Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը ներկայացրեց Համահայկական մշակութային փառատոնի ծրագիրը

Սեպտեմբեր 23,2015 15:03

Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Համահայկական մշակութային փառատոնի վերաբերյալ:

Բանախոսներն էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, պոլսահայ երգահան Մաժակ Թոշիկյանը, Ստամբուլի «Լուսավորիչ» երգչախմբի խմբավար Հակոբ Մամիկոնյանը և Հորդանանի Աման քաղաքի «Երևան» գեղարվեստական ղեկավար, խմբավար Վարդուհի Թորոյանը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը ներկայացրեց Համահայկական մշակութային փառատոնի ծրագիրը՝ նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 24-27-ը կազմակերպում է Համահայկական մշակութային փառատոն: Կանցկացվեն Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրերը Հայաստանում և «Երգում ենք Կոմիտաս» փառատոնը, որին կմասնակցեն Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրից ժամանած երգչախմբեր, պարախմբեր և անհատ կատարողներ:

Սեպտեմբերի 25-27-ը կայանալիք միջոցառումներին կմասնակցի 13 մենակատար 9 երկրից և 10 երգչախումբ՝ 6 երկրից: Ելույթ կունենան նաև օտար կատարողներ՝ Հորդանանի ազգային նվագախումբը Հորդանանի պետական կոնսերվատորիայի տնօրեն Մուհամմեդ Օթմանի գլխավորությամբ, Ճապոնիայից՝ Ուլալա Ինոուեն և Ստոկհոլմից՝ Վիլլունդ Անն-Քրիստինե Օտիլիան: Մելիքյանն ընդգծեց, որ ծրագրի նպատակը Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնումն է և Սփյուռքում հայ երգարվեստի, մշակութային ինքնության պահմանումն ու ամրապնդումն է:

Անդրադառնալով Համահայկական մշակութային փառատոնի կարևորությանը՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց. «Համահայկական մշակութային փառատոնի նախաձեռնումը նպաստեց, որ հայ երգը և հայ մշակույթը աննախադեպ տարածում ստանան ամբողջ աշխարհում: Ըստ էության աշխարհը ոչ միայն ճանաչում է Կոմիտասին՝ որպես մեր ազգային երգի արքայի, այլև ճանաչում է մեզ, մեր խնդիրները, մեր առջև դրված մարտահրավերները: Կարծում եմ պատահական չէ, որ սփյուռքահայ երաժիշտների հետ հանդես կգան օտար երաժիշտներ: Այստեղ է գտնվում Հորդանանի պետական կոնսերվատորիայի տնօրեն Մուհամմեդ Օթմանը, որի մասնակցությունը Համահայկական մշակութային փառատոնին վկայում է այս փառատոնի նշանակության գիտակցումը նաև օտարների կողմից»:

Սրապիոնյանը կարևորեց Համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում անցկացվող Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրեր Հայաստանում միջոցառումը՝ նշելով, որ Պոլսահայ մշակույթի օրերը հատուկ նշանակություն են ձեռք բերում Ցեղասպանության 100-րդ տարելիցին, դառնալով մեր վերազարթնումի յուրօրինակ վկայությունը:

Փոխնախարարը կարևորեց նաև երգահան Մաժակ Թոշիկյանի և «Լուսավորիչ» երգչախմբի խմբավար Հակոբ Մամիկոնյանի գործունեությունը, ովքեր հատկապես քաղաքական այս լարված պայմաններում շարունակում են պահպանել իրենց հայկական դիմագիծը:

«Լուսավորիչ» երգչախմբի խմբավար Հակոբ Մամիկոնյանը ներկայացրեց երգչախմբի գործունեությունը՝ նշելով, որ Համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում բացման հանդիսավոր արարողությանը կներկայացվեն Մաժակ Թոշիկյանի երաժշտական ստեղծագործությունները, մասնավորապես Հրանտ Դինքին նվիրված օրատորիան Հայաստանում կհնչի առաջին անգամ:

Պոլսահայ վաստակաշատ երգահան Մաժակ Թոշիկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ մշտական աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ փառատոնի շրջանակներում սփյուռքից ժամանած բոլոր երգչախմբերն ու անհատ կատարողները հաջողությամբ ելույթ կունենան:

Համերգի պատվավոր հյուրն է լինելու Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը:

Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին:

ՀՀ սփյուռքի նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930