Ի՞նչ է սելֆին: Ըստ Օքսֆորդյան բառարանի՝ այն ինքնալուսանկար է, որտեղ մարդն ինքն իրեն է նկարում հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով եւ տեղադրում սոցիալական ցանցում:
Ի՞նչ է նարցիսիզմը: Դեռ 100 տարի առաջ ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը տվել է այս հարցի պատասխանը. նարցիսիզմը ամենուրեք հանդիպող բնավորության գիծ է. երբ մարդը բացառիկ ինքնասիրահարվածություն է ցուցաբերում իր անձի հանդեպ: Այլ կերպ ասած՝ մենք ձեւավորվում ենք որպես եսասեր էակներ, որովհետեւ մեր հանդեպ ունեցած մեր սերը մեր հարմարվողական գոյատեւման զինանոցի մի մասն է կազմում: Ֆրոյդը նշել է նաեւ, որ երբ ինքնասիրահարվածության մակարդակը չափազանց բարձր է, այն մարդու համար խոչընդոտ է հանդիսանում սիրել կամ կարեկցել ուրիշներին: Այսինքն՝ դա անձնային խանգարում է, որն արտահայտվում է փառասիրությամբ, ինքնասիրահարվածությամբ ու եսասիրությամբ:
Ուստի, եթե մի փոքր նարցիսիզմը կարող է օգտակար լինել, ապա դրա չափազանց շատ լինելը բավականին ծանր արդյունքների կարող է հանգեցնել: Եվ եթե սա խնդրահարույց է անհատական մակարդակով, ապա շատ ավելի լուրջ հետեւանքներ ունի հավաքական կամ խմբային մակարդակով:
Արդյո՞ք վերջին տեխնոլոգիաների ի հայտ գալը, ինչպիսիք են սմարթֆոններն ու սոցիալական լրատվամիջոցները, կարող է մի կողմից մեր ինքնասիրահարվածության միտումները բարձրացնել, իսկ մյուս կողմից՝ վնաս տալ լայն հասարակությանը: Զարմանալի չէ, որ բազմաթիվ հեգնական ուղեցույցներ են հրատարակվել, թե ինչպես պետք է չմեռնել սելֆի անելու ժամանակ: Սրանք բացատրում են՝ ինչպես սելֆի անել վտանգավոր կենդանիների հետ կամ բնական աղետների ժամանակ: Սելֆիի ձող օգտագործողները, անկասկած, պետք է հիշեն, որ նրանք ֆիզիկապես ապրում են ֆիզիկական եւ ոչ թե իրենց պատկերացրած վիրտուալ աշխարհում:
Արդյո՞ք սելֆիի ձողը պարզապես կոչ է ինքնասիրահարվածներին, կամ գուցե դրանք գործնականում կարող են բարձրացնե՞լ մարդկանց ինքնասիրահարվածությունը: Դեռ պարզ չէ, բայց մարդկային սովորույթների մեծ մասը դիրքորոշումների եւ շրջակա միջավայրի փոխազդեցությունների արդյունք է. ինքնասիրահարված մարդը իսկապես կարող է ավելի խոցելի լինել սելֆիի համախտանիշի նկատմամբ եւ դա իր հերթին նպաստում է, որ մարդիկ ավելի ինքնասիրահարված դառնան:
Ըստ անգլիական The Guardian պարբերականի ուսումնասիրությունների՝ Time ամսագիրը սելֆիի ձողը համարել է 2014 թվականի լավագույն հայտնագործություններից մեկը, Business Insider լրատվական կայքը հայտարարել է, որ այն արձակուրդների ժամանակ «ամենապետքական» գործիքն է եւ մեծապես կիրառվում է Հարավային Կորեայում, որտեղ չգրանցված օգտվողների համար գործում են տուգանքներ: Այնտեղ արդեն կա Ազգային սելֆիի պատկերասրահ: Անցած տարի New York ամսագրում մտահոգվելու տեղիք տվող հոդված էր տպագրվել, որտեղ գրված էր. «Սելֆիները փոխել են մեր սոցիալական փոխազդեցությունը, մարմնի լեզուն, ինքնաիրազեկվածությունը, անձնական կյանքը եւ հումորը՝ դրանք դարձնելով ժամանակավոր երեւույթ, հեգնանք եւ հանրային վարքագիծ»:
Հետազոտությունը պարզել է, որ կանայք ավելի շատ են սելֆիներ անում, քան տղամարդիկ: Սելֆիի հրապարակումը տղամարդկանց կողմից դիտվում է որպես ինքնասիրահարվածության նշան: Այս հետազոտությանն առնչվող վերջին մի քանի գիտական ակնարկները ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի շատ են հակված ինքնասիրահարվածության, քան կանայք:
Հետազոտողները խորհուրդ են տալիս սելֆիասեր բոլոր կանանց եւ տղամարդկանց հնարավոր ողբերգական դեպքերից խուսափելու համար ռիսկային քայլերի դիմելուց եւ կոճակը սեղմելուց առաջ մի քանի վայրկյան մտածեն իրենց առողջության մասին:
Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
23.09..2015