Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համայնքը դարձել է շնանոց

Սեպտեմբեր 23,2015 12:30

Համայնքի ղեկավարը SOS է հնչեցնում

Արդեն աղմկում է ոչ միայն Նոր Արտամետը (Կոտայքի մարզ). շրջակա բոլոր բնակավայրերը՝ Նոր Հաճըն, Մրգաշեն, Քանաքեռավան, Եղվարդ համայնքները նույնպես շնանոցների են վերածվել՝ բառի բուն իմաստով…Երեւույթ, որն ուղղակիորեն կապ ունի Նոր Արտամետի հետ: Չէ՞ որ հենց գյուղի «սրտի մեջ է» թափառող շների վնասազերծման «Յունի Գրաֆ-X» ՍՊԸ-ն: Արդեն տասը տարուց ավելի է, ինչ ընկերությունը վարձակալել է գիտական էկոլոգիայի կենտրոնի (նախկինում՝ կենսաբանական բազա) մասնաշենքերից մեկը: Տասնամյակներ առաջ, երբ հիմնվում էր կենսաբանական բազան, տարածքն ամայի էր եւ անմարդաբնակ: Սկսած անցյալ դարի իննսունականներից՝ Հայաստանում նորվեգական խորհրդի գրասենյակը փախստականների համար կառուցեց նոր թաղամաս: Գիտափորձարարական կենտրոնը, կամա թե ակամա, «սեղմվեց» առանձնատների մեջ: Այնպես որ, «Յունի Գրաֆ-X»-ի այստեղ հայտնվելու պահին տարածքն արդեն բնակեցված էր:

Երեւանից բերված թափառող շներին, «Յունի Գրաֆ-X»-ի աշխատակիցների հավաստմամբ, վեց-յոթ օրվա ընթացքում վնասազերծում են, կրկին հետ տանում եւ բաց թողնում փողոցներում՝ իբրեւ առնետներին ոչնչացնող սանիտարների… Շնահոտից եւ շնահաչոցից հարեւան բնակավայրերից «հյուր են գալիս» բազմաթիվ ուրիշ շներ: Կատաղած շները դուրս են ցատկում ոչ այնքան հուսալի ցանկապատերից, բզկտում միմյանց, հարձակվում անցորդների վրա…Իսկ երբ փոքր-ինչ «մտերմանում» են, մինչեւ լուսաբաց խմբակային շնահաչ-ոռնոցը տարածվում է շուրջբոլորը. խախտվում է գիշերային անդորրը… Բազմանում են, ցրվում բնակավայրերով: Մարդիկ շատ հաճախ մահակներով զինված են դուրս գալիս փողոց: Իսկ ահա գիտական էկոլոգիայի կենտրոնին դա ամենաքիչն է մտահոգում. բիզնես-գործունեության նոր ոլորտը բոլորովին չի համապատասխանում կենտրոնի անվանմանը՝ էկոլոգիական….

Նոր Արտամետի համայնքի ղեկավար Յուրի Հովհաննիսյանի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ գյուղապետը բազմաթիվ դիմում-բողոքների հիման վրա տարիներ շարունակ դիմել է «վերեւներին», համապատասխան կազմակերպություններին, որպեսզի գյուղը փրկեն շնանոցից: Մեկ հարցում միայն հասել են իրենց նպատակին. չորս մետր լայնություն եւ ինը մետր խորություն ունեցող հորերից, որտեղ գցում են «քնեցրած» կատաղի շներին, աննկարագրելի գարշահոտություն էր տարածվում: Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ Պետքար կոչված այդ հողերն արդեն բնակավայրից դուրս են հանվել: Բայց դրանով հանդերձ՝ հարցը չի լուծվել: Այսօր էլ Եղվարդում բազմաթիվ մարդիկ՝ հատկապես դպրոցականները, շարունակում են տուժել կատաղած շներից:

«Յունի Գրաֆ-X»- ի անասնաբույժ Սարիբեկ Իգիթյանը մեր զրույցում ասաց, որ Պետքար հողերի կարիքը այլեւս չի զգացվում, քանի որ կատաղած շներին էլ չեն քնեցնում, այլ՝ վնասազերծում եւ բաց են թողնում: Սակայն երբ հարցրեցինք, թե որտե՞ղ են բաց թողնում, ինչո՞ւ են շրջակայքում օրեցօր ավելանում թափառող շները, նա անմիջապես վրդովվեց՝ ասելով. «Դուք հարցերն արդեն այլ ուղղությամբ եք տանում: Ես ընդամենն անասնաբույժ եմ եւ չեմ կարող պատասխանել ձեր հարցերին…»: Հետաքրքիր է, եթե ոչ անասնաբույժը, ապա էլ ո՞վ է ավելի լավ իրազեկված շներին վնասազերծելու, քնեցնելու, տեղափոխելու, բաց թողնելու եւ այլ գործողություններից… Նոր Արտամետի գյուղապետ Յուրի Հովհաննիսյանին փոխանցեցինք Սարիբեկ Իգիթյանի պնդումն այն մասին, որ այլեւս չեն օգտագործվում Պետքար հողերը: «Ճիշտ էլ խոստովանել է… Եթե չեն քնեցնում շներին եւ լցնում Պետքար հողերը, ապա ինչպե՞ս են վարվում նրանց հետ: Ուրեմն, բաց են թողնում ուր պատահի: Հո բոլորին չե՞ն տանում մայրաքաղաք: Կոնկրետ մեր համայնքում համոզված են, որ այդ շների մեծ մասը թափառում է Նոր Արտամետում եւ շրջակա բնակավայրերում: Բազմիցս խնդրել ենք, որ «տեր կանգնեն» Նոր Արտամետի շներին՝ հրաժարվել են՝ գյուղը դարձնելով շնանոց: Կշարունակենք դիմել ուր որ պետք է եւ ինչպես հարկն է»,-նեղսրտեց գյուղապետը:

ԱԳՆԵՍԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930