Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ լավ է, որ ԱԱԾ-ն մենակ զգուշացրել է, որ խելոք մնա». ՀՀԿ պատգամավորը՝ Փոստանջյանին

Սեպտեմբեր 23,2015 18:17

Լեռնիկ Ալեքսանյանը, որպես ՀՀԿ-ական, Զարուհի Փոստանջյանից վիրավորվել է

«Հաշվի առնելով, որ նա կին է, շատ մեղմ եմ ասում՝ իր հայտարարությունները որեւէ քաղաքական, որեւէ հռետորական կուլտուրա չեն պարունակում: Վարկաբեկիչ են ե’ւ նախագահի հասցեին, ե’ւ կուսակցության հասցեին, վարկաբեկում է հարյուրավոր, հազարավոր մարդկանց՝ ՀՀԿ-ականներին: Նաեւ ԿԳԲ-ին՝ Ազգային անվտանգությանն է վարկաբեկում»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսպես մեկնաբանեց ԱԱԾ-ի զգուշացումը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:

Տիկին Փոստանջյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը, ըստ Լեռնիկ Ալեքսանյանի, իրավական հարց է, բայց փաստն այն է, որ Զարուհի Փոստանջյանը գիտի, թե ինչքան հայհոյեց, ինչքան բացասական բաներ ասեց, ինչքան հեղափոխության կոչեր արեց պետության դեմ, այնքան հերոս է դառնում. «Դա սխալ է, իր արած արտահայտությունները մարդիկ էլ չեն ընդունում, մենք էլ չենք ընդունում: Դա շատ բացասական տպավորություն է թողնում: Իսկ մնացածն իրավական խնդիր է»:

Մեր հարցին՝ այսինքն, ըստ Ձեզ, ԱԱԾ-ն ճի՞շտ է արել, որ Զարուհի Փոստանջյանին զգուշացրել է, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, ճիշտ չի Զարուհու արածը, մարդկայնորեն ճիշտ չի, քաղաքական առումով ճիշտ չի, իրավական դաշտում էլ ճիշտ չի: Չի կարելի էդ սահմաններն անցնել: Երկրի նախագահին կարելի է քննադատել, բայց ա՛յդ ոճով, ա՛յդ հռետորաբանությամբ չի կարելի: Դա վիրավորական է: Ես, որպես ՀՀԿ անդամ, վիրավորվում եմ: Հարյուրավոր մարդիկ են վիրավորվում, որովհետեւ մեզ մոտ էլ կան ե՛ւ լավերը, ե՛ւ վատերը: Իրենց մոտ էլ կան: Ո՞նց կարելի է ամբողջ կուսակցության հասցեին, ԱԱԾ-ի հասցեին այդպիսի բաներ ասել: ԱԱԾ-ն է այս երկիրը պահում: Ինքը շատ վատ ոճ է ընտրել, որը ոչ մեկին դուր չի գալիս: Դրսում էլ, ում հետ խոսել եմ, կեցվածքը, հռետորաբանությունը շատ բացասական են ընդունում»:

Մեր դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում ԱԱԾ-ի զգուշացումը որակել է որպես քաղաքական խոսքի նկատմամբ հետապնդում, Լեռնիկ Ալեքսանյանն արձագանքեց. «Նախ, իր խոսքը քաղաքական խոսք չի: Այդ խոսքի մեջ քաղաքական կուլտուրա չկա, քաղաքական խոսքը լրիվ ուրիշ հարթությունում է: Իսկ իր խոսքում շատ վարկաբեկիչ բաներ կան պետության նկատմամբ, անձի նկատմամբ, որը չի կարելի: Դեռ լավ է, որ ԱԱԾ-ն մենակ զգուշացրել է, որ խելոք մնա: Մի քիչ ավելի խորանանք, փորձենք հիմքեր գտնել, կարելի էր այդ վիրավորանքների համար իրենից պատասխանատվություն պահանջել»: Հետո Լեռնիկ Ալեքսանյանը հավելեց. «Ինքը որեւէ մեկից այդտեղ լավը չի, որ վիրավորում է՝ ոչ քաղաքական առումով, ոչ խելքով, ոչ էլ այս երկրի համար ինչ-որ բան է արել»:

Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ «ԱԱԾ-ի շենքը, որտեղ նաեւ գտնվել է Գարեգին Նժդեհը, որտեղ եղել է նաեւ իմ պապիկը, որտեղ եղել է իմ եղբայրը, որտեղ եղել են մեր հասարակության օրինավոր շատ եւ շատ քաղաքացիներ, որոնք ենթարկվել են թե՛ կտտանքների, թե՛ ապօրինությունների, Չարենցն է վերջիվերջո այնտեղ եղել, դա իրոք պետք է քանդենք, մենք դա չպետք է թույլ տանք մնա, եւ այնտեղ պետք է հիմնենք թանգարան»:

Լեռնիկ Ալեքսանյանը զարմացած է. «Բայց դա ի՞նչ կապ ունի, այն ժամանակ քաղաքական ուրիշ իրավիճակ է եղել, հիմա ուրիշ իրավիճակ է: Ուրեմն կոմունիստական հասարակարգում ինչքան շենքեր են սարքել՝ պիտի քանդես, բա դա տրամաբանակա՞ն է: Ի՞նչ կապ ունի այդ շենքը, այն այսօր ծառայում է մեր անկախ երկրի անվտանգությանը: Այսօր, եթե մենք ապրում ենք, նաեւ արխային ենք, դա ԱԱԾ-ի, ոստիկանության շնորհիվ է, որովհետեւ իրենք պետության, պետականության սյուներն են»:

Մեր հարցին՝ Զարուհի Փոստանջյանը պատգամավոր է, ունի մանդատ, անձեռնմխելիություն, մի՞թե խորհրդարանական ամբիոնի մոտ արտահայտվելու համար կարելի էր այդպես կոշտ արձագանքել,  Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Որ անձեռնմխելի է, կարելի՞ է երկրի ղեկավարի հասցեին վիրավորական խոսք ասել, նա էլ է չէ՞ անձեռնմխելի»:

Ըստ Լեռնիկ Ալեքսնյանի, ԱԱԾ-ն ընդամենը զգուշացրել է, գործողությունների չի դիմի` հաշվի առնելով, որ նա կին է: Բացի այդ, Զարուհի Փոստանջյանին ճանաչում են, եւ նրա ասածները լուրջ չեն ընդունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930