Օրերս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է ոստիկանությունը պատրաստվում ցրել «Ոչ»-ի ճակատի հրավիրած ցույցերը՝ պատասխանեց. «Կլինի օրենքի սահմաններում՝ կգնա խաղաղ, թե չի լինի օրենքի սահմաններում՝ կպարենք»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը արձագանքեց. «Պարել ինքը կարող է միշտ՝ ըստ ճաշակի: Իր սիրած զբաղմունքը իր անձնական գործն է: Բայց այդ եթե-ն կարող է ընդհանրապես վերաբերել մենակ իրենց, որովհետեւ ընդդիմությունը Հայաստանում շատ լավ ավանդույթներ ունի, 1988-ից սկսած՝ ընդդիմությունը երբեք օրենք կամ Սահմանադրություն չի խախտել: Շատ լավ ավանդույթներ ունի խաղաղ ցույցերի, խաղաղ երթերի եւ փայլուն տիրապետում է այդ ժողովրդավարական գործիքի կիրառմանը: Ա՛յ, պրոբլեմը կապված է իշխանության հետ: Իշխանությունը ցույց է տվել, որ ինքն է խախտում օրենքը, ինքն է խախտում սահմանադրությամբ մեզ վերապահված քաղաքացիական ազատությունը, այդ թվում՝ ժողովների ազատության երաշխավորման սահմանադրական սկզբունքը»:
Լեւոն Զուրաբյանը Վլադիմիր Գասպարյանին զգուշացրեց. «Մենք էլ իրեն ասում ենք՝ եթե ինքը ամեն ինչ անի օրենքի սահմաններում՝ ուրեմն նրա հետ ժողովուրդը շատ ավելի մեղմ կվարվի ապագայում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև