Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ այդպես էլ իրենց ջրաղացի շահագործումը չտեսան

Սեպտեմբեր 23,2015 14:30

Շիրակի մարզի Անիի շրջանի Հայկաձոր գյուղի բնակիչներ Միշա Ներսիսյանն ու նրա կինը՝ Ասյա Հովհաննիսյանը, իննսունականներին փորձ արեցին իրենց գյուղի մոռացված ջրաղացը կյանքի կոչել: Ջրաղացը կառուցվել է դեռեւս 1900թ. Ալեքսանդրապոլի մեծահարուստ Արշակ աղայի միջոցներով եւ աշխատել է մինչեւ 1963 թվականը: Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ սահմանամերձ տարածքում գտնվող ջրաղացի գործարկումը ձգձգվել է:

Ախուրյան գետի վրա կառուցված ջրաղացը սովետական ժամանակաշրջանում սպասարկել էր գյուղի, շրջանի, հարակից գյուղերի բնակիչներին:

Ջրաղացի գործարկումը նպատակ էր հետապնդում հոսանքի հարցը կարգավորելու, բացի այդ, այն էժան էր, իսկ դրանից ստացված օգուտները Միշա Ներսիսյանն ասում է, որ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգման համար էր նախատեսվում:
1992թ. հուլիսի 24-ին գյուղխորհրդի որոշումը՝ ջրաղացը՝ հարակից տարածքով, Ներսիսյանների ընտանիքին հանձնելու մասին, ընդունվեց դրական:

Untitled-2

1992 թվականի ջրաղացի ճակատագրի հետ կապված մարզի դատախազին ընտանիքը դիմում է այս տարվա օգոստոսի 7-ին. «Հայկաձոր գյուղի համայնքի ղեկավար Պավել Գեւորգյանի կողմից ջրաղացն առանց թույլտվության քանդելու վերաբերյալ» հաղորդումով: Դատախազին տեղեկացվում է, որ «համայնքի ղեկավարն ու նրա հետ եղածները կամայականորեն մտել են սահմանի այդ տարածք, մեքենաներով քանդել են ջրաղացի մեխանիզմները, ջարդել են ջրաղացի քարերը, հնարավորություն չտալով իրականացնել անհատ ձեռնարկատիրոջ իրավունքներն ու պարտականությունները»:
Դատախազն այս տարվա օգոստոսին որոշում է կայացնում «նոր երեւան եկած հանգամանքների հիմքով» վարույթ հարուցելը մերժելու մասին:

Դատախազը մերժում է ընթացք տալ ընտանիքի բարձրացրած հարցին, պատճառաբանելով, թե այն քաղաքացիաիրավական հարաբերությունների բնույթ ունի:
Ներսիսյանն ու կինը դիմում են մարզի դատարան, հայտնելով, որ իրենք գյուղխորհրդի որոշումից հետո հիմնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» անհատական ձեռնարկությունը, համաձայն Անիի շրջխորհրդի գործկոմի 1993թ. հուլիսի 6-ի թիվ 9 արձանագրության:
Ջրաղացը վերագործարկելու համար այս ընտանիքը ստացել էր նաեւ «Հայջրշին» ընկերության համաձայնությունը:

Untitled-3

Դատարանում ջրաղացի իրական տերեր իրենց համարող ընտանիքը հավելյալ տեղեկություններ է հայտնում այն մասին, որ դիմել են համայնքապետի դեմ քրեական գործ հարուցելու համար:

Չի հարուցվել, քանի որ համայնքապետը բացատրություն էր տվել ոստիկանությունում, որ «ՀՀ պետական սահմանի ներսում գտնվող ջրաղացը դադարել է գործել 1961 թվականից, այդ ժամանակ ինքը եղել է 10 տարեկան, գյուղապետ չէր, եւ հետեւաբար, ոչ մի կապ չունի ջրաղացի ապամոնտաժման կամ քանդման հետ»:

Ոստիկանությունը, ըստ դատարան ներկայացված փաստաթղթերի, մերժել էր գործ հարուցել, քանի որ «այլ անձանց կողմից ջրաղացի քանդման փաստը վկայող տեղեկություններ հավաքելու եւ ականտես լինելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել»: Ո՞րն էր, ըստ հայցվորի, նոր երեւան եկած հանգամանքը:

Պարզվեց, որ ՀՀ մշակույթի նախարարի 16.11.2009թ. գրությամբ «Հայկաձոր գյուղի ջրաղացը պատմամշակութային արժեք չէ», իսկ 2015թ. մարտի 19-ի նույն նախարարության գրությամբ. «Ջրաղաց» հուշարձանը ներառված է ՀՀ կառավարության 2007թ. մարտի 15-ի թիվ 385-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական սեփականություն հանդիսացող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում»:

Ի դեպ, տարիներ առաջ վիճելի ջրաղացի հարցով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանն էր դիմել ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցությունը՝ Վահան Հովհաննիսյանի ստորագրությամբ: Նախկին պետը՝ Ֆ. Ցոլակյանը, հայտնել էր 2014թ. հունիսի 30-ի գրությամբ. «Անցած 54 տարիների ընթացքում ջրաղացը քայքայվել եւ քանդվել է: Ներկայումս տեղում կանգուն են մնացել միայն ջրաղացի շենքի երկու կիսաքանդ պատերը, սարքավորումների որոշակի մնացորդներ, եւ այժմ այն շահագործել հնարավոր չէ»:

Միշա Ներսիսյանն «Առավոտին» ասում է, որ ներկայիս մարզպետին՝ նախկին վերահսկողության պետին մոլորեցրել են, որովհետեւ պատ չկա, իսկ սարքավորումներից մնացել է տեղում միայն լուսանկարում պատկերվածը:
Միեւնույն ժամանակ պարոն Ցոլակյանն ասել էր, թե «պատրաստակամ են ըստ ամենայնի աջակցել բոլոր այն «ներդրողներին», ովքեր կնախաձեռնեն մոտ մեկդարյա պատմություն ունեցող ջրաղացի վերականգնումն ու շահագործումը»: Բայց չէ՞ որ ջրաղացի վերականգնման համար Ներսիսյան ընտանիքը քայլեր էր ձեռնարկել, նախագծեր կազմել, գումարներ ծախսել:

Դատարան ներկայացված ապացույցների մեջ ուշադրություն գրավեց Պարույր Հայրկյանին՝ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախկին նախագահին հասցեագրված քաղաքացիների ահազանգն ու դրա պատասխանը: Դեռ 1999թ. հունվարի 22-ի պաշտոնական պատասխանով ասվում է Ներսիսյան ընտանիքին, թե. «Տեղում կատարված ստուգումներից պարզվել է, որ Հայկաձորի պոմպակայանը տեղում առկա է, թալանի չի ենթարկվել»: Բա ինչ եղավ հիմա, ինչու են տարբեր պատասխաններ տալիս պատկան մարմինները:

Իսկ գյուղնախարարությունն էլ զեկուցել էր նախկին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, թե՝ «նախարարությունը միջոցներ է ձեռնարկում օբյեկտի պահպանությունն ուժեղացնելու համար»:

Միշա Ներսիսյանը մինչ օրս պահանջում է կնոջ անունով գրանցված ջրաղացը, որն ըստ էության չկա, եւ դիմել է օրեր առաջ մարդու իրավունքների պաշտպանին:
Պաշտպանին դիմումատու ընտանիքը հայտնել է, որ քրեական գործ չի հարուցվում, դատախազուության կողմից իրավաչափ չեն գործողությունները եւ խնդրել են պարզաբանում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930