Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց երկի՞նքը փակեց «Էյր Արմենիայի» օդերը

Սեպտեմբեր 24,2015 14:30

«Էյր Արմենիան» արդեն 4-րդ հայկական ավիաընկերությունն է, որի գործունեությունը ձախողվում է. «Հայկական ավիաուղիներն» ու «Արմավիան» սնանկ ճանաչվեցին, ԱԺ նախկին պատգամավորներ Գագիկ Ծառուկյանին եւ Վերսանդ Հակոբյանին պատկանող «Արմենիան ինթերնեյշնլ էյրվեյսի» ինքնաթիռը կործանվելուց հետո այս ընկերությունն այլեւս չաշխատեց, հիմա էլ «Էյր Արմենիան» է սնանկ ճանաչվելու ճանապարհին: Վերջինս հարկադիր սնանկ ճանաչելու հայցով դատարան է դիմել HSBC բանկը, որին ավիաընկերությունը պարտք է 2 միլիոն 150 հազար եվրո, իսկ ավիաընկերության ընդհանուր պարտքը կազմում է 16 միլիոն դոլար:

«Էյր Արմենիայի» 51% բաժնետոմսերի սեփականատեր Արսեն Ավետիսյանն «Առավոտին» վստահեցրել է, որ ինքը կարող է պարտքերը փակել եւ վերսկսել աշխատանքը. Ավետիսյանը հույս ունի, որ եկող տարվա ապրիլից կվերականգնվեն ավիաընկերության թռիչքները, իսկ մինչ այդ ընկերության հաշիվների վրա կալանք է դրված:
Այս տարվա օգոստոսին քաղավիացիայի ղեկավար Արտյոմ Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում որպես «Էյր Արմենիայի» շուկայից դուրս գալու պատճառ նշել էր. «Տնտեսապես չկարողացավ մրցակից լինել, բավարար ֆինանսական բազա չունեցավ: Յուրաքանչյուր բիզնես ունի իր արժեքը»:

Մինչդեռ ավիաընկերության ղեկավար Արսեն Ավետիսյանն «Առավոտի» հետ զրույցում այլ պատճառներ է ներկայացնում, ավիաընկերության ձախողման մեղքը բարդում է այլ գործոնների վրա, բայց ոչ՝ իր կառավարման: Մասնավորապես, այդ պատճառներից մեկը՝ բաց երկնքի քաղաքականությունը, քանդեց «Էյր Արմենիայի» տունը:

Արսեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ խնդիրն այն է, թե արդյոք ՀՀ կառավարությունն ուզո՞ւմ է ազգային, հայկական ավիափոխադրող ունենալ, թե՞ ոչ. «Ես գիտեմ, որ պետական շատ այրեր ուզում են, հիմա այս հռետորական հարցին եթե պատասխանեմ՝ այո, Հայաստանը պետք է պարտադիր ունենա ազգային փոխադրող, այս պարագայում խնդիրները լուծվում են: Բայց քանի որ կա բաց երկինք, խնդիր է ազգային փոխադրող ունենալը: Այն օրը, երբ «Էյր Արմենիան» կատարեց իր առաջին ուղեւորափոխադրումը, հենց նույն օրը կառավարությունը հայտարարեց բաց երկնքի քաղաքականությունը ներդնելու մասին: Եթե ես իմանայի, որ բաց երկինք է լինելու, չէի սկսի, մեզ «սյուրպրիզ արեցին»:

Մենք պարոն Ավետիսյանին հիշեցրինք, որ մինչ պաշտոնապես հայտարարելը, որ բաց երկնքի նախագիծն ուժի մեջ է մտնում, խոսվում էր, որ պատրաստվում է նման ծրագիր, Ավետիսյանն ասաց. «Իսկ քանի՞ անգամ են այդ հայտարարողները հանդիպում ունեցել ավիաընկերություններից որեւէ մեկի հետ: Ոչ մի անգամ: Ես շահագրգիռ կողմ եմ, գուցե իմ ասածները օբյեկտիվ չլինեն. բաց երկինքն ինքնին վատ բան չէ, բայց եթե ՀՀ կառավարությունը ԱՄՆ-ի հետ բաց երկնքի պայմանագիր ունի 10 տարուց ավելի, Հոլանդիայի հետ՝ 1996 թվականից, երկուսի հետ բաց երկինք է: Այսինքն՝ այդ ուղղություններով համաձայնագրեր կնքելուն, ես կողմ եմ, բայց հանելով սահմանափակումները կոնկրետ ԱՊՀ տարածաշրջանում՝ բերեց նրան, որ հայկական ավիափոխադրող մենք չենք կարող ունենալ: Այն ժամանակ ես ուղղակի գոռում էի՝ ում հետ, ինչքան ուզում եք՝ կնքեք բաց երկնքի պայմանագիր, որ երկրից ուզում են՝ թող գան, բայց հանկարծ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ սահմանափակումները չհանեք»:
Ավետիսյանը վստահեցրեց, որ ռուսական եւ ուկրաինական ավիաընկերությունները գնային առավելություններ ունեն «Էյր Արմենիայի» նկատմամբ. «Ներկայումս ռուսական ավիաընկերության Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի մեկ տոմսը 65 դոլարով ավելի էժան է, իրենք «Ռոսայրոնավիգացիային» վճարում են իրենց ներքին սակագնով, որն առնվազն 2 անգամ ավելի էժան է, իրենց օդանավակայանին եւս վճարում են ավելի էժան, քան օտարերկրյա ընկերությունները, որը մաքսիմում 30% էժան է մեր վճարվող գումարներից, ավիավառելիքը՝ նավթը, իրենք իրենց մոտ լիցքավորում են 1 տոննան 450 դոլարով, երբ Հայաստանում 850 դոլար է:

Այսքանից հետո ո՞նց կարող է հայկական փոխադրողը մրցակցի ռուսականի կամ ուկրաինականի հետ»: Ավետիսյանն ասաց՝ եթե այդ ընկերությունները մեր երկրում սահմանափակում չունեն, ապա ՀՀ կառավարությունը պետք է ՌԴ-ի եւ Ուկրաինայի կառավարությունների հետ համաձայնագիր կնքեր, որպեսզի իրենց երկրում հայկական ընկերությունն իրենց ավիաընկերությանը հավասար պայմաններ ունենար. «Եթե կնքում ենք բաց երկնքի պայմանագիր, ուրեմն դու չպիտի ասես՝ «Էյր Արմենիայի» համար օդանավակայանը արժե 1000 դոլար, իսկ իրենց համար իրենց երկրում՝ 300 դոլար, սա պայմանական թվեր եմ ասում»:

Ավետիսյանը վստահեցրեց, որ ռուսական եւ ուկրաինական ավիաընկերություններին շատ քիչ են հետաքրքրում հայկական փոխադրողի Երեւան-Մոսկվա կամ Երեւան-Կիեւ թռիչքները. «Նրանք սկսում են գազազել, երբ հայկական փոխադրողը սկսում է եվրոպական ուղղություններով թռիչքներ կատարել կամ Եվրոպայով դեպի ԱՄՆ»: Ավետիսյանի խոսքերով՝ ներկայումս այդ շուկայի 90%-ը ռուսական եւ ուկրաինական ավիափոխադրողներինն է, որոնք ուղեւորներին տանում են հիմնականում Կիեւի եւ Մոսկվայի միջոցով Եվրոպա եւ ԱՄՆ: Ավետիսյանն ասաց, երբ «Էյր Արմենիան» սկսեց զարգացնել եվրոպական չվերթները՝ Աթենք, Փարիզ, Ֆրանկֆուրտ, որոշ մրցակիցների դուր չեկավ դա. «Նրանք հասկացան, որ նախ՝ Գերմանիայի ամբողջ շուկան նորից գալիս է հայերի ձեռքը, Ֆրանկֆուրտով մարդիկ սկսելու են թռչել ԱՄՆ, ու մրցակցային դաշտում չկարողացան մեզ խեղդել, խեղդեցին այլ դաշտում: «Ռոսայրոնավիգացիայի» հայտարարությունը կապում եմ դրա հետ. Հենց «Ռոսայրոնավիգացիան» հայտարարեց, որ մենք իրենց պարտք ենք, մեր տոմսերի վաճառքը 50%-ով ընկավ, ու մենք տրաքեցինք»:
Նկատենք, որ առանց ռուսական եւ ուկրաինական ընկերությունների էլ եվրոպական մի շարք ավիաընկերություններ Երեւանից չվերթներ էին իրականացնում, ու հազարավոր ուղեւորներ հենց եվրոպական ավիաընկերություններից էին օգտվում թե՛ բուն Եվրոպա մեկնելու եւ թե՛ ԱՄՆ մեկնելու համար: Հենց այդ եվրոպական ընկերություններն էլ ծածկում էին ու հիմա էլ ծածկում են այդ շուկայի գերակշիռ մասը:

Արսեն Ավետիսյանը 20 տարվա փորձ ունի քաղաքացիական ավիացիայում, զարմանալի է, որ այս հանգամանքը նա հաշվի չի առել, ու ձախողումը ռուսական եւ ուկրաինական ընկերությունների վրա է բարդում:

Զարմանալի է նաեւ, որ «Էյր Արմենիան» հույս ունի, թե ապրիլից կվերականգնի իր չվերթները. նախ՝ ընկերությունը սեփական օդանավ չունի, հարցականի տակ է օդաչուներ ունենալ-չունենալը, ներկայումս, մեր տեղեկություներով՝ 5-6 հայ օդաչուներ են մնացել Հայաստանում, որոնք եւս պատրաստվում են այլ երկրներում աշխատանքի անցնել: Եվ որ ամենակարեւորն է՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Արման Խաչատուրյանը հայտարարել է, որ եկող տարեսկզբից լեհական եւ չեխական գիգանտ ավիաընկերությունները վերադառնալու են հայկական շուկա, այդ ընկերությունները շատ մեծ ծավալի տրանզիտ ուղեւորափոխադրումներ ունեն Եվրոպայով ԱՄՆ, այսինքն՝ այն ուղղություններ, որոնց հետ հույսեր է կապում Ավետիսյանը:

Եվ ի վերջո՝ կառավարությունը առայժմ մտադիր չէ ազգային փոխադրող ունենալ, իսկ եթե որոշի էլ, ապա դա դժվար թե «Էյր Արմենիան» լինի:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930