Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի ստեղծագործությունների անմշակ կատարումները կհնչեն «Կոմիտաս» փառատոնի շրջանակներում. «Արմենպրես»

Սեպտեմբեր 23,2015 17:10

Կոմիտասն առաջինը կամուրջ գցեց արևելյան «պաճուճավոր զգացմունքայնության» և արևմտյան «կանոնավոր մտածելակերպի» միջև: Այս մասին սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք «Կոմիտաս» փառատոնի մեկնարկին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը: «Այդ կամուրջով, սակայն, ժամանակին ոչ ոք չանցավ, քանի որ հայ կոմպոզիտորական դպրոցը զարգացավ ռուսական մտածելակերպի և կրթական համակարգի ներքո: Անդրադարձը Կոմիտասին տեղի ունեցավ 1960-ականներից՝ Տիգրան Մանսուրյանի, Աշոտ Զոհրաբյանի, Մարտուն Իսրայելյանի, Առնո Բաբաջանյանի և այլոց կողմից»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սվետլանա Նավասարդյանը: Խոսելով արդեն երկրորդ փառատոնի շրջանակներում իր մենահամերգի մասին` Սվետլանա Նավասարդյանը տեղեկացրեց, որ համերգին կհնչեն ինչպես Կոմիտասի ստեղծագործությունները, այնպես էլ այն հեղինակների, որոնց մոտ ազգային մոտեցումն ու Կոմիտասի մաքրությունը պահպանվել են, լեզուն ժամանակակից է և ուրույն:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշեց, որ Մշակույթի նախարարության աջակցությամբ երկրորդ անգամ անցկացվող «Կոմիտաս» փառատոնը կանցկացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում` հին և նոր տոմարով Կոմիտասի ծննդյան օրերի միջակայքում՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը: Նա նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարվանից փառատոնի ձևաչափը կդառնա միջազգային:
««Կոմիտաս» փառատոնի նպատակը և Կոմիտասի արվեստին, և հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումն է: Որպեսզի մենք պատկերացում ունենանք Կոմիտասի ժառանգության մասին և այն տարբերակենք նրա ոգով ստեղծված այլ գործերից, անհրաժեշտ համարեցինք, որ այս փառատոնը հատկապես ներկայացնի հենց Կոմիտասին՝ առանց մշակման, առանց որևէ պրիզմայով անցկացման», – ասաց «Կոմիտաս» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը: Կոմիտասագետը հավելեց, որ փառատոնի ծրագրում ընդգրկվել են նաև հայ կոմպոզիտորական արվեստի այլ հեղինակների ստեղծագործություններ:

Փառատոնը կբացվի սեպտեմբերի 26-ին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հաջորդ օրերին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կամերային երաժշտության երեկոյին հանդես կգան սոպրանո Իրինա Զաքյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը և բարիտոն Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, դաշնամուրային երաժշտության երեկոն ամբողջությամբ նվիրված կլինի Սվետլանա Նավասարդյանի կատարումներին: Խմբերգային երաժշտության երեկոյին հանդես կգան «Գեղարդ», «Հովեր» և Երևանի պետական կամերային երգչախմբերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930