Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի փոխնահանգապետ Պատրիկ Ալմանը՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության 1-ին քարտուղար Նիկոլա Ֆայի ուղեկցությամբ:
Փոխնահանգապետը նախարար Հրանուշ Հակոբյանին տեղեկացրեց, որ Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի նահանգը համագործակցում է Հայաստանի Լոռու մարզի հետ, հետաքրքրված է պատմամշակութային ժառանգությամբ հարուստ այդ շրջանում զբոսաշրջության զարգացմամբ և ցանկություն ունի Լոռիում հիմնել հայկական ինքնության զբոսաշրջության յուրահատուկ կենտրոն: Ինչպես նշեց հյուրը, իրենց ծրագրում նախատեսված է նաև գյուղատնտեսական մթերքների արտադրության ընդլայնում և համատեղ ֆերմերային տնտեսությունների հիմնում:
Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին, գոհունակությամբ նշեց, որ Ֆրանսիան այն երկիրն է, որի հետ Հայաստանն առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունի բոլոր ոլորտներում: Նախարարը բարձր գնահատեց Լոռու մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ նման նախաձեռնությունները կնպաստեն նաև փոքր բիզնեսի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ապակենտրոնացմանը:
Փոխնահանգապետ Պատրիկ Ալմանը շնորհակալություն հայտնեց նախարար Հ. Հակոբյանին և ընդգծեց, որ իրենց նախաձեռնությունը մեծապես պայմանավորված է Ֆրանսիայում ապրող հայության վարկանիշով և նրանց հանդեպ տածած խոր հարգանքով:
Կարդացեք նաև
Երկուստեք կարևորվեցին առանձին մարզերի և քաղաքների միջև ստեղծվող բարեկամության և համագործակցության նախաձեռնությունները, փոքր բիզնեսի զարգացմանը, ֆրանսերենի ուսուցմանը նպաստող ծրագրերի ընդլայնումը:
Զրույցի ընթացքում նախարարը պատասխանեց փոխնահանգապետ Պատիկ Ալմանին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին նախարարության գործառույթներին և սիրիահայության հիմնախնդիրներին:
ՀՀ սփյուռքի նախարարություն