Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Արմենչիկին կարելի էր միանգամից ժողովրդականի կոչում տալ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2015 11:57

Սեպտեմբերի 23-ին «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը եւ երգահան Արտավազդ Բայաթյանը: Նրանք խոսեցին պետական պարգեւների ու կոչումների արժեզրկման մասին:

Արտավազդ Բայաթյանի կարծիքով՝ կոչումների ինստիտուտը վարկաբեկված է, այն իրեն սպառել է կոմունիստական վարչակարգի փլուզման հետ: «Կոչումների ինստիտուտը իրեն վարկաբեկել է: Ժամանակին կոչում տալիս էին այն մարդկանց, ոչ թե նրա համար, որ շնորհքով էին, այլ այն պատճառով, որ ծառայություններ էին մատուցում վարչակարգին, ու ոչ մի պատահական մարդ չէր ստանում: Օրինակ ոչ մեկ Փարաջանովին կոչում չէր տա, նա վարչակարգին ծառայություններ չէր մատուցում»,- փաստեց Բայաթյանը:

Նաեւ հավելեց. «Կցանկանայի, որ կոչումներ շնորհածների տներում կոչում ստացածների երգերը հնչեն օր ու գիշեր եւ երբեք չդադարեն»: Ռուբեն Բաբայանն էլ ռեպլիկ արեց՝ այդպես էլ կա:

Պարոն Բաբայանը նշեց, որ կոչումները ստեղծվել են 1931թ, երբ ամրապնդվում էր բռնատիրությունը, պետությունն էր որոշում քաղաքացիների փոխարեն՝ ով է արժանի, ով՝ ոչ: Նրա խոսքով Հայաստանում առաջին կոչումը ստացավ Ջանանը, որին մի քանի տարի անց գնդակահարեցին, այսինքն` այդ կոչումն էլ չփրկեց նրան: «Կոչումները կոչված են մասնագիտական գնահատական տալու, իսկ նման գնահատականները տրվում են փառատոների ժամանակ, որտեղ կա մասնագիտական ժյուրի, ինչպես «Օսկարի», «Ոսկե դիմակի» դեպքում: Ոչ մի մշակույթի նախարար կամ չինովնիկ չի կարող մասնագիտական գնահատական տալ, եթե կարողանային՝ չինովնիկ չէին լինի, ազատ ստեղծագործող արվեստագետ կլինեին:

Իմիջիայլոց, երբ Անկախությունից հետո կոչումները վերացան, առողջացավ մթնոլորտը: Բայց թատրոնների ղեկավարների կողմից մտահոգություն առաջացավ՝ նրանք այլեւս չէին կարող ասել, որ ես քեզ կոչումի կառաջադրեմ, կոգեւորեմ: Ցավոք, 2004-ին կոչումները նորից վերականգնվեցին:

Ինչ վերաբերում է Արմենչիկին, նրա պարագայում պարգեւը գտավ իր հերոսին… Լավ, կոչում շնորհելը որոշում է վոկալիստների երաժշտագետների մի հանձնաժողո՞վ, թե՞ մարդիկ, որոնց քեֆերին նա երգում է: Արմենչիկի պարագայում երկրորդ դեպքում է կոչումը տրվել, ուրեմն ամեն ինչ ճիշտ է»,-ասաց Տիկնիկային թատրոնի տնօրենը:

Պարոն Բաբայանն այլ կարծիքի է մեդալների ու շքանշանների մասին, ասում է՝ այդ դեպքում պետությունն է գնահատում: Ռուբեն Բաբայանի խոսքով. «Նացիստական Գերմանիայում տարածված էր կոչումների ու պետական պարգեւների ինստիտուտը, եւ երբ Նացիստական Գերմանիան վերացավ, Արեւմտյան Գերմանիայում ընդհանրապես վերացրին բոլոր պետական պարգեւները, եւ կարծես Գերմանիան հիմա վատ չի զարգանում՝ հոյակապ օպերաներ են գրում, ֆիլմեր նկարում, հրաշալի առողջապահություն ունեն, էդ ո՞նց են այնտեղ առանց ոգեւորության այդպես աշխատում»:

Ռուբեն Բաբայանը նշեց, որ 2004-ին է դարձել է արվեստի վաստակավոր գործիչ, ասում է՝ բացարձակապես լուրջ չի վերաբերվել դրան. «Այն ժամանակ էլ ասել եմ, որ ավելորդ է: Հիմա էլ այնքան անլուրջ եմ վերաբերում դրան, որ հրաժարվելը եւս որոշակի ակցիա է: Դառնալով Արմենչիկին՝ ասեմ, որ Արմենչիկը միակ անձնավորությունն է, որ արժեւորում է մեր Մարզահամերգային համալիրի գոյությունը՝ իր երկրպագուների բազմությամբ լցնելով այն: Այնպես որ, կարծում եմ սխալ է տեղի ունեցել՝ կարելի էր նրան միանգամից ժողովրդականի կոչում տալ»:

Արտավազդ Բայաթյանը չի կարծում, որ Արմենչիկը կոչման խնդիր ուներ. «Նա լավ վաստակում է, երեւի կան մարդիկ, որ ցանկացել են նրան լավություն անել: Ընդհանրապես լավ կլիներ, որ էդ կոչում ստացողները մի հայտարարություն, ելույթ ունենային, ասեին՝ շնորհակալ են, շնորհակալ չեն, տեղյակ եղել ե՞ն, թե՞ ոչ…»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930