Սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով համերգով հանդես կգան հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը եւ դաշնակահարուհի Սիլվա Ֆարմազյանը: Այս մասին այսօր Կամերային երաժշտության տանը լրագրողներին հայտնեցին կազմակերպիչները:
Լեման Շտեհնը հայերենով երգելու է Կոմիտասի ստեղծագործություններից՝ «Կիլիկիա», «Կռունկ», «Ծիրանի ծառ»: Համերգի ընթացքում կհնչեն ժողովրդական այլ ստեղծագործություններ եւս: «Լեմանն այնքան գեղեցիկ է կատարում հայ կոմպոզիտորների երգերը: Երբ ծանոթացա նրա երգին եւ գործունեությանը, համարեցի, որ նա է համապատասխան մասնակցելու մեր համերգին»,-ասաց «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանը:
Լեմանը Շտեհնը պատմեց, որ հայ երգը սիրել ու ճանաչել է Ստամբուլի օպերային թատրոնի տնօրեն Գեւորգ Դավթյանի շնորհիվ. «Սիրահարվեցի հայ երաժշտությանը եւ սկսեցի Թուրքիայում տոների ժամանակ հայկական երգեր կատարել»:
Կարդացեք նաև
Լրագրողները երգչուհուց հետաքրքրվեցին՝ արդյոք հայկական արմատներ ունի՞… Շտեհնն ասաց, որ իր նախնիները եղել են Հարավսլավիայից, Ալբանիայից, Եգիպտոսից, իսկ պապերից մեկը 1800-ականներին գաղթել է Կիլիկիայից. «Ես ինձ թուրք եմ համարում, բայց երկու օր առաջ եմ իմացել, որ պապիկիս պապը քրիստոնյա որբ է եղել, բայց թե որտեղից է եղել՝ չգիտեմ, գուցե՝ հայ է»:
Նշենք, որ երգչուհին պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար. «Ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը եւ դա ինձ համար շատ կարեւոր է: Պետք է ճշմարտության կողքին կանգնել»,-եզրափակեց Լեման Շտեհնը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ