Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե հայ երաժիշտը սոլո կարիերա չի անում, նրան ձախողակ են համարում»

Սեպտեմբեր 24,2015 13:00

Անվանի ջութակահար Լեւոն Չիլինկիրյանը դեմ է այս կարծրատիպին

«Առավոտը» հանդիպեց ջութակահար Լեւոն Չիլինկիրյանի (Մեծ Բրիտանիա) հետ, որն այս օրերին հայրենիքում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով՝ մասնակցելու 9-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնին:

Հայաստանում 1981թ. առաջին ելույթից հետո ճանաչված երաժշտին հայ հանդիսատեսը հաճախ է հանդիպում թե մենահամերգներով, թե Չիլինկիրյան կվարտետի կազմում եւ թե ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Բայց նշենք, որ Չիլինկիրյանի տարերքը եղել եւ մնում է կամերային երաժշտությունը: Դեռեւս 1960-ականների վերջերից արվեստագետը դաշնակահար Քլիֆըրդ Բենսոնի հետ երկարատեւ համագործակցություն է ծավալել: Այս դուետը հանդես է եկել Եվրոպայի բազմաթիվ երկրներում, իրականացրել ձայնագրություններ: Չիլինկիրյան կվարտետը հիմնվել է 1971թ., համերգներ է ունեցել բոլոր մայրցամաքներում, շուրջ 50 երկրներում: Կվարտետի ծրագրում մշտապես, մինչ օրս էլ ընդգրկված են Կոմիտասի ասլամազյանական մանրանվագները: Հայազգի երաժիշտը վարպետության դասեր է անցկացրել տարբեր երկրներում, նույնիսկ BCC հեռուստաընկերությունում: Ի դեպ, սեպտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ջութակահարը դարձյալ հրավիրում է վարպետության դասընթացների:

Հայազգի երաժիշտն, ինչպես ասում են՝ պարգեւների պակաս չունի: Վերջինը՝ Անգլիայի թագուհու պատվո շքանշանն է եւ Թագավորական ֆիլհարմոնիկ կազմակերպության կամերային երաժշտության մրցանակը, որն արվեստագետը ստացել է 2000թ.:
Ինչո՞վ բացատրել, որ վերջին շրջանում մենահամերգներով Հայաստան այցելող նույնիսկ աշխարհահռչակ երաժիշտները հարցազրույցների ժամանակ քիչ են խոսում սոլո կարիերայից, փոխարենը սիրով ներկայացնում են իրենց գործունեությունը կամերային տարբեր կազմերում: Իսկ հայաստանցի երաժիշտները մշտապես անդրադառնում են իրենց սոլո գործունեությանը: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Լեւոն Չիլինկիրյանը պատասխանեց. «Ինքս էլ եմ դա նկատել: Գուցե դա հայերի՞ գեների մեջ է, որովհետեւ յուրաքանչյուր հայ ցանկանում է դառնալ, ոչ ավել-ոչ պակաս՝ նախագահ»: Հետո էլ մանրամասնեց. «Նկատել եմ նաեւ, որ եթե հայ երաժիշտը սոլո կարիերա չի անում, նրան ձախողակ են համարում: Բայց չէ՞ որ հանդես գալ նվագախմբում կամ կամերային տարբեր կազմերում անհամեմատ ավելի բարդ է, քան սոլո ելույթը»:

Երբ հշեցրինք, որ շուրջ 10 տարի առաջ Երեւանում Չիլինկիրյանը կազմակերպել է իր անվան երկու մրցույթ, որն այլեւս շարունակություն չունեցավ, մեր զրուցակիցն այս առիթով հայտնեց, որ ավելի նպատակահարմար է գտնում վարել վարպետության դասեր, հայաստանցի երաժիշտների մոտ ինչքան հնարավոր է՝ սերմանել հարգանք կամերային երաժշտության հանդեպ:

Ռեպլիկին՝ իսկ դա ստացվո՞ւմ է, ջութակահարը պատասխանեց կոնկրետ օրինակով. «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արդեն որերորդ անգամ անցկացվող այս փառատոնի ծրագրում, բացի նվագախմբային երեկոներից, տեղ են գտել նաեւ կամերային երաժշտության համերգներ, օրինակ, դրանցից մեկին, որը կկայանա սեպտեմբերի 23-ին՝ Կամերային երաժշտության տանը, մասնակցելու եմ ես, Իռլանդիայից հրավիրված դաշնակահար Բարրի Դուգլասը, Մեծ Բրիտանիայից՝ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, Գերմանիայից՝ կլարնետահար Վենցել Ֆուքսը: Նշեմ, որ նրանք մեծ կարիերա են անում նաեւ իբրեւ մենակատարներ»:

Հետաքրքրվեցինք՝ իր մենահամերգներում հայ կոմպոզիտորներից միայն Տիգրան Մանսուրյանին պատվիրած Ջութակի կոնցե՞րտն է կատարում, Լեւոն Չիլինկիրյանն ասաց. «Առայժմ այո, այլ ժամանակակից կոմպոզիտորների դեռ չեմ անդրադարձել: Ինչ վերաբերում է Մանսուրյանի այդ հրաշք գործին, այն ներկայացրել եմ աշխարհով մեկ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930