Նախաձեռնությունը պատրաստ է ծայրահեղ քայլերի դիմել, պահանջում են մատչելի երթեւեկություն
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող խորհուրդն այսօր Մաշտոցի պուրակում քննարկում էր կազմակերպել, որին հազիվ 10 հոգի էր մասնակցում:
Քննարկմանը ներկա էր Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը նախաձեռնության անդամներին խորհուրդ էր տալիս՝ ինչ պետք է անել, ինքն ինչ է արել եւ այլն: Մարուքյանը բերեց ԱՄՆ-ի օրինակը, երբ ճգնաժամի ժամանակ մարդիկ պարզապես անջատեցին ճանապարհներին տեղադրված տեսախցիկները, որոնք ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն էին ֆիքսում:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պայքարում է ճանապարհներին տեղադրված արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր գծերի դեմ:
Կարդացեք նաև
Ըստ խմբի՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն արձանագրող տեսախցիկներն իրականում խոչընդոտում են երթեւեկությունը:
Aravot.am-ի հետ զրույցում խմբի համակարգող Արմեն Եփրեմյանն ասաց, որ իրենք պահանջում են այդ տեսակցիկները հանել Երեւան քաղաքից. «Մենք չունենք մատչելի երթեւեկություն, մենք չունենք թելադրող նշաններ ճանապարհներին, բայց ունենք տեսախցիկներ: Ո՞նց է ստացվում, որ գումար չկա թելադրող նշանը՝ մի հատ ժեշտի կտորը դնեն, բայց տեսախցիկի գումար ունեն: Ասում են՝ գումար չունեն, իսկ ո՞ւր են գնում վարորդների վճարած տուգանքները, էդ միլիոններն ո՞ւմ գրպանն են գնում, ո՞վ է այդ ՍՊԸ-ն, որը պետք է գա մեր գրպանից գումար հանի: Եթե չհանեն դրանք, մենք ցավացնելու ենք ու գնալու ենք առաջ»:
Եփրեմյանն ասաց, որ փողոցային պայքարը ծայրահեղ մեթոդն է, աշխատելու են օրենսդրական դաշտի փոփոխության շրջանակներում:
Ինչ վերաբերում է խմբի կողմից ծայրահեղ քայլերի դիմելուն, ապա Եփրեմյանը պարզաբանեց. «Միգուցե քանդեմ տեսախցիկը՝ տանեմ այն կազմակերպութուն, որը տեղադրել է դրանք, որովհետեւ դրանց տեղը պիտի նշաններ տեղադրվեն: Եթե նշանները լինեն, խախտումներ չեն անի վարորդները»:
Մեր այն հարցին՝ գուցե միտումնավո՞ր չեն հանում, Եփրեմյանն ասաց. «Այո, մենք միտում ենք տեսնում»: «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգողն ասաց, որ այդ տեսախցիկների եւ արագաչափերի արձանագրած խախտումների հիման վրա հակասահմանադրական վարչական տույժեր են կիրառում, այն էլ սոցիալապես այս ծանր պայմաններում, դա անընդունելի է. «Այդ կարմիր գծերն էլ հակասահմանադրական են, դեռ որեւէ դատական գործ չի վիճարկվել, չունենք վճիռ, միշտ հետաձգում են: Մեր հայցադիմումներն այնքան բովանդակալից են, որ եթե վճիռ կայացնեն, հօգուտ մեզ է լինելու: Կարմիր գծերին ավելացրեցին դեղին գծեր, վաղը կլինի կապույտ գծեր: Մտել են մեր հանրային տարածք, տվել են տնտեսվարող սուբյեկտին, որպես մասնավոր սեփականություն: Նույնիսկ վարորդները, որոնք 12 հազար դրամը տարեկան վճարել են, չեն կարողանում կանգառել, որովհետեւ պարզվում է՝ դա ծառայողական ավտոկայանատեղի է, ասենք՝ ինչ-որ խանութինն է: Բայց դա իմ բացառիկ սեփականությունն է, հանրային տարածք է, մենք տարբեր հարկեր ենք վճարում, որպեսզի նորմալ ծառայություն ստանանք»:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ ինքն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, նախագիծը վարչական ընթացակարգերն է հստակեցնում. Օրինակ՝ առաջարկվում է արտադատարանական միջոցով թույլ չտալ անձին սեփականությունից զրկել, բացի այս, մյուս նախագիծը ճանապարհային երթեւեկության կանոններին է վերաբերում: Մարուքյանը հորդորեց սպասել համապատասխան հանձնաժողովի որոշմանը, որից հետո էլ հետագա քայլերը կհստակեցվեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ