«Հայրիկ Մուրադյանը մահացավ առանց որեւէ կոչում ստանալու, եւ այսպես շատերը: Կարծում եմ՝ սա տեսակի կռիվ է եւ ինչ-որ տեղ՝ մարտահրավեր: Հարցը պետք է ուղղել ոչ թե մտավորականներին, այլ գերատեսչություններին, որոնք որոշում են՝ ում կոչում շնորհել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով անկախության տոնի առթիվ «ժողովրդական» եւ «վաստակավոր» արտիստի կոչումների արժանացածների մասին՝ ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Հիշեցնենք՝ պետական պարգեւներ են ստացել նաեւ Հարութ Փամբուկչյանը եւ Արմենչիկը:
Գագիկ Գինոսյանը նշեց, որ ինքը 45 տարեկանում է ստացել մշակույթի վաստակավոր գործչի կոչում, բայց, անուամենայնիվ, կարծում է, որ նման կոչման արժանանալը դեռ վաղ էր:
«Կոնսերվատորիայի պրոֆեսոր Դանիել երաժիշտը, որը հարյուրավոր շարականներ է փրկել մոռացությունից, բոլորովին վերջերս է կոչման արժանացել, բայց արի ու տես, որ կոչում կարող են ստանալ նաեւ մի քանի տեսահոլովակ ունեցող եւ անհասկանալի երգեր երգող մարդիկ, մանավանդ՝ կիսամերկ աղջիկները եւ տղաները»,-եզրափակեց Գինոսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ