Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղինակ Գալուստյան. «Ազգային կոխը ուզում ենք միջազգային ասպարեզ հանել»

Սեպտեմբեր 23,2015 13:00

Անկախության 24-ամյակի կապակցությամբ երեկ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում անցկացված մարզական ցուցադրական մրցելույթների ծրագրով առաջին անգամ հանրությանը պատշաճ կերպով ներկայացվեց նաեւ մեր ազգային կոխ ըմբշամարտը:

«Առավոտը» զրուցեց Հայաստանի ազգային կոխ ըմբշամարտի ֆեդերացիա ՀԿ նախագահ, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանի հետ, որն այս տարվա ապրիլ ամսից է գլխավորում ֆեդերացիան:

– Պարոն Գալուստյան, ազգային կոխի ֆեդերացիան գոյություն ունի 2001 թվականից, սակայն, կարծես, այս տարվանի՞ց է սկսել արդյունավետ գործել:

– Ֆեդերացիան, իրոք, հիմնադրվել է 2001 թվականին եւ անցած տարիներին որոշակի աշխատանք կատարել է: Վերջին մեկ-երկու տարում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ավելի մեծ նշանակություն է տալիս մեր ազգային մարզաձեւերի զարգացմանն ու տարածմանը: Եվ երբ նախկին նախագահը հրաժարական տվեց, ինձ ընտրեցին:

– Որո՞նք են առաջնային խնդիրները, որոնք դուք դրել եք ֆեդերացիայի առջեւ:

– Դրանք շատ են ու բազմաբովանդակ: Բայց ամենակարեւորը կազմակերպական հարցերն են, որոնք մենք գցում ենք հունի մեջ: Առաջնային ծրագրերից մեկը կոխ ազգային մարզաձեւը, որը նաեւ մեր պատմությունն է ու մշակութային արժեքներից մեկը, նախ մեր երկրում պատշաճ մակարդակով տարածելն է, որով զբաղվում ենք արդեն մի քանի ամիս: Այսօրվա ցուցադրական ելույթներում առաջին անգամ ազգային կոխ ըմբշամարտն ընդգրկելը մեր այդ ծրագրի կարեւոր բաղկացուցիչ մասերից մեկն եմ համարում: Տեսնում եք, թե մարդիկ՝ երեւանցիները եւ մայրաքաղաքի արտասահմանցի հյուրերը, ինչպիսի հետաքրքրությամբ են հետեւում, լուսանկարում ու տեսագրում «Սասուն» համույթի ազգային երաժշտության ուղեկցությամբ ազգային տարազներով գոտեմարտող մեր մարզիկների ելույթները:

Vaginak_Galustyan
– Կոխ ըմբշամարտն ավելի շատ մարզերո՞ւմ է տարածված, թե՞ Երեւանում ու հանրապետության քաղաքներում:

– Մարզերում: Ու դա ինչ-որ տեղ բնական է եւ հասկանալի: Դա մեզ նաեւ ուրախացնում է: Ցանկանում ենք, որպեսզի մարզաձեւն ընդունելություն գտնի նաեւ քաղաքներում:

– Ովքե՞ր են մարզիկները: Անկեղծ ասենք: Մենք «այդ մասնագիտությամբ» մարզիչներ եւ մարզիկներ գրեթե չենք ունեցել:

– Այո, քիչ են եղել: Բայց կոխի տեսարանների ու կանոնների մասին պատմական բազմաթիվ աղբյուրներ կան, որոնք ուսումնասիրում ենք: Իսկ ինչ վերաբերում է մասնագետներին, այդ տեղերը հիմնականում լրացնում են ըմբիշները, ձյուդոյիստները եւ սամբիստները: Արդեն քիչ չեն նաեւ նրանք, ովքեր մարզվել սկսել են հենց կոխ մարզաձեւում:

– Ապագայի ի՞նչ ծրագրեր կան:

– Ազգային կոխը հնարավորին չափ շատ ճանաչելի դարձնել աշխարհին եւ դուրս բերել միջազգային ասպարեզ: Օրինակ, նպատակ ունենք արդեն եկող տարի կազմակերպել ազգային կոխի միջազգային մրցումներ, որոնց հրավիրված կլինեն ու իրենց կարողությունները կփորձարկեն նաեւ միջազգային ճանաչում ունեցող մարզիկներ: Հույս ունենք, որ ամեն բան կստացվի եւ կկարողանանք մեր նպատակները կյանքի կոչել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930