Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստում ծայրահեղությունների մեջ ընկնելը սխալ է»

Սեպտեմբեր 23,2015 14:00

Հավաստիացնում է քանդակագործ, բեմանկարիչ Դավիթ Մինասյանը

Խաղացանկային թատրոններում հաճախ բեմադրությունները կարճատեւ կյանք են ունենում եւ «լքում» խաղացանկը: Միշտ չէ, որ դրա մեղավորը միայն թույլ ռեժիսուրան է: Օրինակ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2002թ. Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով Բիզեի «Կարմեն» օպերան խաղացվեց շուրջ 2 տարի: Ժամանակին, երբ ռեժիսորից հետաքրքրվեցինք՝ ինչու է խաղացանկից դուրս մնացել իր «Կարմենը», ստացանք հետեւյալ պատասխանը. «Պատճառը անիվների վրա հավաքված դեկորներն էին, դրանք հարմար չէին օպերային թատրոնի բեմին»: «Առավոտն» էլ պրեմիերայից հետո փաստել էր, որ բեմադրությունը պարզապես դեկորախեղդ է արված (նկարչական ձեւավորումը՝ Ռաֆայել Խաչատրյանի):
Սեպտեմբերի 24, 25-ին նշանակված է «Կարմենի» պրեմիերան՝ դարձյալ Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով: Այս անգամ հրավիրված է Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ, բեմանկարիչ Դավիթ Մինասյանը: Արվեստագետը տարբեր թատրոններում իրականացրել է շուրջ 25 բեմանկարչական աշխատանք, 2007թ. եւ 2011թ. ճանաչվել որպես տարվա լավագույն բեմանկարիչ՝ արժանանալով Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին: Ի դեպ, Դավիթ Մինասյանը եզակի քանդակագործներից է, որի գործերը տեղադրվելուց հետո չեն քարկոծվում: Հայտնի է նրա «Տղամարդիկ» արձանախումբը, Ծաղկաձորում տեղադրված Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը, «Իտալական կադրեր», «Աղջիկն ու շունը», «Արագություն», «Կին ջութակ», «Աշխարհի մարդը» եւ այլ գործեր: Օպերային բեմում «Կարմենը» Դավիթ Մինասյանի առաջին աշխատանքն է:

Արվեստագետի հետ հանդիպման ժամանակ մեր դիտարկմանը, թե բեմանկարիչները սիրում են բեմը դեկորախեղդ անել, Դավիթ Մինասյանը հրաժարվեց արձագանքել: Ասաց միայն, թե զուտ ստեղծագործական մթնոլորտում է աշխատել ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ: «Հետաքրքիր է Մելիքսեթյանի մտահղացումը: Նա 19-րդ դարի «Կարմենը» «տեղափոխել» ու ներկայացնում է 100 տարի անց՝ 20-րդ դարում: Ռեժիսորական աշխատանքում, ըստ իս՝ էլ ավելի է ընդգծվում ազատության գաղափարը,- նշեց մեր զրուցակիցը, հետո էլ կատակեց,- շատ մի մտածեք, բեմը դեկորախեղդ չի արված»:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ կբացատրի այն իրողությունը, որ վերջին ժամանակներում արեւմտյան թատրոնները, կարելի է ասել՝ խուսափում են դեկորներից, դրանց փոխարեն պահանջվող միջավայրը ստեղծում են հիմնականում լույսերի, էկրանների միջոցով կամ կարճ ասած՝ հանդիպում ենք հրաշալի ներկայացումների, որտեղ ընդհանրապես բացակայում են դեկորները: «Սխալ կարծիք է ձեւավորված, թե քիչ դեկորների առկայությունը հնարավորություն է տալիս այս կամ այն ներկայացումը, այսպես ասած՝ հեշտ տանել հյուրախաղերի: Կրկնում եմ՝ ճիշտ մտածելակերպ չէ, քանի որ անընդունելի է, երբ ճաշակի մասին սկսում են մտածել բյուջեից ելնելով: Եղել են ժամանակներ, որ, օրինակ, հենց մեր թատրոնի «Աիդան» կամ այլ թատրոնների հսկայական դեկորներով ներկայացումները «գնացել» են հյուրախաղերի…»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ մեզ մոտ տեղադրված քանդակներին:

Արվեստագետին փոխանցեցինք այն միտքը, թե ոչ միայն քաղաքացիները, այլեւ իր գործընկերները քանիցս հայտարարել են, որ կոնկրետ Երեւանը դարձել է գերեզմանատուն՝ հուշարձանների ու կիսանդրիների պատճառով: «Արվեստի յուրաքանչյուր տեսակ, ժանր, ուղղվածություն իրավունք ունի, անկախ ժամանակահատվածից, ապրելու: Միշտ էլ եղել են ճաշակով եւ անճաշակ գործեր: Խնդիրը ես տեսնում եմ պատվիրատուի եւ գեղարվեստական խորհրդի փոխհարաբերություններում: Ոճային, կոմպոզիցիոն, մասշտաբային, նույնիսկ բեմադրական աստիճանի հասնող քանդակների մտահղացումները պետք է թողնել հեղինակին եւ իհարկե՝ մասնագիտական հանձնախմբին: Պատվիրատուն այս դեպքում պետք է լինի միայն բարերար կամ մտահղացման հեղինակ եւ ոչ ավելին: Քաղաքային եւ մոնումենտալ քանդակագործությունը կինոյին ու թատրոնին հավասար դաստիարակչական խնդիրներ է լուծում»,- հայտնեց Դավիթ Մինասյանը: «Կրկնում եմ, ամեն ինչ պետք է լինի: Այլ հարց է, թե կարիք կա՞, արդյոք, մեր օրերում նոր խաչքար կամ նոր եկեղեցի հայտնագործելը, չէ՞ որ մենք, այսպես թե այնպես, հարուստ ենք դրանցով: Միջնադարում մարդիկ խաչքարեր էին տաշում, ինչո՞ւ, օրինակ, վիշապաքարեր չէին պատրաստում… Նրանք հասկանում էին, որ դա անցած էտապ է: Արվեստի յուրաքանչյուր ոլորտում ծայրահեղությունների մեջ ընկնելը սխալ է, ինչը հաճախ մեր իրականությունում կատարվում է»,- հավաստիացնում է արվեստագետը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930