Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Հակոբյան. «Հաշվեհարդար են տեսել ու փորձել են ինձ սպանել»

Սեպտեմբեր 23,2015 23:25

Դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկը պնդում է, որ իր վրա հարձակումը «սուգուբը քաղաքական» դրդապատճառ ունի

«Երկու օր է որոշ լրատվամիջոցներ այս սպանության փորձը փորձում են որակել կենցաղային հողի վրա տեղի ունեցած: Հաշվեհարդար են տեսել ու փորձել են ինձ սպանել»,- քիչ առաջ Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում հայտարարեց սեպտեմբերի 21-ին դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Տեղեկացնենք, որ հիվանդանոցում մոտ երեք ժամ առերեսում էր տեղի ունենում Սմբատ Հակոբյանի եւ գործով ձերբակալված անձանց միջեւ: Ոստիկանության գործողություններից հետո, Սմբատ Հակոբյանը հայտարարեց. «Այս միջադեպը միջադեպ չի, է՜,  սպանության փորձը կապված է իմ քաղաքական-հասարակական գործունեության հետ: Կենցաղային ոչինչ չկա` որեւէ մեկին պարտք չեմ, գույքի, տան հարց, չգիտեմ ինչ…»

Նկատի առնելով լրատվամիջոցներում այս երկու օրերին հայտնված տարբեր հրապարակումներ, Սմբատ Հակոբյանն ասաց. «Ես այն մարդկանցից եմ, որ մարդու հետեւից կամ հեռախոսով մարդուն չի հայհոյում: Ես եթե բան ունեմ ասելու, երեսին ասում եմ: Բայց այս գործի հետ կապված նման բան էլ չի եղել»:

Սմբատ Հակոբյանն այսօր էլ պնդեց, որ որեւէ ուղղությամբ սլաքներ չի ուղղում. «Երեկ էլ ասել եմ, այսօր էլ կրկնում եմ, ճանաչել եմ այդ տղային` Տիգրանին, որը ժամանակին եղել է Հայրապետյանի թիկնազորից, հիմա կա՞, թե՞ չկա այնտեղ, տեղյակ չեմ»:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ երեկ ինքն է տվել Ռուբեն Հայրապետյանի անունը, պատմել իրենց խոսակցության մասին, որն ավարտվել էր` սպասի, դեռ կտեսնես, սպառնալիքով: Ազատամարտիկը վրդովվեց. «Էդ մարդուն հանգիստ թողեք: Դա երեք ամիս առաջվա խոսակցություն էր: Գործի վարույթը ցույց կտա, որ սա սուգուբը կապված է իմ քաղաքական գործունեության հետ»:

Քննության շահավետությունն ապահովելու նպատակով Սմբատ Հակոբյանն ասաց, որ հայտարարություն չի անի առերեսման մանրամասների վերաբերյալ: Հորդորեց հետեւել պաշտոնական հաղորդագրությանը: «Ճիշտ հետքի վրա են, ավելին ասել չեմ կարող»,- եղավ միակ պատասխանը: Նա նաեւ հավելեց, որ իր կողմից մատնանշված Տիգրանի մասին վաղը կամ մյուս օրն իր փաստաբանները հայտարարություն կանեն:

Սմբատ Հակոբյանը հերքեց նաեւ այն լուրերը, որ ինքը Տիգրանի հետ նույն սեղանի շուրջ բաժակ-բաժակի են խփել, միասին քեֆ արել. «Տիգրանի հետ ես առիթ չեմ ունեցել նույն սեղանի շուրջ նստել, որպես տերիտորիայի մարդիկ իրար բարեւել ենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին` նախագահը, ոստիկանապետ Վլադիմի Գասպարյանը իր որպիսությամբ հետաքրքվում են, բայց ակցիան, որին ամսի 21-ին մասնակցում էր Սմբատ Հակոբյանը ՀՀԿ-ի, հետեւաբար նաեւ նախագահի ու մնացյալի դեմ էր. ինչպե՞ս է այդպես ստացվում եւ իր հատկապես ո՞ր հայտարարության համար են իրեն նման դաժան ծեծի ենթարկում:

«Բաղրամյան պողոտա եւ այլն, քաղաքական չե՞ն: Եթե կան մարդիկ, ովքեր փաստեր ունեն` թող ներկայացնեն: Ծեծում են, հետո մեծ քարի կտորը քցում են մարդու գլխին, ասում են` լավ սատկավ, տանենք քցենք փոսը…»,- վրդովվեց ազատամարտիկն, այդպես էլ անպատասխան թողնելով կոնկրետ հարցը` իր ո՞ր քաղաքական հայտարարություններն են հաշվեհարդարի պատճառ դարձել:

«Ուզում եք զավադիդ անե՞ք ինձ, խոդի՞ քցեք: Բոլորը թող ականջներին օղ անեն, որեւէ մեկը չի կարող ասել, որ սա կենցաղային է, ես հստակ ասում եմ, մնացածը` դուք ինքներդ պարզեք»,-եզրափակեց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930