Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուստամը ճիշտ արեց. Հրանտ Բագրատյանն էլ»

Սեպտեմբեր 23,2015 16:00

«Ազատամարտիկների դաշինքի» նախկին անդամ Սուրեն Սարգսյանը` Սմբատ Հակոբյանի ծեծի, սահմանադրական բարեփոխումների, դիմության եւ ընդդիմության մասին:

– Երեկ դաժան ծեծի է ենթարկվել «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը: Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը, սա քաղաքական հաշվեհարդարների շղթայի շարունակությո՞ւնն է:

– Գործի մանրամասներին չեմ տիրապետում: Բայց եթե դա իշխանությունների ձեռքի գործն է` չի բացահայտվի: Հակառակ դեպքում կայծակնային արագությամբ կգտնեն, թե ովքեր են արել ու պատճառն ինչ է: Ես չեմ ուզում կարծիք հայտնել` պե՞տք էր դա հիմա իշխանությանը, թե՞ պետք չէր՝ կարեւոր չի: Բայց եթե իշխանությունների պատվերն է, ինչպես մնացած դեպքերում, ապա չի բացահայտվի:

– Ամիսներ առաջ Դուք դուրս եկաք «Ազատամարտիկների դաշինքից». Ձեր հայտարարության մեջ նեղացվածություն, չհասկացվածություն կար: Հաղթահարվե՞լ են այդ խնդիրները:

– Եթե հաղթահարված լինեին, ես նորից դաշինքի անդամ կլինեի: Ավելին՝ վարչության կամ խորհրդի անդամ: Ես չեմ ուզում այդ թեման շատ բացել: Կար փոխադարձ անվստահության խնդիր: Տարբեր հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները տարբեր էին: Դա էական չէ: Ամենաէականն այն է, որ ես ու իմ ընկերները` պատերազմ անցած տղերքը, կանք, միմյանց հանդեպ հարգանքը չի պակասել:

Բոլորը գիտեն իմ շիտակությունը: Թող ներվի ինձ ասել, եթե անհամեստ է հնչում` ես ինձ ազնիվ մարդ եմ համարում եւ միշտ արձագանքել եմ ազնիվ: Եթե մի բանն իմ սրտով չէ, իմ ուզած ճշմարտությունը չեմ գտնում, ես այնտեղ անելիք չունեմ: Բայց դա չի նշանակում, որ ձեռքերս ծալել եմ կամ որեւէ բան մոռացել եմ: Ինձ ասում են, որ քեզ վրա հարձակվեցին… Միտս է. ոչ միայն իմ, այլ նաեւ իմ ընկերների: Սմբատի մասով էլ, եթե իշխանության ձեռքի գործն է, լավ չէ: Ինձ համար բարդ չէ ինչ-որ մարդկանց հակապատժելը, բայց ես կդիմանամ այդ վիրավորանքին: Ամեն դեպքում, ես չեմ ուզում այդ ձեւով հարցեր լուծենք: Իշխանություններն իրենց պահեցին վերջին հիմարի պես: Բայց ես չեմ ուզում այս պահին նման կերպ հակադարձելով հարցեր լուծենք, ու դա պատճառներ ունի: Քաղաքական դաշտը ծառայում է ամեն ինչի՝ բացի ժողովրդի շահերից:

– Այդ թվում նաեւ ընդդիմադի՞ր:

– Ընդդիմադիր, դիմադիր` էական չի: Եվ եթե սկսում են սրերը շաչել, գնդակները շառաչել, հաստատ պետությունն ու ժողովուրդը դրանից չեն օգտվելու: Ես այդ շռայլությունը ինձ չեմ կարող թույլ տալ, որքան էլ որ համարժեք պատժելու ցանկությունը մեծ է: Ոչ թե անձի, այլ երեւույթի համար: Բայց ձեռնպահ պիտի մնամ, քանի որ իրավիճակն անվերահսկելի կարող է դառնալ: Փոխարինել ոչնչին ավելի ոչնչով՝ ես լուրջ չեմ համարում: Մենք դժգոհ ենք իքսից, բայց իգրեկը եթե իրենից բան չի ներկայացնում` բերենք ի՞նչ անենք: Ուրեմն բոլորս պիտի կարողանանք խորը շունչ քաշել:

– Դուք թթու խոսքեր ասացիք ընդդիմադիր դաշտում Ձեր ոչ վաղ անցյալում դաշնակիցների մասին: Չե՞ք վախենում, որ Դուք էլ «հաճախորդ» պիտակին կարժանանաք, քանի որ ովքեր իրենց հետ չեն, իրենց դեմ են:

– Ես թքած ունեմ: Եթե մի քիչ մեղմ ասացի` կներեք: Ինձ մտահոգողը հաստատ որեւէ ընդդիմադիրի կարծիքը չէ իմ մասին: Ինձ մտահոգողն իրականությունն է: Իսկ իրականությունը հետեւյալն է` այդ դիմադիր եւ ընդդիմադիր ուժերը երբեք չմտածեցին ու այս պահին էլ չեն մտածում ժողովրդի եւ իրական բարեփոխումների մասին: Վերլուծեք անցածն ու ներկան` կտեսնեք, որ իրոք, չեն մտածում: Ավելին՝ մեկը երկու անվադող ուսին գալիս է հրապարակ, ձերբակալում են, հաջորդ օրը 5-10 միլիոն դրամ դրամաշնորհ է ստանում: Այնպես որ՝ բոլորն անում են ցույց տալու` մեկը՝ Արեւելքին, մյուսը` Արեւմուտքին, թե ի՜նչ լավ ենք ծառայում: Ծառաներ են, ստրուկներ: Մենք հասել ենք մի վիճակի, երբ դավաճանությունը` հայրենիքի, պետականության, մարդկության գաղափարներին, դարձել է շնորհք, փեշակ, եւ դա գնահատվում է: Ով որ պետության համար ավելի շատ գլուխ կխոնարհի, այդ պետության կողմից էլ կվարձատրվի: Իշխանությունն էլ փորձում է իր ձեռք գցած իշխանությունը պահել: Արդյունքում՝ մի դավաճանների համախումբ այսօր մի հերթական անգամ գուցե նորից բոլորիս փորձի մի խաղի մեջ քաշել, որը մեր խաղը չի, ու պետությունը հաստատ դրանից չի շահի:
«Ազատամարտիկների դաշինքը» հանդիպեց գրեթե բոլոր կուսակցությունների հետ: Ասացինք` մենք մերանն ենք, բայց քաղաքական գործիչ չենք: Բոլորն ասացին` վիճակը վատ է: Առաջարկեցինք` դե, ժողովրդին կոչ արեք՝ դուրս գանք փողոց: Որեւէ մեկն այդ քայլին չգնաց: Մի պարզ պատճառ կար` իրենք հարթակում չեն, ժողովուրդը չպիտի գա:
Թե ի՞նչ կասեն այդ մարդիկ իմ մասին` իրենց խնդիրն է:

– Մի խաղի մեջ ենք կարծես հայտնվել, ու դա կոչվում է սահմանադրական բարեփոխում: Իշխանական ճակատը կոնսոլիդացիա է ապահովում, ընդդիմադիրները ազգային փրկության ծրագիր են մշակում: Ի դեպ, նախագահի մոտ խորհրդակցություններին նաեւ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռուստամ Գասպարյանն էր մասնակցում: Ձեր որոշ ընկերներ էլ «Ոչ»-ի ճակատում են: Ինչպե՞ս եք այդ ամենին վերաբերվում:

– Ես ավելի քան վստահ եմ, որ Ռուստամը ճիշտ արեց, որ գնաց քննարկելու: Ռուստամը պատերազմ անցած տղա է: Փչած չի, սուտի զորավար չի, եթե գնացել է` լավ է արել: Հրանտ Բագրատյանն էլ շատ ճիշտ արեց: Հրանտ Բագրատյանն իր կեցվածքով` ոնց որ մենք` ազատամարտիկներս: Մենք կոնկրետ մարդիկ ենք: Հրանտն էլ կոնկրետ մարդ է: Ինչ-որ մի լակոտ կամ չգիտեմ ով Հրանտ Բագրատյանին բաներ է ասում` դա խայտառակություն է: Հրանտ Բագրատյանը մեր տնտեսության հիմքերը դրած ազնիվ մարդկանցից մեկն է, ով իրավունք ունի գնալ եւ ասել իր հարցերը: Ճիշտ է արել:
Բոլոր խաղերը մի օր վերջանում են: Առյուծ ՀՀԿ-ականները այսօր ամենամեղմ գառան տեսքով խոսում են խորհրդարանական համակարգի լավ լինելու մասին եւ հակառակը: Ես սահմանադրագետ չեմ, բայց գործող Սահմանադրությունը բազմաթիվ անգամներ ոչ եւս է եղել, եթե իշխանությունը ցանկացել է: Սա էլ ոչ եւս կլինի, եթե ժողովուրդը ցանկանա: Սահմանադրություն փոփոխելուց վախենալ պետք չի, պետք է մտածել սեփական անձդ փոփոխելու մասին: Ինչպե՞ս ես 5 հազար դրամով մարդ ընտրում, ինչպե՞ս ես դրան սպասում, ինչպե՞ս ես տերերին ստրուկ դառնում: Թումանյանի ասած` խալխից պիտի ժողովուրդ դառնանք: Ու քանի ժողովուրդ չենք դարձել` բողոքելու իրավունք չունենք: 60 տոկոս մարդ կա, որ ընտրությունների ժամանակ իր տանից դուրս չի գալիս: Նրանք ավելի մեծ չարիք են, քան այն 40 տոկոսը, որոնց մի մասը մի կողմ է, մյուսը` մի: Ամեն մարդ իր տեղում իր պիտանելիությունը պիտի փորձի անել: Չենք անում: Սպասում ենք, որ մեզ գումար տան:

Ես իմ ընկերներին հիմա չեմ կարող կոչ անել, առաջիկայում ես իմ ընկերներին իմ ասելիքը կասեմ: Բայց այս պահին ես չեմ տեսնում անհրաժեշտությունը «Ոչ»-ի կամ «Այո»-ի ճակատներում պայքարելու: Պիտի աշխատենք հասունանալու, ստրուկ չդառնալու, գող չմնալու վրա: Այլապես ումի՞ց ենք ինչ պահանջում: «Ոչ»-ի կամ «Այո»-ի թեւերում երեւի մի տեղ կարդացել են, որ Չարլի Չապլինը ժառանգել է իր հարստության մի մասն այն տղամարդուն, ով կարող է ծննդաբերել, եւ հիմա տառապում են Չարլի Չապլինի ունեցվածքին արժանանալու համար:

Սերժ Սարգսյանն այս պահին ամենալուրջ վտանգի առջեւ է կանգնած: Այս քարոզչությամբ, այսպիսի ընդդիմությամբ ինքը խնդիր չի ունենալու, հանրաքվեն կանցկացնի, բայց վտանգը, իր իսկ ասած, գաղջ մթնոլորտն ու չարությունն է: Սերժ Սարգսյանը մեկ խնդիր ունի` գառան տեսք ընդունած իր առյուծներին թողնի, որ գառ մնան, երկրի կառավարման մեջ ներգրավի ազնիվ մարդկանց: Ես այդ սահմանադրագետ Վարդան Պողոսյանին չեմ ճանաչում, բայց բավական մարզված տղա երեւաց ու շատ գիտելիքներով: Այդ բոլոր գիտելիքները պետք է ի բարին օգտագործել, ոչ թե խաբել սրան-նրան: Լոռվա գյուղերից մեկում մի հայտնի Արուս նանի է եղել, ով խրատներ է գրել` «Ամեն էգ չի, որ կնիկ ա», «Ամեն շալվարավոր չի, որ տղամարդ ա», «Ամեն երեխա բերող չի, որ մայր ա» եւ այլն: Սերժ Սարգսյանն հիմա պիտի կարողանա այս ամբողջ իրարից առանձնացնել, եթե ուզում է շահել: Այդ շանսը Սերժ Սարգսյանին տրված է: Եթե նա իրապես դեմքով շրջվի, ոչ թե ճոռոմ խոսքերով, շքանշաններ բաժանելով, սուտի մտավորականներով, ովքեր գալիս մի կողմից՝ իրեն հայհոյում են, մյուս կողմից՝ ասում` ձայն տվեք: Եթե Սերժ Սարգսյանը դեմքով չշրջվի, կգա մեկ օր, երբ ինչ-որ մեկը ողջախոհությունը կկորցնի: Այսքան բոլորին կարողացավ խաղացնել եւ դարձնել ոչ ոք, ես վստահ եմ, որ շատ լավ էլ հասկանում է` մի օր այս ամենն իր դեմ կշրջվի: Եթե իրական քայլեր չանի, խորհրդարանական կառավարումն էլ արդյունք չի տալու, եւ ոչ ոք ոչ ոքի չի կարող փրկել: Ես թագավորին դեմ չեմ, ես էս երեւույթներին եմ դեմ: Գաղջ մթնոլորտը պիտի լիցքաթափել: Կարծում եմ՝ եթե այս հնարավորությունը Սերժ Սարգսյանն օգտագործի, կկարողանա: Եթե չօգտագործի, իշխանությանը ոչ ոք չի փրկի: Անգամ Դաշնակցությունը:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
22.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930