Չնայած առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրված՝ սպասվածից բարձր տնտեսական ակտիվությանը, այնուհանդերձ այն շարունակում է չափազանց փխրուն լինել։ Պատահական չէ, որ տարեսկզբի ութ ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվությունը ոչ միայն չավելացավ, այլեւ նույնիսկ նվազեց։
Վիճակագրական ծառայության՝ անցած օրը հրապարակած տվյալների համաձայն, տարեվերջից չորս ամիս առաջ տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 3,9 տոկոս։ Այն 0,3 կետով ցածր է յոթ ամիսների համեմատ։
Ցուցանիշների վրա բացասական ազդեցություն են ունեցել հատկապես գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցած զարգացումները։ Թեեւ բարձր ակտիվությունը տնտեսության այս ճյուղում շարունակել է պահպանվել, այնուհանդերձ այն զիջել է դիրքերը։
Եթե հուլիսին գյուղատնտեսության աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 15,6 տոկոս էր, ապա օգոստոսին եղել է 10,8 տոկոս։ Դա էլ հանգեցրել է տնտեսության այս ճյուղի ցուցանիշների վատացման։ Յոթ ամիսների 14,8 տոկոսի դիմաց, ութ ամիսների տվյալներով, գյուղատնտեսության արտադրանքի աճը եղել է 13,5 տոկոս։
Կարդացեք նաև
Անկման վրա ազդել են առաջին հերթին բնակլիմայական պայմանները։ Տեւական ժամանակ անձրեւների բացակայությունը հանգեցրեց գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի բերքատվության նվազեցման։
Դրանով հանդերձ, ակնհայտ է, որ այն շարունակել է մնալ տնտեսական ակտիվությանը նպաստող հիմնական ոլորտը։
Չնայած արտաքին միջավայրում ձեւավորված ոչ այնքան բարենպաստ վիճակին, այնուհանդերձ օգոստոսը նպաստավոր է եղել արդյունաբերության համար։ Արտադրության աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է գրեթե 10 տոկոսով։ Դա էլ նպաստել է տնտեսական աճի մեջ արդյունաբերության մասնակցության ավելացմանը։
Տարեվերջից չորս ամիս առաջ տնտեսության այս ճյուղում արձանագրվել է 4,4 տոկոս աճ։ Այն չնայած զիջում է առաջին կիսամյակի արդյունքը, այնուհանդերձ բարձր է, քան յոթ ամիսների ցուցանիշն էր։ Նշենք, որ հունվար-հուլիսին արդյունաբերության ակտիվությունը կազմել էր 4,1 տոկոս։
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում