Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատաշուկայում մրցունակ դառնալու հնարավորություն հաշմանդամներին

Սեպտեմբեր 23,2015 13:31

Վերջին տասնամյակում նկատելի է այն փաստը, որ հաշմանդամներն հասարակության կողմից դադարել են ընկալվել միայն որպես բարեգործության և կարեկցության համար սոցիալական խումբ:

Այսօր արդեն ակտիվորեն քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հաշմանդամները աշխատանքի միջոցով հնարավորություն ունենան պիտանի լինել և´ սեփական անձի, և´ շրջապատի, և´ հասարակության համար: Կրթական և զբաղվածության ոլորտներից հաշմանդամների ներգրավվածության բացակայության արդյունքում վերջիններիս մնում է միայն հիմնվել պետության կողմից տրվող թոշակների վրա և շարունակել հասարակության կողմից ընկալվել որպես անաշխատունակ: Մինչդեռ ուսուցման և աշխատանքի միջոցով հաշմանդամներն իրենց հասարակության լիիրավ անդամ զգալու, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ դառնալու հնարավորություն են ստանում:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀԲ-ի և ՀՀ կառավարության աջակցությամբ իրականցվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի Ուսուցում աշխատավայրում ենթաբաղադրիչի միջոցով փորձում է լուծել հաշմանդամների զբաղվածության հարցը՝ կազմակերպելով մասնագիտական ուսուցում և պրակտիկ դասընթացներ անմիջապես աշխատավայրում և գործատուի կողմից:

hashmandam_2 hashmandam_1

Վերջերս Երևան քաղաքում սույն ծրագրի «Ուսուցում աշխատավայրում» ենթաբաղադրիչի դրական արդյունքների ականատեսը եղանք:

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի Ուսուցում աշխատավայրում ենթաբաղադրիչի շրջանակներում անցկացվող «Մետաղապլաստե դռների և պատուհանների, մուտքի մետաղյա դռների, միջսենյակային դռների և կահույքի արտադրության» եռամսյա դասընթացը, որն իրականացվում էր Ա/Ձ- «Զորիկ Ավետիսյան» ի կողմից, հաջողությամբ ավարտվեց: Դասընթացի եզրափակիչ մասում ծրագրի մասնակից վեց շահառու հանձնեց հմտությունների ստուգման թեստ, որից հետո վերջիններս ստացան կահույքի, մետաղապլաստե դռների և պատուհանների, մուտքի մետաղյա դռների, միջսենյակային դռների արտադրության մասնագետի որակավորում:

Ուսումնական գործընթացի ավարտին մենք առիթ ունեցանք զրուցելու ինչպես գործատուի, այնպես էլ դասընթացի մասնակիցների հետ: Դասընթացի արդյունքներից երկու կողմերի գոհունակությունն ու ոգևորվածությունն ակնհայտ էր:

hashmandam_3

«Սա մեզ համար մեծ ռիսկ էր, բայց մենք պատվով այն կատարեցինք: Հիմա ես իսկապես հիանում եմ մասնակիցներից յուրաքանչյուրով. նրանք բոլորն էլ կարող ուժ են, ունակ են աշխատել և սեփական աշխատանքով վաստակել»,-պատմում էր Ա/Ձ «Զորիկ Ավետիսյան» – ի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարտիրոսյանը, ով երեք ամիս շարունակ ամեն օր շփվել է դասընթացի մասնակիցների հետ՝ քաջ ծանոթ լինելով մասնակիցների մտավախություններին, ակնկալիքներին, սպասումներին:

2-րդ կարգի հաշմանդամ, շահառու Արթուր Գաբրիելյանն իրեն իսկապես հաջողակ է համարում, որ առիթ ընձեռնվեց և հնարավորություն ունեցավ մասնակցելու դասընթացին:

«Չէի հավատում, որ մեր օրերում կարող են հաշմանդամին գալ ու նման առաջարկ անել՝ անվճար ուսուցում, այն էլ անմիջապես աշխատավայրում: Ուղղակի զարմանալի էր. սկզբում չէի հավատում, բայց հետո հասկացա, որ այն իրական է, և պետք է օգտվեմ ինձ ընձեռած հնարավորությունից»,- պատմում է Արթուր Գաբրիելյանը:

Դասընթացի ամենակրտսեր մասնակից 17-ամյա Լևոն Թադևոսյանը դասընթացի ավարտից հետո ամեն հարցում իրեն ավելի ուժեղ ու վստահ է զգում:

«Սկզբում շատ անվստահ էի, իսկ հետո կարողացա ուժ գտնել իմ մեջ առաջ գնալու համար: Ուշադիր հետևում էի վարպետների ցուցումներին. հավատացի, որ ես դա կարող եմ անել, ինձ մոտ կստացվի, և այդպես էլ եղավ»,- մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց դասընթացի մասնակից Լևոն Թադևոսյանը:

Նույն ժամանակահատվածում Ուսուցում աշխատավայրում ենթաբաղադրիչի շրջանակներում հաջողությամբ ավարտվեցին նաև Ա/Ձ «Մարի Չաքրյան» – ի կողմից իրականացվող «Կար ու ձև» ուսուցման եռամսյա դասընթացը: Ուսուցման մասնակից երկու շահառուները նույնպես հանձնեցին ձեռք բերած հմտությունները ստուգող թեստ և ստացան կար ու ձևի (դերձակ) մասնագիտական որակավորում:

Ա/Ձ «Մարի Չաքրյան» – ի տնօրեն տիկին Մ.Չաքրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի դասընթացի մասնակիցներից երկուսին էլ կարողանա ապահովել աշխատանքով:

«Ես անչափ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց անել այն, ինչի համարձակությունը շատերը չունեն այսօր, և ունենալ դրական արդյունք: Իմ պարտքն էր հենց սկզբից անել ամեն ինչ՝ բացատրել, լինել համբերատար մինչև ամբողջովին յուրացնեին և վարպետանային գործում: Դա մեզ մոտ ստացվեց»,-պատմում է տիկին Մ.Չաքրյանը:

Դասընթացի մասնակից 2-րդ կարգի հաշմանդամ, շահառու Ալվարդ Սարգսյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ այդ երեք ամիսների ընթացքում այս վայրը իր համար ընտանիք և երկրորդ տուն է դարձել:

«Ամեն ինչը ուղղակի հրաշալի էր՝ մթնոլորտը, մեր հանդեպ վերաբերմունքը: Իսկապես բախտավոր եմ ինձ համարում, որ ինձ տրվել է հնարավորություն, և ես կարողացել եմ օգտվել»,- պատմում է Ալվարդ Սարգսյանը:

Նշենք, որ «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ին: Ծրագրի նպատակն է Երևանում և Հայաստանի 5 մարզերում (Կոտայք, Արարատ, Լոռի, Գեղարքունիք և Շիրակ) հաշմանդամություն ունեցող և աղքատ անձանց ընձեռել ինքնաբավ կենսապայմաններ և զբաղվածության հնարավորություններ, ինչպես նաև նրանց մատուցել կենսականորեն անհրաժեշտ սոցիալ-առողջապահական ծառայություններ: Սույն ծրագրի՝ ուսուցում աշխատավայրում ենթաբաղադրիչը հաջող մեկնարկ և ավարտ է ունեցել նաև Երևանից դուրս՝ Վանաձոր և Գյումրի քաղաքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930