Ըստ Գուրգեն Եղիազարյանի, ԱԱԾ-ի հայտարարությունը ամենաշատը կարող է ծիծաղ առաջացնել:
«ԱԱԾ-ն չպիտի նման հայտարարություն տարածեր: Զարուհի Փոստանջյանը պատգամավոր է, անձեռնմխելի է մինչ օրս: Ահաբեկել պատգամավորին, ասել, որ բոլոր սահմաններն անցել է, նրանց ոչ մեկին այդ իրավունքը չեն տվել: Եթե խնդիրներ ունեք պատգամավորի հետ, դրա համար գոյություն ունի ԱԺ էթիկայի հանձնաժողով: Բարի եղեք, խնդրեք Գալուստ Գրիգորիչին, միգուցե այդ հարցը քննարկեն: Բայց դուք պատգամավորին հաթաթաներ եք տալիս, չգիտես ինչեր եք ձեր գլխից դուրս անում՝ դրա իրավունքը ընդհանրապես չունենալով: Փաստորեն, այդ ձեր գործելաոճով ապացուցում եք, թե ինչ վիճակի մեջ է գտնվում ընդհանրապես հանրապետությունը»,- սեպտեմբերի 23-ին Aravot.am-ի հետ զրույցում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսպես մեկնաբանեց ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ուղղված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին :
Ըստ Գուրգեն Եղիազարյանի, դա իշխանական հայտարարություն էր. «Այն վիճակի մեջ, ինչում այսօր գտնվում է «Ժառանգությունը», երբ կուսակցությունը լքել է ոչ ավել, ոչ պակաս՝ երկրորդ մարդը՝ Ռուբեն Հակոբյանը, այս հայտարարությամբ ուղղակի նոր կոնֆլիկտներ տվեցին Զարուհի Փոստանջյանին: Դրա համար դա իշխանական հայտարարություն էր»:
Մեր հարցին՝ առաջ ԱԱԾ-ն նման զգուշացումներ քաղաքացիներին անում էր փակ, գաղտնի ձեւով, հիմա՝ բացահայտ ու հրապարակային, այս թափանցիկությունը լավ նշան չէ՞՝ նա պատասխանեց. «Ոչ թե գաղտնի էր անում առաջ, այլ ընդհանրապես, եթե վերադառնանք օրենքին, ապա նրանց հայտարարության համաձայն, փաստորեն, Զարուհու հանդեպ պետք է քրեական գործ հարուցվեր, ոչ թե ինչ-որ հայտարարություններով հանդես գային, որ եթե ձեզ խելոք չպահեք, այսպես կլինի: Այս ամեն ինչը շատ թույլ մակարդակի վրա ինչ-որ անհասկանալի գործողությունների շարան է: Բարի եղեք, քրեական գործ հարուցեք, չեք հարուցում՝ դրա համար գոյություն ունի ԱԱԾ-ում աշխատաոճ՝ հավաքել համապատասխան փաստեր եւ ներկայացնել պարոն Սահակյանին: Իսկ այս հայտարարությունը ամենաշատը կարող է միայն ու միայն ծիծաղ առաջացնել»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ որոշ հարցերում համաձայն է նրա հետ, բայց նրա հայտարարության մեջ նարնջագույն հեղափոխության տարրեր է տեսնում, որի հետ բնավ համաձայն չէ. «Բայց դա չի նշանակում, որ ԱԱԾ-ն այդպես պետք է պայքարի Զարուհու դեմ: Դա գործելաոճ չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ