Մեկնաբանում են երկու կիսամարաթոնի կազմակերպիչները
Հոկտեմբերի 4-ին Երեւանում առաջին անգամ կիսամարաթոն կանցկացվի (Yerevan Half Marathon)`այն էլ մասնավոր հատվածի աջակցությամբ: Մասնակիցներին առաջարկվում է 4 մրցատարածք՝ 21,1 կմ, 10 կմ, 2,1 կմ եւ մանկական՝ 1 կմ հեռավորությամբ: Վազքուղին չափագրվելու է Մարաթոնների եւ վազքի միջազգային միության (AIMS) կողմից, ինչի արդյունքում էլ կստանա միջազգային կարգավիճակ: Այս միջոցառման կազմակերպիչները մի խումբ հայազգի վազորդներ են Հայաստանից ու Ռուսաստանից, որոնցից մեկն էլ Երեւանյան կիսամարաթոնի պրոյեկտ-մենեջեր Անահիտ Ադամյանն է: Նա մամուլում փաստել էր, որ աշխարհի վազքի պայմանական քարտեզից Հայաստանը բացակայում է, մինչդեռ շատ կարեւոր է մեր երկրի անունն այդ պետությունների ցանկում: Տարօրինակ է, բայց Երեւանյան կիսամարաթոնին անակնկալ մրցակից է հայտնվել՝ «Երեւան ՌԱՆԱՐՄ»-ը: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն է որոշել պետական աջակցությամբ եւս մեկ կիսամարաթոն անցկացնել՝ այն էլ մեկ օրվա տարբերությամբ՝ հոկտեմբերի 3-ին: Այս պարագայում վազորդները ստիպված կլինեն բաժանվել երկու բանակի, ու երկու օր անընդմեջ վազելը նրանց համար հաստատ բարդ կլինի:
«Առավոտի» տեղեկություններով՝ պարոն Էմմիյանը սպառնացել է այլ մրցումների հնարավորությունից զրկել այն վազորդներին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել Երեւանյան կիսամարաթոնին: Նա մեկ այլ քայլի էլ է դիմել՝ եթե հոկտեմբերի 4-ի կիսամարաթոնի մասնակցության համար որոշակի գումար պետք է վճարվի, «Երեւան ՌԱՆԱՐՄ»-ին մասնակցությունն անվճար է: Վազորդները, բնականաբար, այս պատմության մեջ ամսի 4-ի կիսամարաթոնը տապալելու միտում են տեսնում:
«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նույն քաղաքում միաժամանակ երկու կիսամարաթոնի անցկացմանը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը շեշտեց, թե Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան պետական ծրագրի շրջանակներում կազմակերպում է ոչ թե երկու, այլ մեկ միջազգային կիսամարաթոն, եւ այդ ծրագիրն էլ իրականացվում է բոլոր իրավասու պետական եւ ոչ պետական կառույցների համաձայնությամբ եւ անմիջական մասնակցությամբ՝ ի դեմս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի:
Նա նաեւ հավելեց. «Երեւան ՌԱՆԱՐՄ»-ը ստացել է Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի եւ Միջազգային մարաթոնների եւ վազքարշավների ասոցիացիայի աջակցությունը, եւ սերտորեն աշխատում ենք աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Հունաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ֆեդերացիաների հետ` այս ամենամյա միջոցառումը սպորտային տուրիզմի զարգացման խթան դարձնելու նպատակով: Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի ֆրանսիական մեծ պատվիրակություն` իրականացնելու հոկտեմբերի 3-ին կայանալիք միջոցառման կազմակերպման ավարտական աշխատանքները: Նրանցից շատերը 20- 30 տարվա փորձ ունեն եւ կազմակերպում եմ Պրահայի, Նիցցայի եւ եվրոպական շատ այլ երկրների միջազգային մարաթոններն ու կիսամարաթոնները: Այսօր ինձ հայտնեցին, որ գրանցվածների թիվն անցել է 3500-ի շեմը»: Մեր հարցին՝ որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ ինքը սպառնում է հոկտեմբերի 4-ին կայանալիք կիսամարաթոնին մասնակցել ցանկացող վազորդներին, պարոն Էմմիյանն այսպես պատասխանեց. «Իմ ապրած 50 տարիներից 40-ը նվիրաբերել եմ աթլետիկա մարզաձեւին եւ այդ ընթացքում միայն աջակցել եմ մարզիկներին, որպեսզի կարողանան մասնակցել միջազգային խոշոր մրցաշարերին ու միջոցառումներին եւ մարզական նորանոր հաջողություններ արձանագրեն:
Կարդացեք նաև
Բազմաթիվ անգամ անձամբ եմ նրանց համար մարզահավաքներ կազմակերպել եւ Ֆրանսիայում, եւ տարբեր երկրներում: Արել եմ եւ դեռ անելու եմ ավելին, որ աթլետիկա մարզաձեւը զարգանա մեր երկրում: Մեր մարզիկները եւ հավաքականի անդամները մասնակցելու են առաջին միջազգային կիսամարաթոնին, ինչպես որ նախատեսված է ֆեդերացիայի տարեկան ծրագրով, եւ դա ավելի քան օրինաչափ է: Իմ ցանկությունն է, որ աթլետիկայի ոլորտի մասսայական միջոցառում կազմակերպելուց առաջ հարգեն եւ համագործակցեն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ, լինեն կառուցողական: Ցավոք, այդ մարդկանց չեմ ճանաչում, բայց ինչպես ասել եմ, հիմա էլ կկրկնեմ, որ մեր միջազգային կիսամարաթոնը բաց է բոլորի առաջ, եւ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն սպորտային ակումբների հետ, որոնք ցանկանում են նպաստել աթլետիկա մարզաձեւի զարգացմանը»:
Չնայած Էմմիյանը պնդում է, որ հոկտեմբերի 4-ին կայանալիք կիսամարաթոնի կազմակերպիչներին չի ճանաչում, Անահիտ Ադամյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ նրա հետ երեք անգամ հանդիպում է եղել, իրենք առաջարկել են համագործակցել, միավորել կիսամարաթոնները, սակայն այդպես էլ որեւէ կառուցողական պատասխան չեն ստացել:
«Մենք իրենց մոտիվները չենք հասկանում»,- ասաց Անահիտ Ադամյանը՝ նշելով, որ իրենց նախագիծը Էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակում է: Նա հայտնեց, թե շատ կուզենան, որ տարին երկու անգամ մարդիկ վազեն, ու ոչ միայն իրենց կիսամարաթոնի, այլեւ նման մյուս մասսայական միջոցառումների կազմակերպումը խթան հանդիսանա Հայաստանում սպորտային տուրիզմի զարգացման համար: Միջոցառման կազմակերպչից պարզեցինք, որ Երեւանյան կիսամարաթոնին 4000-ից ավելի մասնակից է գրանցվել, այդ թվում՝ ՌԴ եւ միջազգային առաջնությունների մասնակցած վազորդներ:
«Առավոտը» Երեւանի քաղաքապետարանից էլ փորձեց մեկնաբանություն ստանալ՝ ինչպե՞ս է թույլատրվել միանգամից երկու կիսամարաթոնի անցկացումը՝ մեկ օրվա տարբերությամբ, չէ՞ որ նման մասշտաբի միջոցառումը ենթադրում է որոշ փողոցների փակում, երթեւեկության հետ կապված խնդիրներ եւ այլն: Քաղաքապետարանից խոստացան ավելի ուշ մեկնաբանություն անել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.09..2015