Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները պատրաստ են «ցասումը կոնկրետ գործի վերածել»

Սեպտեմբեր 24,2015 15:00

Գառնիկ Իսագուլյանը միանգամայն արդարացված է համարում այդ վարքագիծը

– Այն, ինչ որ կատարվեց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հետ, արդյոք պատասխա՞նն էր իր իրական անկախությունը պահանջող հայ ժողովրդին: Անկախության 24-ամյա տարեդարձի տոնակատարությունների օրը Հայաստանի անկախության ակունքներում կանգնած ազատամարտիկին եւ քաղաքացիական ակտիվիստին նման դաժան ծեծի ենթարկելը ի՞նչ ուղերձ էր:

– Նախ՝ Սմբատ Հակոբյանին որպես ազատամարտիկ ներկայացնելը նշանակում է իր մասին ոչինչ չասել. 1987-88 թվականներից ղարաբաղյան շարժման ամենաակտիվ անդամներից մեկը, Հայաստանի առաջին անկախ պետության Գերագույն խորհրդի պատգամավոր, բանակի գնդապետ: Առաջինն, իմիջիայլոց, երբ ՀՀՇ-ի հիմքում նոր ձեւավորվում էին ջոկատները, Սմբատ Հակոբյանն էր, որ այդ ամենը համակարգում էր: Նույնիսկ ժողովուրդը նրան «սպարապետ» կոչումն էր տվել: Սմբատ Հակոբյանը մեր անկախության, կարելի է ասել, սիմվոլներից մեկն է: Նա մարմնավորում է 1988-ի շարժումը՝ մինչեւ այսօր:

Ես կարծում եմ՝ սա իսկապես հարձակում է ոչ թե միայն Սմբատ Հակոբյանի վրա, այլ նաեւ մեր անկախության վրա, ազատամարտիկների, բանակի, շարժման ակտիվիստի, քաղաքական գործչի վրա: Այս բոլոր հատկանիշներով Սմբատն օժտված է: Իմիջիայլոց, շատ բարին կամեցող եւ շատ հանգիստ մարդ է: Ճիշտ է, ելույթներում երբեմն-երբեմն շատ կտրուկ արտահայտություններ է անում, բայց եթե վերցնենք այսօրվա քաղաքական դաշտը, ամենահավասարակշռված մարդկանցից մեկն է Սմբատը: Նա նույնիսկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման օրերին փորձում էր ամեն ինչ անել, որ ոստիկանությունն ու երիտասարդները կարողանային շատ համերաշխ իրար հետ գոյատեւել այդ մեկ շաբաթը: Նա ամենահանդուրժող, ամենակիրթ, ամենալավ հարաբերությունները բոլորի հետ պահպանող քաղաքական գործիչ է:

Ես զարմանում եմ, որ այդքանից հետո կարող է հարձակում լինել Սմբատ Հակոբյանի վրա: Իշխանությունները շատ արագ պիտի միջոցներ ձեռնարկեն: Ես չեմ կարծում, թե իրենք չգիտեն՝ ովքեր են անողները: Ընդ որում, այդ միջոցները պիտի լինեն ամենախիստը: Այլապես կստացվի, որ մեր երկրում այլեւս իշխանություն գոյություն չունի:

– Այս ամենի հետեւում, այնուհանդերձ, քաղաքական հետք տեսնո՞ւմ եք, քանի որ նաեւ տարբեր վարկածներ են շրջանառվում՝ անձնական ինչ-ինչ խնդիրների, չպարզված հարաբերությունների մասին:

– Գիտեք, ամեն ինչի հետ միասին ինքը նաեւ քաղաքական գործիչ է, եւ եթե քաղաքական գործչի վրա տեղի է ունենում հարձակում, փորձել այդ ամեն ինչը քաղաքական կոնտեքստից հեռու պահել, ես կարծում եմ՝ ուղղակի չի հաջողվի:
Միանշանակ կան պատվիրատուներ, ու այդ ամենը հիմա պետք է շատ արագ բացահայտվի:

– Դուք գիտե՞ք՝ ով է պատվիրատուն:

– Ես կարծում եմ՝ բոլորն արդեն գիտեն: Նաեւ՝ իշխանությունները: Շատ արագ պետք է միջոցներ ձեռնարկել եւ շատ արագ հանգուցալուծել այս հարցը:

– Նկատի ունեք Ռուբեն Հայրապետյանի՞ն: Սմբատի հայտարարությունը նրա մեղավորության մասին շատ թեական էր:

– Ես որեւէ մեկին նկատի չունեմ: Բայց վստահ եմ, որ իշխանությունը շատ լավ գիտի՝ ով է, ովքեր են:

Գիտեք, այն ամենը, ինչ տեղի ունեցավ «Արաբոյի» Մանվելի հետ, Ռազմիկի հետ, մյուս տղաների հետ, քաղաքական գործիչների, հիմա էլ՝ Սմբատի հետ,… սա ինչ-որ մի շղթա է, որը պետք է կտրել: Լավ կանեն՝ իրենք՝ իշխանությունները կտրեն այդ շղթան:

– Այլապե՞ս:

– Այլապես ամեն մի բաժակ լցվում է: Նաեւ՝ համբերության բաժակը: Ես տեսնում եմ, որ էլի նման հավասարակշիռ մարդիկ, ովքեր գուցե խիստ ելույթներ են ունենում, բայց իրենց էությամբ հավասարակշիռ մարդ են՝ «Արաբոյի» Մանվելը եւ մյուսները, արդեն իսկ նրանց համբերության բաժակը լցվում է: Այս տղաները, ովքեր իրենք էլ նստել են ժամանակին՝ ոչ առանց քաղաքական դրդապատճառների, այսօր արդեն չեն դիմանում եւ պատրաստ են ցասումը կոնկրետ գործի վերածել:

– Կան ազատամարտիկներ, ովքեր իշխանության հետ են, այս պահին սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի ճակատում, կան, որ ընդդիմության շարքերում են՝ այս պահին «Ոչ»-ի ճակատում: Այսինքն՝ բոլորը չէ, որ դժգոհ են, դժգոհության հարցում միասնական չեն:

– Գիտեք, ազատամարտիկ չի նշանակում քաղաքական առումով միանշանակ եւ միաձեւ մտածողներ: Մեկը կարող է «կողմ» լինել, մյուսը՝ «դեմ»: Սա ամենեւին որեւէ բան չի նշանակում: Ամեն մեկն իր գաղափարները, տեսակետներն ազատ արտահայտելու իրավունք ունի: Բայց դա չի նշանակում, որ նրանք միմյանց նկատմամբ թշնամի են: Ես այս բողոքի ակցիային տեսնում եմ բոլորին ու կարծում եմ, որ դա պատահական չի: Այդ «այո»-ն ու «ոչ»-ը քաղաքական, իրավական խնդիր է իրենց համար, բայց այստեղ իրենց ընկերոջ հարցն է: Այդ հարցում, կարծում եմ, բոլորը միասնական են, եւ տարաձայնություն չկա:

– Ռուստամ Գասպարյանն իր զինակից եւ դաշնակից ընկերների լուռ նախատինքին արժանացավ՝ Սերժ Սարգսյանի մոտ սահմանադրական բարեփոխումները քննարկելու համար: Կիսո՞ւմ եք այդ նախատինքը:

– Ես բոլորի վարքագծին վերաբերվում եմ շատ պարզ ու հասարակ ձեւով. քաղաքական եւ իրավական առումով այդ մարդիկ այդ բոլոր իրավունքներն ունեն: Դա իր խնդիրն է: Լավ կլինի, որ մենք այդ կարգի խնդիրներով չփորձենք տրորել ոչ մեր երիտասարդությանը, ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը: Դրանք գործընթացներ են, որ ցանկացած քաղաքակիրթ երկրում կարող են տեղի ունենալ: Այսինքն՝ այդ տարանջատումը չի կարող բերել թշնամական փոխհարաբերությունների եւ հարաբերությունների, որոնց ելքը մենք այսօր Սմբատ Հակոբյանի վրա տեսնում ենք:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930