«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը վստահեցնում է՝ գյուղատնտեսական տարին բարեբեր էր, մթերքն առատ:
Այսօր «Բլից ինֆո» ակումբում նա ասաց, որ գյուղմթերքի իրացման խնդիրներ են առաջացել. «Խնդիրների պատճառն այն է, որ մթերող կազմակերպություններն իրենց նախորդ տարի մթերած ու պահածոյացրած ապրանքները չեն հասցրել իրացնել, որովհետեւ ռուսական շուկայում դժվարություններ են ստեղծվել ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով: Այդ պատճառով որոշ մթերող կազմակերպություններ, չունենալով ֆինանսական միջոցներ, չեն կարողացել գյուղացուց գնել գյուղմթերքը»:
Պարոն Սաֆարյանը նկատեց, որ գյուղացին էլ վարկերի տակ մթերքի իրացման խնդիր ունի. «Կարծում եմ՝ կառավարությունն ամեն ինչ կանի, որ փորձենք բարձրացնել այն կարծիքը, թե ամեն կերպ պետք է ուժերը նպատակաուղղել այս ոլորտ, որ սեզոնային խնդիրները հաղթահարենք»:
Ինչ վերաբերում է կոնյակի ու գինու մթերմանը, բանախոսն ասաց, որ կառավարությունը ճիշտ քաղաքականություն է որդեգրել ու ամեն ինչ անում է չինական շուկայում հայկական կոնյակի, գինու իրացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար. «Կա կարծիք, որ մեր մթերած կոնյակը եվրոպական շուկայում չի կարող իրացվել, այնտեղ մրցակցությունը մեծ է…մենք պետք է այլ շուկաներ գտնենք, մասնավորապես չինական շուկան մեզ համար մեծ շուկա է: Պետք է կարողանանք դիվերսիֆիկացնել մեր արտահանման քաղաքականությունն ու աշխարհագրությունը»:
Կարդացեք նաև
Վազգեն Սաֆարյանը նաեւ ասաց, որ արտահանման աճը պահպանում են, իսկ ներմուծումը 27 տոկոսով պակասել է. «Սա խոսում է այն մասին, որ մեր սպառողը կորցրել է գնողունակությունը, եւ որոշ ապրանքներ քիչ են իրացվում Հայաստանում, ու մենք քիչ ենք ապրանք Հայաստան բերում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ