Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարտոֆիլային հայ-վրացական համագործակցություն (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2015 16:05

Այսօր Կոնգրես հյուրանոցում 100-ից ավելի հայ եւ վրացի կարտոֆիլագործներ էին հավաքվել. նրանք մասնակցում էին «Կարտոֆիլ 2015» համաժողովին, որը կազմակերպել է «Վորլդ Վիժըն»-ը: Այս համաժողովի նպատակն է երկու երկրների ֆերմերների միջեւ փորձի փոխանակում կազմակերպել, շուկաներ, գնորդներ գտնել:

Հայկական կողմը փորձում էր ներկայացնել վրացիներին, որ մեր կարտոֆիլը շատ լավն է, մենք կարող ենք կարտոֆիլի լավ սերմացուներ վրացիներին մատակարարել:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ մեր ֆերմերներն ամեն ինչ կանեն, որպեսզի տարածաշրջանում լինի ուսումնական կենտրոն՝ այլ երկրների ֆերմերներին սովորեցնեն կարտոֆիլագործությունը, կարտոֆիլի տնկանյութի արտադրության կենտրոնի առումով էլ չզիջենք այլ երկրներին: Բերբերյանը վստահեցրեց, որ Գեղարքունիքի մարզում կա կարտոֆիլի եզակի, ոչ վիրուսակիր արտադրություն:

Kartofil_2015-3 Kartofil_2015-2 Kartofil_2015-4

Մի խոսքով՝ մերոնք ջանք ու եռանդ չէին խնայում, վրացիներին համոզելու, որ մեր կարտոֆիլն ու տնկանյութը շատ լավն են, որոնք կարող ենք առաջարկել վրացական շուկային:

Բերբերյանը նաեւ նկատեց, որ մեր ֆերմերներին խոչընդոտում են միջնորդները. հայ արտադրողները միջինում 30-40 տոննա բերք են ապահովում եւ կարող են լուրջ առաջարկ ներկայացնել պարենային կարտոֆիլի արտադրությունում:

Մանրամասն՝ տեսանյութում

Վրաստանի գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործակալության ներկայացուցիչ Գեորգի Միշելաձեն հայտարարեց, որ իրենք հիմնականում օգտվում են եվրոպական շուկայից. այս տարի վրացի ֆերմերներին հնարավորություն տրվեց բարձրակարգ սերմանյութ բերել Եվրոպայից, հատկապես՝ Հոլանդիայից, որը բավականին լավ արդյունք ապահովեց:

Հայ ֆերմերներից մեկն էլ առաջարկեց վրացիներին Բ դասի կարտոֆիլի տնկանյութ, սակայն վրացի ֆերմերներից մեկի վստահեցմամբ՝ այդ տեսակի կարտոֆիլը Վրաստանում մեծ պահանջարկ չունի, իսկ եթե նրանք համագործակցեն հայերի հետ, ապա պետք է համապատասխան փաստաթուղթ լինի, որ հայկական կարտոֆիլի տնկանյութը վիրուսներից զերծ է, ինչպես որ լինում է Եվրոպայի հետ համագործակցելու դեպքում: Վրացի ֆերմերներն էլ մերոնց վստահեցնում էին, որ իրենք էլ պակաս կարտոֆիլագործներ չեն, եւ որոշ շրջաններում էկոլոգիապես մաքուր արտադրանք են տալիս:

Լոռու մարզի ֆերմերներից մեկը՝ «Սերմնաբույծ» ընկերության ներկայացուցիչ Վռամ Գյուլզադյանն ասաց, լավ կլիներ նման համաժողովներին նաեւ թուրք եւ ադրբեջանցի ֆերմերներ մասնակցեն, քանի նրանք հայկական կարտոֆիլի պոտենցիալ գնորդներ են. «Չեմ կարծում, որ կարտոֆիլը քաղաքական սուբյեկտ է: Նրանք միշտ նպաստել են մեր երկրից կարտոֆիլի արտահանմանը. Մեր կարտոֆիլը Բաքվով հասել է Աշխաբադ, ու դա հեշտացրել է իրացման հարցերը»:

Գյուլզադյանի խոսքերով՝ ՀՀ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի եւ աջակցի կարտոֆիլագործներին՝ արտահանման հետ կապված հարցերում. Մասնավորապես մաքսային խնդիրների:

Մանրամասն՝ տեսանյութում

Արագածոտնի մարզի ֆերմեր Տարոն Գրիգորյանն էլ ասաց, որ կառավարությունը պետք է աջակցի փոքր տնտեսություններին, քանի որ խոշոր արտադրողները կարողանում են իրենք իրենցով արտահանել իրենց գյուղմթերքը:

Հայ ֆերմերների կարծիքով՝ պետք է խստացնել ֆիտոսանիտարական ծառայությունը, շատ գյուղացիներ բարձրորակ սերմացուի խնդիր ունեն եւ շատ հաճախ կարտոֆիլի Բ տեսակի սերմացու են օգտագործում, վերջում 0 արդյունք է լինում. «Այս գործում բոլորը պրոֆեսոր են, բայց բարձր լեռնային գոտում կարտոֆիլ աճեցնելու համար միայն բարձրորակ սերմ է պետք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930