Առք ու վաճառքի եւ այլ հայտարարություններ հրապարակող կայքերից մեկում Ֆեյսբուքի մի օգտատեր իր էջի վաճառքի վերաբերյալ հայտարարություն է հրապարակել: Ոմն Արսեն գրել է. «Վաճառվում է Facebook-ի պրոֆիլ-էջ, 5000 friend, բոլորը՝ հայ»: Նա իր էջը գնահատել է 25000 դրամ:
«Առավոտը» մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ օրինակա՞ն է ֆեյսբուքյան էջ վաճառելը, ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ: «Ապօրինիի հարց չկա, մարդ է, իր պրոֆիլը վաճառում է: Ուղղակի, դա անիմաստ գործողություն է, չնայած պրոֆիլների վաճառքի մեծ շուկա կա, վաճառում են մարկետինգային նկատառումներից ելնելով ու բավականին մեծ շուկա է՝ մրցույթների, գովազդների համար: Եվ շատերը, բնականաբար, ցանկանում են, որ իրենց like-երի թիվն ավելանա: Մյուս կողմից էլ՝ այդ գնով պրոֆիլ վաճառելը թանկ է: Այդ մարդը, ով որ գնի Ֆեյսբուքի այդ պրոֆիլը, կարող է շատ լուրջ խնդրի առաջ կանգնել, որովհետեւ Ֆեյսբուքը պահանջում է միայն սեփական անունով գրանցվել եւ մի օր կարող է «բռնացնել», որ մի բան այն չէ, ու պահանջել անձնագիր կամ արգելափակել էջը: Մի խոսքով՝ անիմաստ բան է»,-ասաց մեդիափորձագետը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.09..2015