության քարոզչամեքենան կարողացել էր պառակտում մտցնել եւ բարիկադների տարբեր կողմերում կանգնեցնել քաղաքական ուժերին եւ քաղաքացիական նախաձեռնություններին, ՀԿ-ներին. «Այն փաստը, որ քաղաքացիական նախաձեռնությունները եւ կազմակերպությունները եկան եւ քաղաքական ուժերի հետ միասին ստորագրեցին այդ փաստաթուղթը, նույնպես շատ կարեւոր էր եւ մարտավարական պարտություն՝ այս իշխանությունների համար: Փաստորեն, նրանց այդ ծուղակն այլեւս չի գործում: Ստեղծվել է «ոչ»-ի ճակատ: Այդ ճակատի մեջ մտել են բոլոր՝ քիչ թե շատ հայտնի քաղաքական ուժերը, իսկ ով չի մտել, չնայած «ոչ»-ի կողմնակիցն է եղել, դա արդեն թող իրենց խղճի վրա մնա: Իսկ մեր դաշինքը թե ինչքան առաջ կգնա, դա արդեն կախված է ոչ միայն ՀԱԿ-ից, ՀԺԿ-ից, «Ժառանգությունից» կամ այլ քաղաքացիական նախաձեռնություններից, այլեւ կախված է բոլորից:

Մենք միասնական ծրագրով պետք է մերժենք այդ փոփոխությունները: Ամեն ինչ կախված է նրանից՝ մենք ժողովրդին ոտքի կկարողանա՞նք բարձրացնել, թե՞ չէ: Եթե չլինի դիմադրության շարժում, անհանդուրժողականության մթնոլորտ կեղծիքների դեմ, եթե չլինի պայքարի միջավայր, Սահմանադրությունը կանցկացնեն շատ հեշտ: Մեծ ջանքեր պետք չեն: Եթե դիմադրություն չկա, շատ հեշտ է կեղծելը: Եթե լինի դիմադրության շարժում, անկախ արդյունքից՝ դա արդեն հաղթանակ է: Իսկ եթե հաջողվի խափանել իրենց պլանները, դա կլինի հայաստանյան ժողովրդավարության համար թռիչքային առաջընթաց»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ընդդիմությունը ֆինանսապես ջախջախված վիճակում է, առանց միջոցների ինչպե՞ս եք անելու՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Հայաստանում բռնապետությունը թույլ է տալիս, որ կուսակցությունները գրանցվեն, բայց իր ամբողջ ռեպրեսիվ ապարատը լարում է, որ թույլ չտա, որ իրենց վերահսկողությունից դուրս կուսակցություններին ֆինանսավորեն: Օրինակները շատ են՝ սկսած Սուքիասյանների բիզնեսի ջախջախումից: Կարելի է բազմաթիվ օրինակներ ասել, որոնց մասին հրապարակային չենք կարող խոսել, որովհետեւ այդ մարդիկ իշխանական տեռորի հարվածների տակ ընկնելուց, բավականին դաժան ճանապարհ անցնելուց հետո չեն ցանկանում խոսել: Այդքան վստահ, որ շարմազանովները խոսում են, ասում են՝ տեսեք, ընդդիմությունը ոչ մի տեղ չի գնում, ոչ մի ՏԻՄ ընտրությունների չի մասնակցում, գյուղեր չեն գնում, այդ նույն շարմազանովները մոռանում են նշել, որ դա հետեւանք է հենց այս նույն բռնապետության տեռորի: Քաղաքականությունն այնպիսի բան է, որ դրա համար անհրաժեշտ են հսկայական միջոցներ: Ժողովրդավարական երկրներում խոշոր բիզնեսմենները ֆինանսավորելով որեւէ քաղաքական ուժի՝ լուրջ հնարավորություններ ունեն հասցնելու այդ ուժին հաղթանակի: ՀՀ-ում, քանի որ ընտրակեղծիքներով ընտրական համակարգը վերացված է, շատերը չեն տեսնում որեւէ շանս: Անգամ եթե համակրեն ընդդիմության ծրագրերին, սկզբունքներին, չեն ցանկանում փողը քամուն տալ մի երկրում, որտեղ հասարակական կարծիքում հաղթելը դեռ ոչ մի բան չի նշանակում: Դա հանցանք է ժողովրդավարության նկատմամբ: Գալու է ժամանակ, երբ իրենք այդ գործողությունների համար նստելու են բանտում»:

Մեր դիտարկմանը՝ իշխանություններն ասում են, որ ձեր թիկունքին արեւմտյան ուժերն են կանգնած, եւ «ոչ»-ի շարժումը մայդան անելու վերջին շանսն է, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Սխալվում եք, իշխանության քարոզչամեքենայի ուղիղ կեսը ասում է, որ Արեւմուտքն է կանգնած ձեր հետեւում, մյուս կեսն ասում է՝ ՌԴ-ն է կանգնած: Դա մեզ, իհարկե, ուրախացնում է: Դա նշանակում է, որ իշխանությունն իրականում ինքն էլ է հասկանում, որ չունի այս բարեփոխումների համար աջակցություն ո՛չ Արեւմուտքում, ո՛չ էլ Ռուսաստանում: Նրանք չունեն միջազգային որեւէ աջակցություն: Մնացածը ուղղակի հիմարություն է, եւ այնքան հիմար են, որ չեն կարողանում իրենց սեփական պրոպագանդան գոնե այնպես կառուցել, որ մեկի ասածը չհակասի մյուսի ասածին»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել