Առողջապահության համակարգի զարգացման գործում ներդրած անգնահատելի ավանդի և հայրենանվեր գործունեության համար Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը և հիմնադրամի ծրագրերի ղեկավար Նուրիցա Աբուջամրան ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արժանացան պատվոգրերի:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բարձր գնահատելով Միացյալ հայկական հիմնադրամի անգնահատելի աշխատանքը` շնորհակալություն հայտնեց բարերարին երկարամյա գործունեության համար:
Նա հայտնեց, որ ԱՄՆ այցելության ժամանակ Հարութ Սասունյանի հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, այդ թվում այնտեղ բնակվող հայ բժիշկների հետ, կատարվել են այցելություններ տասնյակ հիվանդանոցներ, ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ:
«Համագործակցությունը բերվեց նոր հարթության և համատեղ աշխատանքի արդյունքն արդեն տեսանելի է: Մոտ ամիսներին համագործակցությունը կխորանա և արդյունքում կունենաք տեխնիկապես անհամեմատ ավելի բարձր հագեցվածության հիվանդանոցներ» ,- ասաց Արմեն Մուրադյանը:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` Հարութ Սասունյանը նշեց, որ պատրաստակամ է շարունակելու միասնաբար, երկար տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը:
«Շնորհիվ Հայաստանի նաև ՀՀ առողջապահության նախարարի հետ մեր ջերմ կապերի օր-օրի համագործակցությունն ամրապնդում է: Մենք շահագրգռված ենք, որպեսզի որակյալ սարքավորումներն առաջին հերթին տեղափոխվեն Հայաստան»,- նշեց բարերարը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցության ծրագրերը:
Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով ներկրվող սարքավորումները, բժշկական պարագաները, Երևանի և մարզերի բժշկական կենտրոնների կարիքները գնահատելու, համատեղ աշխատանքն առավել համակարգված իրականացնելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծել աշխատանքային խումբ:
ՀՀ առողջապահության նախարարություն