Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ասում է՝ տնտեսական աճ կա, իսկ բյուջեն սեկվեստրի շեմին է

Սեպտեմբեր 23,2015 15:30

«Առավոտն» արդեն գրել է, որ ՀՀ պետական բյուջեն սեկվեստրի շեմին է, թեեւ կառավարությունում արդեն քննարկում են այդ հարցը, բայց դժվար թե նրանք պաշտոնապես հայտարարեն այդ մասին:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ ահազանգում է՝ ներկայումս ՀՀ բյուջեում խնդիրներ կան:

Ըստ Խաչատրյանի՝ 7 ամսվա վիճակագրական, այսինքն՝ պաշտոնական տվյալներով՝ 635 միլիարդ դրամի հասնող բյուջեի եկամուտներն են, 734 միլիարդի հասնող բյուջեի ծախսերն են. «Այսինքն՝ 98-99 միլիարդ դրամի բյուջեի պակասուրդ ունենք, նախորդ ամիս 45 միլիարդ էր, մի ամսում ավելացել է: Սա նշանակում է, որ բյուջեի եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրներ կան, եկամուտների հավաքագրումը չնչին է եղել: Մի շարք հարկատեսակների գծով՝ շրջանառության, շահութահարկի եւ այլ հարկատեսակների, որոնք կապված են տնտեսական ակտիվության գործոնի հետ, 3-4%-ով կրճատումներ են արձանագրվել: Տարեսկզբին բյուջետային ուղերձով եւ «ՀՀ բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի չափը կազմում է մոտ 114 միլիարդ դրամ, այսինքն՝ մոտ 14 միլիարդ դրամ է մնացել, որ մեր դեֆիցիտը հատի այն սահմանագիծը, որը սահմանված է եղել օրենքով: 7 ամսվա ընթացքում ունենք նման պատկեր, ուրեմն 5 ամսում 14 միլիարդ դրամով պետք է բյուջեի դեֆիցիտն ավելանա: Բայց ինչպես ցույց է տալիս մեր տնտեսական զարգացումների ընթացքը՝ եթե այս 7 ամսում այսքան մեծ ծավալ է կազմել դեֆիցիտը, բնականաբար՝ շատ ավելի մեծ գումարներ են պետք լինելու, եւ, բնականաբար, եկամուտների աճի այսպիսի տեմպերը թույլ չեն տալու, որ բյուջեն իր ծախսերը փակի»:
Որ պետական բյուջեում լուրջ խնդիրներ կան՝ տնտեսագետն ապացուցելու համար այլ խնդիր էլ ներկայացրեց. «ՀՀ պետական պարտքն ամեն ամիս սկսել են ավելացնել 40 միլիոն դոլարով, 7 ամսվա վիճակագրությամբ՝ 280 միլիոն դոլար է: Պետական պարտքի սահմանված շեմին մնացել է 8 միլիոն դոլար: Մենք անգամ պետական բյուջեի ուղերձով դրված պետական պարտքի ցուցանիշը չենք կատարելու, սա էլ ենք այսպես ասած՝ գերակատարելու եւ շատ ավելի պարտք ենք վերցնելու, քան դրված է բյուջեի ուղերձով: Եվ եթե համապատասխան եկամուտ չեն կարողանալու հավաքագրել, դեֆիցիտն էլ ավելի մեծ է լինելու: Այս ամենն իրար գումարած՝ մնում է մի քայլ՝ սեկվեստր, կոնկրետ՝ պետական բյուջեի ծախսերի կրճատում»:

Սեկվեստրի գնալով՝ կառավարությունը կհաստատի, որ ՀՀ տնտեսությունը շատ-շատ վատ իրավիճակում է, եւ իրենց կողմից պարբերաբար հայտարարվող ոչ մի տնտեսական աճ էլ չի լինի: Ի վերջո՝ արդյոք ժամանակը չէ՞, որպեսզի կառավարությունն իսկապես կրճատի ծախսերը, բայց՝ անիմաստ, անարդյունավետ ծախսերը՝ մեր այս հարցին Վիլեն Խաչատրյանն ասաց. «Եթե հանկարծ ՀՀ պետական բյուջեն կազմողներին եւ ընդհանրապես քաղաքականությունը մշակողներին, իրականացնողներին ասեք, որ բյուջեում կան անարդյունավետ ծախսեր, իրենք բոլորն անպայման ձեզ հետ երկար կվիճեն ու կփորձեն հավաստիացնել, որ բյուջեում անարդյունավետ ծախսեր չունեն: Բայց եկեք բերենք ընտանիքի օրինակը. ընտանիքում, երբ եկամուտը պակասում է, անդամները սկսում են կրճատե՞լ ծախսերը, թե՞ նախկին ոգով են ծախսում, իհարկե՝ կրճատում են. սա էլ բացատրությունն է»: Տնտեսագետի խոսքերով՝ սովորաբար նման իրավիճակներում կառավարությունը ծախսերը, որոնք տվյալ տարում դրված են բյուջեում, հետաձգում է 4-րդ եռամսյակ. կլինի՝ կանենք, չլինի՝ չենք անի հոգեբանությամբ:

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները, Խաչատրյանի խոսքերով, առաջինն ասացին, որ մեր բյուջեն սեկվեստրի է գնալու, բայց դա ասում էին այս տարվա 6-րդ ամսվա դրությամբ, իսկ հիմա, երբ 7-րդ ամսվա ցուցանիշները կան, ու պետական եկամուտների նվազում կա, ավելի հեշտ է կանխատեսել, ու ավելի տեսանելի է սեկվեստրին մոտ լինելը:
Այ, եթե աշնան այս ամիսներին տնտեսական բուռն զարգացում չլինի, ապա, ինչպես տնտեսագետն ասաց, դա պիտի կառավարությանը ստիպի սեկվեստրի դիմել. «Իսկ սա նշանակում է ձախողված տնտեսական քաղաքականություն»:
Խաչատրյանը նկատեց, որ կառավարության անդամներն ամեն ինչ փորձում են անել սեկվեստրի չգնալու համար: Օրինակ՝ հայտարարում են՝ տնտեսական աճ ունենք, բայց այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդ աճը չի ազդում բնակչության վրա, տնտեսական աճ ունենք, որը բյուջեն էլ չի զգում:

Վիլեն Խաչատրյանը մի ուսումնասիրության տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ բնակչության 3-4%-ն է զգում տնտեսական աճը, այն էլ այդ «զգացողները» ֆինանսական մեծ եկամուտներ ունեցող խավն է. «90%-ից ավելին տնտեսական աճը չի զգում, այսինքն՝ կառավարության հայտարարած տնտեսական աճը հավասարաչափ չի բաշխվում բնակչության մեջ: Փաստորեն, 3 միլիոն բնակչությունն աշխատելու է, որ մնացած հատվածը զգա այդ աճը, եթե աճ կա, բնակչության ու բյուջեի վրա դա չի անդրադառնում, ուրեմն աճը զգացող այդ 3-4%-ը հարկեր չի մուծում, բյուջեն դրա համար էլ մուտքեր չունի»:

Արդյոք կառավարությունը հնարավորություն ունի՞ նոր ֆինանսական միջոցներ ներարկելու տնտեսություն, որպեսզի սեկվեստրի չդիմի, ասենք՝ վարկեր վերցնի, որն էլ ըստ էության պետական պարտքի բեռը կավելացնի՝ մեր այս հարցին Խաչատրյանն ասաց՝ պատահական չէր, որ գարնանն Ազգային ժողովը պետական պարտքի շեմն ավելացրեց՝ ՀՆԱ-ի 50%-ից հասցնելով 60%-ի. «Իրենց համար ապահովեցին այդ հիմքը: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ՝ 2020 թվականի դրությամբ մեր պետական պարտքը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 60.2%-ը կանցնի: Սովորաբար ԱՄՀ-ն նման հայտարարություններ է անում ու նաեւ հասկացնում, թե պատրաստ է վարկեր տալ՝ դիմացը որոշակի պահանջներ դնում, ասում է՝ պետք է այսինչ բանն անեք»: Խաչատրյանն ասաց, որ թեեւ Հայաստանը դեռ չի հասել այն կարմիր գծին, որը պետական պարտք ունենալու վերին շեմն է, բայց տնտեսական ցածր աճով կամ կառավարության ներկայացրած աճի մասին թվերով պետական պարտք հնարավոր չէ սպասարկել. «Որովհետեւ մենք նաեւ կորցնում ենք մեր աշխատանքային ռեսուրսները: 2010-2014 թվականների ընթացքում 209 հազար մարդով կրճատվել են աշխատանքային ռեսուրսները, 53 հազարով՝ միայն զբաղվածները, տղամարդիկ՝ 77 հազարով: Այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ մեր տնտեսության մեջ արդյունք ստեղծողները պակասել են: Պատկերավոր ասած՝ երբ տանդ աշխատող չի մնացել, տունդ եկամուտ չի մտնում: Այս առումով ավելի քիչ աշխատող մարդկանցից անընդհատ ավելի շատ հարկեր հավաքելը ճիշտ չէ»:

Տնտեսագետն ասաց, որ գուցե կառավարությունը գնա որոշ ծախսերի կրճատման, ասենք՝ մարկետինգային կամ դահլիճների թանկարժեք վերանորոգում չանի, պետական ապարատի համար թանկարժեք մեքենաներ չգնի, բայց, այնուամենայնիվ, դա ինքնախաբեությամբ զբաղվել է, իրական, լուրջ քայլեր են հարկավոր:
Ինչ վերաբերում է կառավարության նշած 4.1% տնտեսական աճ ապահովելուն, ապա տնտեսագետը նկատեց, որ եթե այդ աճի 2.9%-ը գյուղատնտեսությունն է ապահովում, ապա դա դեգրադացված աճ է. «Այստեղ հեշտ է թվեր նկարելը՝ գյուղապետին հարցնում են՝ որքա՞ն են եղել քո գյուղի ցանքատարածքները, ստացած բերքը, նա մի թիվ է ասում, այդ թիվ գրողներն էլ ավելի են գրում: Ո՞վ է գնալու չափի: Գյուղատնտեսության ոլորտն ամենաշահավետ միջոցն է տնտեսական աճ ցույց տալու համար»:

Ի վերջո՝ տնտեսագետն առաջարկում է ուղղակի ազատություն տալ փոքր ու միջին բիզնեսին, իսկ հարկահավաք մարմիններին ուղղակի արգելել գոնե 5 տարի օրենսդրական փոփոխությամբ հանդես գալ, թե չէ՝ պարբերաբար օրենք են փոխում: Լավ կլինի՝ թողնեն բիզնեսը ոտքի կանգնի, ամրապնդվի:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930